HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25%

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ 2016 թ. դեկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25%:

2016 թ. նոյեմբերին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.6%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը շարունակել է մեղմվել՝ կազմելով 0.6%: Այնուամենայնիվ, ԿԲ գնահատումների համաձայն մոտակա ամիսներին գնանկումային միջավայրը դեռևս կպահպանվի:

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, իսկ միջազգային ապրանքային շուկաներում շարունակել են արձանագրվել գնաճային զարգացումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ դեռևս չեն ակնկալվում: Այդուհանդերձ, առկա են որոշակի գնաճային ռիսկեր՝ կապված ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի բարձրացման ընթացքի և զարգացող երկրների վրա դրա ազդեցության հետ:

Խորհուրդն արձանագրում է, որ տնտեսական ակտիվության տեմպերը շարունակում են դանդաղել՝ հիմնականում պայմանավորված առաջարկի գործոններով, մասնավորապես՝ գյուղատնտեսության ճյուղի՝ սպասվածի համեմատ առավել խորը նվազմամբ: Աստիճանաբար շարունակվում է նաև ներքին պահանջարկի վերականգնումը՝ առավելապես ի հաշիվ 2015-2016 թթ-ի ընթացքում իրականացված խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների: Այդուհանդերձ, Դրամավարկային քաղաքականության չորրորդ եռամսյակի ծրագրով նախանշված որոշ գնանկումային ռիսկեր դառնում են ավելի առարկայական, այդ թվում՝ գնաճային սպասումների նվազումը և փետրվարին ակնկալվող էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը, որոնք առավել հավանական են դարձնում 2017 թ. համար  նախանշված գնաճի՝ կանխատեսման միջակայքի ստորին հատվածում պահպանվելը: Այս պարագայում, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում հերթական անգամ թուլացնել դրամավարկային պայմանները:

Խորհուրդը կարծում է, որ իրականացված դրամավարկային քաղաքականությունը բավարար խթաններ է ձևավորել 2017 թ. գնանկումային միջավայրը հաղթահարելու և կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման համար:

Միևնույն ժամանակ ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տոկոսադրույքները բավականին նվազել են և ավանդական դրամավարկային քաղաքականության հնարավորությունները ներկայումս սահմանափակված են, սակայն ԿԲ-ն հավատարիմ է մնում գների կայունությունն ապահովելու իր գլխավոր նպատակին և անհրաժեշտության դեպքում իր ողջ գործիքակազմով համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 7.75 % և 4.75 %:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter