HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Աշխարհի ամենաարագավազ կենդանին` վագրակատուն, անհետացման եզրին է

Փորձագետները զգուշացնում են, որ անհրաժեշտ են անհետաձգելի քայլեր` աշխարհի ամենաարագ կենդանու` վագրակատվի տեսակը անհետացումից փրկելու համար:

Գիտնականների հաշվարկով` բնության մեջ այժմ գտնվում են միայն 7100 վագրակատուներ, որոնք զբաղեցնում են իրենց երբեմնի բնակավայրի միայն 9%-ը: Նրանց հիմնական մասը բնակվում են Աֆրիկայում, իսկ Իրանում կան 50-ից էլ քիչ վագրակատուներ:

«Լոնդոնի կենդանաբանական միության» (ZSL) և «Վայրի բնության պահպանության կազմակերպության» (WCS) կատարած վերջին ուսումնասիրության համաձայն` Զիմբաբվեում վերջին 16 տարիների ընթացքում վագրակատուների թիվը նվազել է 85%-ով` 1200-ից հասնելով 170-ի:

Մասնագետները խորհուրդ են տալիս փոխել այս կենդանատեսակի կարգավիճակը «Բնության պահպանության միջազգային միության» (IUCN) Կարմիր գրքում` «խոցելի»-ից դարձնելով «անհետացող», ինչը ավելի մեծ ուշադրություն կհրավիրի տեսակի պահպանման անհրաժեշտության վրա:

Ուսումնասիրության հեղինակներից դոկտոր Սարա Դյուրանը (Sarah Durant) նշել է, որ վագրակատուներն ավելի մոտ են անհետացմանը, քան նախկինում ենթադրվում էր: Մասնագետները նշում են, որ կենդանատեսակի պահպանումը պահանջում է նոր մոտեցում, որը չի սահմանափակվի առանձին պետությունների սահմաններով:

Վագրակատուները կարող են վազել մինչև 113 կմ/ժ արագությամբ, որին նրանք կարող են հասնել 3 վայրկյանների ընթացքում: Այս կենդանիները մեծ տարածքներ են զբաղեցնում. նրանց 77%-ն ապրում է պաշտպանված տարածքներից դուրս գտնվող վայրերում: Որպես նրանց թվաքանակի անկման հիմնական պատճառներ` նշվում են որսը, բնակավայրերի կորուստը, նրանց թրաֆիքինգը և վաճառքը իբրև էկզոտիկ կենդանիներ:

Նշենք, որ վագրակատուներին որպես էկզոտիկ ընտանի կենդանիներ պահելը ընդունված է հատկապես Արաբական թերակղզու երկրներում: Սև շուկայում այս կենդանու մեկ նմուշի գինը հասնում է 10 հազար դոլարի: Դրանք արաբական երկրներ են տեղափոխվում Արևելյան Աֆրիկայից, որտեղ, համաձայն «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիան համակարգող մարմնի տեղեկության, գրանցվում են կենդանի վագրակատուների անօրինական առևտրի ամենաշատ դեպքերը: BBC-ն, հղում անելով «Վագրակատուների պահպանման ֆոնդ»-ին, գրում է, որ Աֆրիկայից վերջին 10 տարիներին ապօրինի ճանապարհով դուրս հանված 1200 վագրակատուների 85%-ը մահացել է ճանապարհին:

Հայաստանը հանդիսանում է վագրակատուների անօրինական առևտրի տարանցիկ երկիր: «Հետք»-ը ավելի վաղ գրել էր, որ 2010թ-ից ի վեր Հայաստան են ներկրվել առնվազն 12 վագրակատուներ` Արաբական Միացյալ Էմիրություններից և Բահրեյնից: Անհայտ է, սակայն, թե ուր է տեղափոխվել նրանց մեծ մասը:

լուսանկարը` Ron Austing/Science Photo Library

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter