HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյան. «Զարգացման և հաղթանակի տարի է»

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին հրավիրել է տարեվերջյան մամուլի ասուլիս, որի ժամանակ պատասխանել է լրագրողների՝ երեք տասնյակից ավելի տարաբնույթ հարցերի: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության մամլո ծառայությունը:

Վարչապետը ասել է, որ, չնայած ռազմաքաղաքական բարդ իրավիճակին, կառավարությանը հաջողվել է 2016 թվականը եզրափակել պլանավորած տնտեսական աճով: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ամբողջությամբ կատարվել են բոլոր սոցիալական ծրագրերը, և ֆինանսական տարին գործադիրն ավարտում է առանց պարտավորությունների:

Անդրադառնալով 2017թ.-ին, Ա. Հարությունյանը նշել է, որ նախատեսվում է գալիք տարում ևս 8-10 տոկոս իրական տնտեսական աճ ապահովել, և, սոցիալական ուղվածությամբ հանդերձ, 2017թ.-ի պետական բյուջեն ունի զարգացման հստակ ուղղվածություն:

Հանրապետության վարչապետն այնուհետև պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնավորապես,անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի ներկա փուլի հետ կապված զարգացումներին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ  միջնորդների աջակցությամբ առկա գործընթացը կարելի է որակել ոչ թե բանակցություններ, այլ՝ հանդիպումներ: «Իհարկե, հանդիպումները կարևոր են, քանի որ նաև դրանց արդյունքում տարածաշրջանում լայնածավալ պատերազմ չկա: Ինչ վերաբերում է հիմնախնդրի վերջնական կարգավորմանտարբերակներին, ապա այդ առումով հայկական կողմի մոտեցումը հստակ է. ցանկացած առաջարկվող տարբերակ պետք է հավանության արժանանա ժողովրդի կողմից»,- ասել է վարչապետը:

Պատասխանելով Թալիշի վերականգնման մասին հարցին՝ վարչապետը տեղին չի համարել այն մտահոգությունը, որ բնակչության վերադարձի համար կարող է անվտանգության էական խնդիր ծագել: «Նախ՝ առաջնագծում իրականացվող ինժեներական աշխատանքներն ու տեխնիկական համալրումը թույլ են տալիս վստահ ասել, որ հակառակորդի ցանկացած ոտնձգություն արագ հավաստանշվելու և կանխվելու է մեր բանակի կողմից: Դրա արդյունքում, վերջին ժամանակահատվածում սահմանային միջադեպերի ակնհայտ նվազումը տեսանելի է բոլորի համար: Երկրորդ՝ հնարավոր պատերազմի դեպքում անվտանգության խնդիրը լինելու է բոլոր բնակավայրերի համար, և այս առումով ճիշտ չէ որևէ բնակավայր առանձնացնելը: Այլ հարց է, որ կառավարության կողմից լինելու է հատուկ ուշադրություն սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ՝ դրանց բնակիչներին տրամադրելով լրացուցիչ շոշափելի սոցիալական երաշխիքներ»,- ընդգծել է վարչապետը:

Ա. Հարությունյանն իր ամփոփիչ խոսքում, մասնավորապես, ասել է. «2016 թվականը կհամարեի կարևոր ձեռքբերումների տարի Արցախի կյանքում: Մենք դեռ հնարավորություն ենք ունենալու  գնահատելու ապրիլը. դա,  իրոք, մեր երկրորդ հաղթանակն է, քանի որ կարողացել ենք հակառակորդին ապացուցել, որ ինքն իրավունք և հնարավորություն չունի մեզ հետ զենքի ուժով խոսելու: Ավելին՝ միջազգային հանրությանն ապացուցեցինք, որ  հայությունը միասնական կանգնած է և վտանգի դեպքում ժամերի ընթացքում մեկ բռունցք է դառնում: Մեզ հաջողվել է ապահովել տնտեսական աճ, ժողովրդագրական բնական աճի բավարար տեմպեր: Մեզ հաջողվել է ապացուցել կասկածողներին, որ Արցախի ճակատագիրն արդեն իսկ երաշխավորված է՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ ռազմական առումով, ինչպես նաև արձանագրել զարգացման ևս մեկ տարի: Իրականում զարգացման տարի էր, հաղթանակի տարի էր, հաջողության տարի էր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter