HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վանաձոր-քիմպրոմի» նախկին աշխատակիցները կրկին ցույցի են դուրս եկել

Գայանե Սարգսյան

«Վանաձոր-քիմպրոմի» նախկին աշխատակիցներն այսօր կրկին հավաքվել էին Լոռու մարզպետարանի բակում: Վերջին մեկ ամսվա ընթացքում սա քիմպրոմցիների թվով երրորդ բողոքի ցույցն էր: Պահանջը նույնն էր. ստանալ կուտակված մի քանի ամիսների աշխատավարձն ու վերջնահաշվարկի գումարը:

«Մի տարի ա տուն են ղրկել, մարդկանց աշխատավարձը չորս ամսվա չեն տվել: Մարդիկ ահագին փող ունեն ստանալու: Պիտի տա՞, թե՞՝ չէ: Դատարան ենք տվել, դատարանի որոշումը կա ձեռներիս, որ պարտավորված են էդ փողերը տան, բայց ոչ մեկն էլ ա չի թնդում տեղից»,- դժգոհում է գործարանի նախկին աշխատակից Սուսաննա Սիմոնյանը:

Վերջինս հիշում է՝ նախորդ ցույցի ժամանակ ասվել էր, որ մինչև դեկտեմբերի 25-ը կստանան գոնե երկու ամիսների աշխատավարձը: Այսօր, սակայն, աշխատակիցները հայտարարում են՝ կրկին խաբել են, աշխատավարձ չի տրվել:

«25-ն էլ անցկացավ, ցավդ տանեմ, էսօր 27-ն ա, դեռ փող չկա: Մենք էլ երեխատեր ենք, էդ փողին սպասում ենք, որ Նոր տարի անենք: Երեք հատ անչափահաս թոռնիկ ունեմ, հեր չունեն, բայց նրանք ինչո՞վ են Նոր տարի անելու: Սա պետություն չի, վարչապետը կարա Նոր տարի անի, Սերժը կարա Նոր տարի անի, սաղ Նոր տարի են անում, մենք իրավունք չունե՞ն»,- վրոդվվում է նախկին աշխատակցուհին:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին տեսնել ու աշխատավարձերի վճարման հետ կապված որևէ նորություն ստանալ՝ այսօր քիմպրոմցիներին չհաջողվեց: Նրանց լսեց փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, խոստանալով խնդիրը փոխանցել մարզպետին:

Մարզպետ Արթուր Նալբանդյանը «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատավարձի պարտքին անդրադարձել էր երեկ՝ տարեվերջյան ամփոփիչ մամլո ասուլիսի ընթացքում:

-Ցավոք սրտի, մինչ օրս չկարողացանք այդ խնդիրը ամբողջությամբ լուծել: Քիմպրոմի աշխատակիցների մեծ մասն արդեն աշխատանքից ազատվել է և վերջնահաշվարկի խնդիրն է մնացել, որը պետք է Քիմպրոմը լուծի: Ընդհանուր առմամբ 160 մլն դրամի պարտք է գոյացել: Ես խոսել եմ լուծարայինի տնօրենի հետ: Իրենք սպասում են, թե երբ պետք է նոր աճուրդներ կայանան, որպեսզի Քիմպրոմը ֆինանսական հնարավորություն ունենա և աշխատավարձի գոնե մի մասը մարի: Բանն այն է, որ լուծարային հանձնաժողովի առջև խնդիր դրված «ա», «բ», «գ» կետերով: Աշխատավարձը գտնվում է «գ» կետի մեջ, և մինչև «ա», «բ» կետերը չկատարեն, աշխատավարձ տալու մասին խոսելն անիմաստ է,-նշել էր մարզպետը:

Վերջինիս խոսքով՝ գործարանը մի քանի օր առաջ ընդհանուր առմամբ 16 մլն դրամի չափով աշխատավարձ է տվել միայն ներկայումս աշխատող աշխատակիցներին:

Նախկին աշխատակիցներից կազված խումբը վաղը կրկին կլինի Լոռու մարզպետի մոտ: Նախորդ ցույցի ժամանակ քիմպրոմցիները ՀՀ վարչապետին ուղղված գրավոր նամակը փոխանցել էին մարզպետին, խնդրելով այն առաջին իսկ առիթի դեպքում տրամադրել հասցեատիրոջը:

Մարզպետը խոստացել է դա անել վարչապետի՝ առաջիկայում մարզ կատարելիք պաշտոնական այցի ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter