HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծվիկ Մինասյանը՝ Ամուլսարի հանքի մասին. «Ես խնդրում եմ՝ ինձ մի դրդեք անօրեն քայլերի, ես չեմ անելու դա»

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր ամփոփեց 2016թ.-ը և անդրադարձավ նաև Ամուլսարի հանքավայրի շահագործմանը:  Արծվիկ Մինասյանը հորդորեց ամեն ինչ տեղափոխել իրավական հարթություն, քանի որ միայն այդ դեպքում կարելի է ունենալ Սահմանադրությամբ ամրագրված իրավական պետություն:

«Այն բոլոր գործընթացները, որ իրականացվել են մեր երկրում և այս պահի դրությամբ այն փորձաքննությունը, որ իրականացվել է, տրվել է դրական եզրակացություն:  Բազմիցս եմ ասել, որ ես, որպես Սահմանադրությունն ընդունող, հարգող և սահմանադրությամբ շարժվող մարդ, շարժվելու եմ բացառապես օրենքի շրջանակներում: Եթե կա այլ մոտեցում, իրավական հիմնավորում՝ եզրակացությունը վերանայելու, մենք պատրաստ ենք քննարկել, բայց մյուս կողմից չի կարելի է անընդհատ խոսել մի թեմայի մասին առանց իրավական հիմքերին համապատասխան վերանայված փաթեթի, որովհետև սրա արդյունքում մենք վնասում ենք նաև այն նախաձեռնությունները, որոնք կապված են բանպահպանական ծրագրերի հետ»,- ասաց նախարարը:

Այդուհանդերձ, նախարար Մինասյանը նշեց, որ փորձաքննության այն համակարգը, որն այսօր գործում է Հայաստանում, ոչ բավարար է: Այն պետք է ուժեղացնել և հասցնել այն մակարդակի, որ հասարակության շրջանում որևէ տարակուսանք չառաջանա:

«Այսօր մենք ունենք թույլ փորձաքննության համակարգ, բայց ունենք այն, ինչ ունենք: Եթե մենք ունենայինք այնպիսի փորձաքննական համակարգ, որն ապահովեր լիարժեք ձևով բոլոր տիպի հարցերի ամբողջական պատասխանները, վստահ եմ, որ այսօր շատ հարցեր չէին հնչի»,- ասաց Ա. Մինասյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե՝ եթե փորձաքննության համակարգում բացթողումներ կան և թերություններ, արդյոք հնարավոր չէ կասեցնել Ամուլսարի նախագիծը, Արծվիկ Մինասյանը կրկին հիշեցրեց, որ դրա համար իրավական հիմք է հարկավոր:

«Ես խնդրում եմ՝ ինձ մի դրդեք անօրեն քայլերի, ես չեմ անելու դա: Ես խնդրել եմ և աջակցություն եմ ակնկալում, որ եթե կա պահանջ, խնդրանք, առաջադրանք, ես պատրաստ եմ օրենքի շրջանակներում քննարկել և ընթացք տալ: Այս պահի դրությամբ ես չունեմ այդպիսին: Երկրորդ՝ նաև իրար հետ պայմանավորվենք, երբ ես ասում եմ՝ մեր փորձաքննությունը թերի է, ես նկատի ունեմ, որ համակարգային լուծում պետք է տալ, բացարձակ կապ չունի՝ Ամուլսարն է, թե որևէ այլ ծրագիր: Մենք փորձաքննության համակարգը զարգացնելու խնդիր ունենք, որպեսզի նմանատիպ հարցերի նախ քանակը նվազի, և երկրորդ՝ համոզմունք ձևավորվի, որ այս կամ այն ծրագիրն ունի հստակ ելքային արդյունք»,- ասաց նախարարը:  

Նախարարի խոսքով, փորձաքննությունը կարող է կասեցվել կամ չեղյալ ճանաչվել, եթե ծրագրի իրկանացման ընթացքում տեղի է ունենում շեղում նախատեսված ծրագրից:

«Այս պահի դրությամբ մենք դեռ չունենք հանքի շահագործում, դուք միանգամից պահանջում եք, որպեսզի կասեցվի կամ չեղյալ ճանաչվի: Ի՞նչ իրավական հիմքով»,- հարցով պատասխանեց Արծվիկ Մինասյանը:

Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ նախարար նշանակվելիս հայտարարել է, որ առաջնորդվելու է երեք հիմնական փաստաթղթերով՝ խմբագրված Սահմանադրությամբ, ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ելույթով և երկու քաղաքական ուժերի միջև ստորագրված հուշագրով՝ տեսնել Հայաստանն ավելի բարեկեցիկ շրջակա միջավայրի տեսակետից, ավելի բարելավված և զարգացում երաշխավորող համակարգերով:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ կարևոր խնդիրներից մեկը բնապահպանական ամբողջական ապահովագրական համակարգ ներդնելն է: «Լիդիան-Արմենիան» դա իր նախաձեռնությամբ է իրականացնելու, իրենց հարգող կազմակերպություններն այդ առաջարկն անում են:

«Մենք ունենք այս լավ օրինակը, դեռևս կամավորականության սկզբունքով: Սակայն եթե խոսվում է էկոլոգիական քաղաքականության մասին, հիմքեր են ստեղծվում, որ հետագայում անցում կատարվի պարտադիր ապահովագրության»,- ասաց Ա. Մինասյանը:

Ըստ նախարարի՝ մրցակցային տեսակետից կարելի է դիտարկել լավագույն լուծում առաջարկող կազմակերպության մոտեցում: Այժմ դա դիտարկվում է կամավորության հենքի վրա, հետագայում քննարկվելու է պարտադիր դառնալու գաղափարը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter