HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ընտանեկան բռնության ենթարկված կանանց թեժ գիծը 2016-ին 5000 զանգ է ստացել

Այսօր կայացած ասուլիսին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանը, ամփոփելով կանանց իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեպքերի այս տարվա պատկերը՝ նշում է, որ ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար գործող թեժ գիծը այս տարի  մոտ 5000 զանգ է ստացել, սակայն ՀՀ ոստիկանության  և քննչական կոմիտեի տվյալներով՝ այդ զանգերի քանակը 1500 է։ Ասում է՝  ոլորտը մնում է հանրության ուշադրության կենտրոնում, թեև դրանում բացթողումներ կան։

Խոսելով այդ ոլորտներում կատարված տեղաշարժերի մասին՝ Հովհաննիսյանը ընդգծեց, որ տարվա ընթացքում կարողացել են ԴԱՀԿ-ի կամայական գործունեության հետևանքով տարիներ շարունակ ձգձգվող երկու դեպքեր «հանգուցալուծել», որով երկու մայրերի հետ են վերադարձվել երեխաները։

«Այս տարի վերջապես պետությունը հանձն առավ ընդունել ընտանեկան բռնության կանխարգելման և զոհերին աջակցության օրենսդրությունը, որի շուրջ կոալիցիան բավական լուրջ աշխատանք է տարել և դեկտեմբերին ներկայացրեց նաև  այդ նախագծի վերաբերյալ իր դիտարկումների փաթեթը, որի մասով դեռևս չունենք արձագանքներ՝ արդյոք այն ներառվելու է, թե ոչ»,-ասում է Հովհաննիսյանը։

Նա լավատեսորեն է տրամադարված, որ ընտանեկան բռնության վերաբերյալ ունենալու են «ցանկալի» օրենք և այս հարցի շուրջ պատրաստ են պետության հետ համագործակցել։

Նրա դիտարկմամբ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունման շուրջ կան հակասական կարծիքներ, սակայն հավաստում է, որ այն միտված չէ հայկական ընտանիքը քանդելուն, այլ կառողջացնի ընտանիքը, կպաշտպանի մարդու հիմնարար իրավունքները։

«Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի ծրագրերի համակարգող Անահիտ Սիմոնյանը կարծում է՝ կանանց նկատմամբ ցուցաբերվող խտրական վերաբերմունքի վերացման համար արդեն որոշ աշխատանքներ տարվել են, մասնավորապես՝ կրթական ոլորտում։ Նրա փոխանցմամբ՝ այժմ որոշ դասագրքերում վերանայումներ են կատարվում, և հուսով է ՝ ԶԼՄ-ների հետ կապված կարգավորումները ևս արագորեն կկայանան. «Թագուհի Մանսուրյանի դեպքից հետո  ԶԼՄ-ներով շրջանառվող ատելության խոսքերը, կոչերը, շատ խտրական մեսիջները, որ ունեցանք վկայում են այն մասին, թե որքան կարևոր են ճիշտ, ոչ խտրական ուղերձների վրա կառուցված հոդվածները, նյութերը։ Յուրաքանչյուր խտրականություն, բռնության կոչ պարունակող, բռնարարին արդարացնող նյութ, հոդված, կարծիք հետագա բռնության հիմք է հանդիսանում»,- նշեց նա։

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լիդա Մինասյանի խոսքով՝ ընտանեկան բռնության հետևանքով այս տարի տասը սպանության դեպք է տեղի ունեցել։ Նա դժվարանում է նշել, թե ընտանեկան բռնության զանգերը աճել են թե նվազել, նշելով, որ դրանք 5000-ի միջակայքում են տատանվում։ Կարծում է՝ ընտանեկան և կանանց նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի բարձրաձայնումները աճել են, և որ փորձում են դրանց արձագանքել կոալիցիայի միջոցով, ինչը առավել հետևողական է և դրական արդյունք է տալիս։

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը ևս հավաստում է, որ այս տարի ընտանեկան և սեռական բռնության շատ դեպքեր են գրանցել։ Ընդգծում է, որ այդ դեպքերի կանխարգելման համար ընտանեկան բռնության օրենքի ընդունումը շատ կարևոր  է. «Այն տրամադրելու է այն մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի պաշտպանել և փրկել մարդկանց կյանքեր»։

Ասում է՝ եթե լինեն այդ պաշտպանական մեխանիզմները, դրանցով պետական կառույցները, իրավապահ համակարգը կկարողանա միջամտել ընտանեկան բռնության դեպքերին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter