HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը դիվերսիոն ներթափանցման փորձի մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը վաղ առավոտյան ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի մասին հայտարարություն է տարածել, որը ներակայացնում ենք նույնությամբ:

«Խստագույնս դատապարտում ենք այսօր Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը, որը հանգեցրել է մարդկային կորուստների։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների հարազատներին և ծառայակիցներին։

Այն պայմաններում, երբ դեռ հաղթահարված չէ ապրիլ ամսին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կարգավորման գործընթացին հասցված լրջագույն վնասը, Բաքուն նոր արկածախնդրության է դիմում՝ կոպտորեն խախտելով Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, հիմնահարցը խաղաղ միջոցներով կարգավորելու վերաբերյալ հանձնառությունը: Այսպես է Բաքուն պատասխանում Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահ երկրների արտգործնախարարների հնչեցրած հստակ պահանջին՝ անվերապահ պահպանել 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը։

Միջազգային հանրությունը՝ եռանախագահների միջոցով, բազմիցս կոչ է արել հարգել զինադադարը հատկապես տոնական օրերին: Իրականացնելով ռազմական դիվերսիան Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին` Բաքուն դեմ է դուրս գալիս համամարդկային արժեհամակարգին։

Միջազգային հանրությունը, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն, անհապաղ քայլերով պետք է սթափեցնեն իրենց կոչերը ու պահանջները հանդգնորեն արհամարհող, դրանց հակառակ գնացող, իրականության զգացումը կորցրած ադրբեջանական ղեկավարությանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter