HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Տնվորի» կարգավիճակով ապրում են ավտոտնակում

Ջրառատի համայնքապետարանի աշխատակիցը մեզ ուղեկցում է Զաքարյանների տուն: Մուտքի փոքրիկ փայտյա դռնից ներս մտնելուց հետո առջևում ցածր տանիքով մի շինության տեսարան է բացվում: Փոքր ինչ քայլեցինք մութ միջանցքով և դռան առջև հայտնվեց ճերմակած մազերով մի կին՝ տիկին Բելլան: Նա հյուրերի չէր սպասում, որովհետև վառարանի կողքին դրված մեծ երկաթյա տաշտի մեջ 9-ամյա թոռնուհուն էր լողացնում:

«Կոմունալ հարմարություն չունենք, տան մեջ ենք լողանում»,-փորձեց արդարանալ տիկին Բելլան: Նա արագ հավաքեց լոգանքի պարագաներն ու տեսախցիկից շփոթված նստեց հնամաշ բազմոցին:  Համայնքապետարանում արդեն ներկայացրել էին, որ նա հպարտ կին է և նույնիսկ հարևանները չգիտեն, թե ինչպես են ապրում: Բելլա Զաքարյանը երբեք որևէ մեկից օգնություն չի խնդրում: Այդպես է սովորեցրել նաև իրենց խնամքի տակ գտնվող երեք թոռներին: Այդ առումով նրա հետ շփվելը փոքր ինչ բարդ էր:

Քիչ անց ցրտից սառած ձեռքի պատները շոյելով դռնից ներս մտավ նաև տիկին Բելլայի ամուսինը՝ Հայրապետ Զաքարյանը: «Ինչ հաշիվ է»,-շշուկով ասաց 77-ամյա Հայրապետ պապը և նստեց տիկնոջ կողքին:

Ընտանիքն արդեն 10 տարի ապրում է ավտոտնակում, որը «տուն» են դարձրել: Ավտոտնակը, որում ապրում են երեք երեխաներն ու ծեր ամուսինները, նախկինում հենց նրանց է պատկանել, բայց հիմա այնտեղ «տնվորի» կարգավիճակով են ապրում:

Երեխաների հայրը տարիներ առաջ զբաղվել է մսագործությամբ: Բիզնեսը չի արդարացրել և ընկել է պարտքերի տակ: «Որ տեսա երեխես ընկել է ջառմի տակ, ասացի՝ ավելի լավ է քուչեքը մնամ, փողոցը մնամ, քան իմ երեխուն վնաս տան: Ես էլ ծախեցի տունը, մի քանի հոգու պարտք տվեցի»,-պատմում է Բելլա տատը և ավելացնում, որ պարտքերից դեռ ամբողջությամբ չեն ազատվել: Տիկնոջ ասելով՝ որդու կյանքին վտանգ էր սպառնում, քանի որ պարտքատերերը սպառնում էին, ուստի այլ բան չէր մնում, քան տունը վաճառելը:

Զաքարյանները տունը վաճառել են ազատամարտիկի կնոջ: Վերջինս տեսնելով, որ 9-12 տարեկան 3 երեխաները մնալու են փողոցում նրանց ժամանակավոր օգտագործման է տվել իրենցից գնված տան ավտոտնակը, որպեսզի բնակվեն այնտեղ: Այդ ժամանակավոր օգտագործումն արդեն 10 տարի է:

«Ես ոչ մեկի չեմ դիմել, այս տարիների ընթացքում միայն երկու անգամ գյուղապետարան եմ դիմել: Գյուղապետն օգնել է: Այս տարի էլ վառելափայտը գյուղապետի տված փողով են գնել»,-նշում է տիկին Բելլան և ցույց տալիս վառարանի կողքին շարված թաց փայտերը:

Երեխաների հայրը պարտքերի պատճառով երկրից հեռացել է, իսկ մայրը վատառողջ է և բուժման նպատակով գտնվում է ծնողների մոտ՝ արտերկրում: Երեք երեխաների խնամքն իրենց վրա են վերցրել տատն ու պապը: Վատառողջ է նաև  թոռներից Արտակը: Նրա դասընկերները տղային օգնելու համար գումար են հավաքել, բայց տիկին Բելլան հետ է ուղարկել հավաքած գումարը: Նա չի ցանկացել, որ թոռան դասընկերները այդ կերպ նեղություն կրեն:

Զաքարյանների ընտանիքում Նոր տարվա շունչը դեռ չէր զգացվում: Տուն հիշեցնող ցածր տանիքով կացարանի մի անկյունում զարդարված է տոնածառը, բայց գնումների հարցում չեն շտապում: Երեք դպրոցահասակ երեխաների տատն ու պապը սպասում են նպաստին ու թոշակին, որ եղած գումարի չափով գնումներ կատարեն և փոքր ինչ տոնական մթնոլորտ ապահովեն: Բելլա Զաքարյանը, ասում է, որ եթե նպաստն ու թոշակը 1-2 օրվա ընթացքում չստանան, դրա չափով պարտքով խանութից են գնումներ կատարելու:

Տարեց ամուսինները թոռներին պահում են թոշակով ու նպաստով և ցանկացած ծախս կապված է պետության կողմից տրամադրված այդ գումարների հետ:

«Ոչ մեկի հայաթը չեմ էթում, ոչ մեկից կոպեկ չեմ ուզում: Ես իմ երեխեքին թևիս տակ առած պահում եմ: Կարող ա մի օր սոված էլ մնանք, բայց պահում եմ»,-ավելացնում է տիկին Բելլան: Նույնիսկ ալյուրը պարտքով են գնում և պարտքերը փակում թոշակով ու նպաստով:

Բելլա Զաքարյանը պատմեց, որ ամառվա ամիսներին 77-ամյա ամուսինը դաշտերից բակի ավել է քաղում, գրկած բերում է տուն, կապում է ու տանում շուկա: Դրանով հավելյալ եկամուտ են ստանում, որպեսզի կարողանան երեխաների գրենական պիտույքների ու դպրոցական հագուստի հարցը լուծել: Տունը վաճառելուց հետո հողակտոր էլ չունեն և ամեն ինչ գնում են:

«Ճնշումս 200 է, երեխեքի համար էլի կաշխատեմ, բայց ի վիճակի չեմ: Որ գնամ ուրիշներին բողոքեմ, ով իրա լավը կտա ինձ: Ամեն մարդ իրա չափով է ապրում: Բայց ես չեմ կարողանում հայթայթեմ, գոնե երեխեքին իրենց նպատակին հասցնեմ»,-ասում է Հայրապետ Զաքարյանը:

Պապն ասում է, որ երեխաների հիմնական պահանջը հագուստ ու սնունդ է, բայց չեն կարողանում հասցնել: «Ասում ենք չկա, բայց երեխան չի հասկանում, որ չկա: Նա էլ իր պահանջներն ունի»,-ասում է նա:

Զրույցի ամբողջ ընթացքում երեխաները լուռ էին: Նրանք դժվարությամբ էին խոսում իրենց ցանկությունների ու երազանքների մասին: 11-ամյա Բելլան ասաց, որ ցանկանում է ուսուցչուհի դառնալ, իսկ առհասարակ երազանքներ չունի: «Միայն առողջություն ու երջանկություն եմ ցանկանում ընտանիքիս»,- ասաց աղջիկը:

լուսանկարները և տեսանյութը` Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանություններ (2)

Флора
Прошу Самвел Алексанян , Гагик Царуеян и другие авторитеты, помогите , подарите ключи от квартиры на новогоднюю ночь, ведь они наши, это наши родные, Армянская кроь,а Бог это буде учитывать, пожалуйста....
Սամվել Հովասափյան
Խելագարվելու բան է: Նման իրողությունների պարագայում, ինչպե՞ս են կարողանում Սերժ Սարգսյանը և մյուս իշխանավորները առանց կարմրելու և խղճի խայթ ստանալու, իրենց երեխաների աչքերին նայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter