HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաբացվեց Ալավերդու թիվ 3 նորոգված մանկապարտեզը

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, վերաբացվեց Ալավերդու Սանահին կայարանային թաղամասի թիվ 3 նախադպրոցական ոսումնական հաստատության վերանորոգված շենքը:

Թաղամասում բնակվողները հիմնականում երկաթուղայինների ընտանիքներն են: Շենքը նախկինում եղել է պետական սեփականություն, այժմ հանձնվել է Ալավերդու համայնքապետարանին: Վերանորոգվել է շենքի միայն 1-ին հարկը:

Բացման արարողությունը համընկել էր նախադպրոցական ուսումնական հաստատության երեխաների տարեմուտյան հանդեսի հետ: Մանկապարտեզի սան Էրիկան, պատասխանելով «Հետք»-ի հարցին, ասաց, որ ուրախ օր է, որովհետև այսօր իրենց վերանորոգված մանկապարտեզի բացումն է: «Վերանորոգել են մանկապարտեզը, որ մենք այստեղ հանդես անենք և շնորհավորենք մեր ընկերներին»,- բացատրեց բացմանը հրավիրված թիվ 2 մանկապարտեզի սաներից Արենը:

Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի ասելով` շենքի` 15 մլն դրամ նախահաշվային արժեքով վերանորոգման աշխատանքերը սկսվել են այս տարվա սեպտեմբերին: Վերանորգման համար ներդրումներ են կատարել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցիական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամը, Ալավերդու համայնքապետարանը: Աջակցել է Վանաձորի «Բետոն» արտադրական միավորման կոոպերատիվի նախագահ Դավիթ Կլեկչյանը:

Մարզպետ Արթուր Նալբանդյանի` խոսքով նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխաները դպրոցում իրենց գիտելիքներով տարբերվում են չհաճախողներից. «Այս առումով մենք ամեն ինչ անելու ենք մարզի բոլոր համայնքներում նախադպրոցական ուսումնական հաստատությունները վերաբացելու համար»,- խոստացավ Ա. Նալբանդյանը:

Նա  շենքի վերանորոգման աշխատանքներին ֆինանսական ներդրում կատարելու  համար շնորհակալագրեր հանձնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին և ԵԽՀ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանին: «Հարավկովկասյան երկաթուղին ունի մշտապես գործող բարեգործական ծրագիր: Գործող տարում մենք Ալավերդու քաղաքապետի հետ քննարկել ենք այս նախադպրոցական ուսումնական հաստատության վերականգնման ուղիները: Շենքի վերանորոգմանն աջակցելու առաջարկությունը եղել է մերը: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը շարունակական կլինի: Մենք 2017թ.-ին Լոռու մարզպետարանի հետ պետք է ավելի բարելավենք այս մանկապարտեզի երեխաների դաստիարակության պայմանները»,- հայտնեց Ս. Վալկոն:

Վերջինիս խոսքով` շենքի վերանորոգման համար Հարավկովկասյան երկաթուղին ներդրել է 5,3 մլն. դրամ: Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպանատան 2-րդ քարտուղար Սերգեյ Անիշենկոն հավաքվածներին ներկայացրեց Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանի շնորհավորական ուղերձը՝ մանկապարտեզի վերանորոգված շենքի վերաբացման համար: Ս. Անիշենկոն  մանկապարտեզի  շենքի վերաբացումը համարեց հայ-ռուսական համագործակցության արդյունք:

«Այսօր ռուսական ընկերությունը աջակցում է հայ երեխաներին, իսկ վաղը հայկական ընկերությունները կարող են աջակցել ռուս երեխաներին»,- ասաց Ս.Անիշենկոն: Վերջինս  շնորհակալություն հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ս.Վալկոյին՝ մանկապարտեզի շենքի վերանորոգմանը աջակցելու համար: Անիշենկոն նաև հույս հայտնեց, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աջակցությամբ վերանորոգված մանկապարտեզ հաճախող երեխաներից գոնը մեկը կդառնա երկաթուղային:

Բարերարներին շնորհակալություն հայտնեցին թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Ռոզա Ավետյանը և ծնող Մարգարիտ Ալթունյանը: Վերաբացման կարմիր ժապավենը կտրեցին քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն:

Նորաբաց մանկապարտեզի շենքում տեղի ունեցավ երեխաների տարեմուտի առաջին տոնահանդեսը: «Անկախության առաջին տարիներին մանկապարտեզի երեխաների թիվը նվազելու պատճառով 100 երեխաներով 4 խմբանոց մանկապարտեզը փակվեց, 2002թ.-ից մանկապարտեզը վերսկսել է իր գործունեությունը՝ երեխաների փոքր քանակով, մեկ խառը խմբով: Անցած 14 տարիներին մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը տատանվել է 20-30-ի միջև»,- հայտնեց  հաստատության տնօրեն Ռ. Ավետյանը:

Վերջինիս ասելով` թաղամասում կան ծնողները, ովքեր չեն կարողանում վճարել սննդի վարձը և այդ պատճառով երեխաներին չեն ուղարկում մանկապարտեզ: «Դրանք քիչ են՝ հազիվ 2-3 երեխաներ: Հիմնական պատճառը, որ թաղամասի որոշ երեխաներ չեն հաճախել մեր մանկապարտեզ, եղել է մեր շենքային վատ պայմանները: Հույս ունենք, որ հունվար ամսից մեր հաստատության երեխաների թիվը կավելանա: Թաղամասի ծնողներից արդեն 6 դիմում կա, իրենց երեխաներին մեր հաստատություն հաճախելու համար»,- հայտնեց տնօրենը: Ռ. Ավետյանը ասաց նաև, որ սեպտեմբերին դպրոց կուղարկեն 6 երեխաների,  մանկապարտեզը կհամալրեն 15 երեխաներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter