HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվողներից ևս մեկը կմնա անազատության մեջ

Ամալյա Մարգարյան

Այս տարվա հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած ակցիաներին մասնակցած Տիգրան Ավագյանի նկատմամբ դատարանը որոշեց կիրառել 3,6 տարվա ազատազրկում՝անփոփոխ թողնելով խափանման միջոցը։

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած այսօրվա դատական նիստում ամբաստանյալի պաշտպան Արայիկ Պապիկյանը ներկայացրեց մեղադրյալի մասին դրական բնութագրեր, որոնցից մեկում նշվում էր, որ Տիգրան Ավագյանը ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին կամավոր սկզբունքով եղել է Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջաններում։

Նախորդ նիստի ընթացքում պաշտպանական կողմն ընդունելով մեղքը, արագացված դատական նիստ անցկացնելու միջնորդություն էր ներկայացրել, ուստի դատախազը հանդես եկավ համապատասխան եզրակացությամբ և որպես անձը բնութագրող հատկանիշ նշեց, որ գործում առկա են ծանրացնող հանգամանքներ։

«Նա ունի ռեցիդիվի առկայություն, այսինքն ունի չմարված դատվածություն, իսկ պատժի նպատակը անձի ուղղվելն է, ինչպես նաև այլ հանցագործություններ կանխելը։ Տվյալ պարագայում գտնում եմ, որ նա պատիժը լրիվ կրելով, չի ուղղվել, որի մասին է վկայում մի քանի ամիս անց նորից հանցանք կատարելը»,- մեկնաբանեց դատախազ Հայկ Պետրոսյանը, պահանջելով 3,8 տարվա ազատազրկում։

Դատախազի ելույթից հետո պաշտպան Արայիկ Պապիկյանը հանդես եկավ պաշտպանական ճառով՝ նշելով, որ մեղադրողի կողմից նշանակված պատիժը չափազանց խիստ է․ «Կարծում եմ, որ նախկին դատվածությունը դիտարկել որպես անձի բնութագրող տվյալ, ճիշտ չէ։ Ավելի բնութագրող է անձին, որ նա պատիժը կրելուց մի քանի ամիս անց գնացել է պաշտպանելու հայրենիքի սահմանները»։

Փաստաբանը նշեց նաև, որ իր պաշտպանյալը որևէ մտադրություն չի ունեցել հակաօրինական գործունեություն կատարելու․ «Ինքն ընդամենն այդ գործողությունը՝ շիշը օդ նետելը, կատարել է իր ընկերոջը վնասված տեսնելուց հետո, նրան է փորձել օգնել»։

Արայիկ Պապիկյանը դատարանին խնդրեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել առավելագույնս մեղմ պատիժ և այն պայմանականորեն չկիրառելու մասին վճիռ՝ հաշվի առնելով գործի օբյեկտիվ փաստերը, հաշվի առնելով, որ Տիգրան Ավագյանը որևէ խոչընդոտ չի ստեղծել նախաքննության ընթացքում, տվել է ցուցմունք, բացատրություններ:

Դատախազը օգտվելով ռեպլիկի իրավունքից նշեց նաև, որ ամբաստանյալը շիշը ոչ թե օդ է շպրտել, այլ՝ ոստիկանների ուղղությամբ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Տիգրան Ավագյանը մեղադրվում էր 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զնգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Մեղադրանք է առաջադրվել ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի։ Տուժող են հանդիսանում 46 ոստիկաններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter