HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

ՍԱՍ-ի անհայտ ծագման «EXCLUSIVE» շամպունները` առանց ժամկետի և հայերեն մակնշման

ՍԱՍ սուպերմարկետների ցանցում վաճառքի դրված ապրանքների մի մասը մակնշված է «exclusive» գրառմամբ: Սուպերմարկետում դա բացատրում են նրանով, որ այդ ապրանքատեսակները վաճառվում են միայն ՍԱՍ-ում: Սուպերմարկետ մեր այցելության պահին վաճառքի մեջ էին «exclusive» գրառմամբ շամպուններ:

«Շվարցկոպֆ» ապրանքանիշի` տղամարդկանց համար նախատեսված «3D MEN» շամպունը, սուպերմարկետի աշխատակցի խոսքով, ՍԱՍ-ը ներկրում է ուղիղ արտադրող ընկերությունից: «Էս շամպուններից Հայաստանում միայն մեզ մոտ է վաճառվում: Դրանք գերմանականն են, ՍԱՍ-ը բերում է Գերմանիայից»,- ասաց աշխատակիցը` բացատրելով «exclusive»-ի իմաստը:

«3D MEN» շամպունի տուփի վրա անգլերեն գրառմամբ նշված է, որ շամպունն արտադրվել է Գերմանիայում` «Hans Schwarzkopf&Henkel GmbH» ընկերության կողմից:

Միայն թե ոչ մի ձևով հնարավոր չէ հասկանալ` շամպունը ժամկետի մեջ է, թե ոչ: Տուփի վրա նշված չէ` երբ է արտադրվել շամպունը և մինչև երբ կարելի է օգտագործել այն: 

«Իրենց ժամկետները կոդավորված են, իրենց վրա չեն լինում ժամկետներ: Այսինքն` որ ստանում ենք Գերմանիայից, իրենց վրա նշված չի լինում ժամկետը»,- ասաց ՍԱՍ սուպերմարկետի Իսահակյան փողոցի մասնաճյուղի վաճառողը:

Պարզաբանման համար դիմեցինք սուպերմարկետի մենեջերին, ով ասաց, թե շամպունները կոդավորված են իրենց բազայում, այնտեղ երևում է, որ ապրանքը օգտագործելի է, և եթե ժամկետը սպառվում է, վաճառքից հանում են: Դիտարկմանը, որ սպառողը պետք է տեղեկանա ապրանքի ժամկետի մասին հենց տեղում, մենեջերը պատասխանեց. «Այդ հարցով դիմեք տնօրինությանը»:

«Exclusive» գրառմամբ «3D MEN» շամպունի կողքին վաճառվում էր նույն անվամբ այլ դիզայնով` սև տուփով տարբերակը:

Դրա վրա կային արտադրության և ժամկետի ավարտի տարեթիվն ու ամսաթիվը: Կար նաև հայերեն մակնշում. այս շամպունի վրա, սակայն, գրված չէր «exclusive»:

Դիտարկմանը, որ նույն շամպունի` այլ դիզայնով տուփի վրա ժամկետ նշված է, վաճառողը պատասխանեց. «Դա ռուսականն է, «Շվարցկոպֆ»-ը ինքը գերմանական բրենդ է, բայց սա (ժամկետի նշումով սև տուփը-հեղ.) գալիս է Ռուսաստանից, իսկ սա («exclusive» գրառմամբ` ՍԱՍ-ի ներկրած շամպունը-հեղ.)` Գերմանիայից»:

«Շվարցկոպֆ»-ի պաշտոնական ներկայացուցիչը հերքեց իրենց արտադրանքի` Ռուսաստանից ներկրած լինելը

Սև տուփով, արդեն ոչ «exclusive» գրառմամբ «3D MEN»-ը Հայաստան է բերում ոչ թե ՍԱՍ-ը, այլ «Շվարցկոպֆ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում` «Այդիա-Էս» ընկերությունը: Ընկերության տնօրեն Վիկտորյա Միրզոյանը հայտնեց, որ ՍԱՍ-ը մեզ ճիշտ չի հաղորդել. իրենց «3D MEN» շամպունները ոչ թե Ռուսաստանից, այլ հենց Գերմանիայից են բերվում:

Ինչ վերաբերում է «exclusive» գրառմամբ, կանաչ տուփով շամպունների` Գերմանիայից ներկրված լինելուն, ապա ընկերության տնօրենի համար դա խիստ կասկածելի է: «Exclusive» «3D MEN» շամպունների վրա ժամկետների բացակայությունը, ինչպես մեզ բացատրեց ընկերության տնօրենը, կարող է ոչ միայն նշանակել, որ դրանք ժամկետանց են, այլ նաև այն, որ ժամկետի ավարտին շատ քիչ է մնացել: Իսկ այդ դեպքում, ըստ պաշտոնական ներկայացուցչի, շամպունի գինը հօգուտ սպառողի պետք է էականորեն` կրկնակի կամ եռակի նվազի:

Նշենք նաև, որ «exclusive»-ի վրա բացակայում է նաև հայերեն մակնշումը, ինչը, պաշտոնական ներկայացուցչի դիտարկմամբ, անհավասար մրցակցային դաշտ է ստեղծում իրենց և ՍԱՍ-ի միջև:

Պարզելու համար` արդյոք ՍԱՍ-ը հանդիսանում է «Շվարցկոպֆ»-ի այս բրենդի շամպունների պաշտոնական ներկրողը Հայաստանում, կապվեցինք «Hans Schwarzkopf&Henkel GmbH» ընկերության տարածաշրջանի պատասխանատու Հենրիետ Հուլպայի (Henriette Hulpa) հետ: «Հետք»-ի հարցմանն ի պատասխան` Հ. Հուլպան չի մեկնաբանում ՍԱՍ-ի գործունեությունը, սակայն նաև նշում է, որ «3D MEN» շամպունների պաշտոնական և բացառիկ ներկրողը իրենց վաղեմի գործընկեր «Այդիա-Էս» ընկերությունն է: Մեր հարցումն ու պատասխանը ներկայացնում ենք նույնությամբ:

Հետք

«Մենք գրում ենք հոդված մի քանի ենթադրյալ ժամկետանց շամպունների մասին, որոնք այժմ վաճառքում են հայաստանյան մի քանի սուպերմարկետներում: Դրանցից մեկը «3D MEN» շամպունն է:

Նկատել ենք, որ շամպունի տուփի վրա չկա արտադրության կամ ժամկետի վերաբերյալ որևէ նշում: Կասկածներ ունենք, որ այն օրիգինալ ապրանքը չէ` ներմուծված պաշտոնապես «Hans Schwarzkopf&Henkel GmbH» ընկերությունից, կամ էլ այն ժամկետանց է:  

Քանի որ Դուք «Hans Schwarzkopf&Henkel GmbH» ընկերության պաշտոնական ներկայացուցիչն եք տարածաշրջանում, կխնդրեի պատասխանել` արդյոք ընկերությունը Հայաստան է արտահանել հետևյալ խմբաքանակի (սերիայի համարը` 4045787160871) «3D MEN» շամպուններ:

Նաև ցանկանում եմ իմանալ` ով է ձեր ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում` անմիջապես իրենց հետ կապվելու համար. ո՞վ կարող է ձեր ընկերության արտադրանքը Հայաստան ներկրել պաշտոնապես:

Մեզ տեղեկացրել են, որ հայաստանյան ընկերություններից մեկը` «ՍԱՍ-Գրուպ» ընկերությունը, իրավունք ունի Հայաստան ներկրել ձեր շամպունները, այդ թվում` «3D MEN»-ը: Արդյոք այս տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը»:

Հենրիետ Հուլպա

«Շնորհակալություն հարցման համար: Հուսով ենք` դուք կըմբռնեք, որ մենք մեկնաբանում ենք միայն մեր գործունեությունը:

Մենք տարիներ շարունակ աշխատել ենք Հայաստանի պաշտոնական դիստրիբյուտոր «Այդիա-Էս» ՍՊԸ-ի հետ (հասցե` Պուշկինի 40, 375002, Երևան, Հայաստան), ով «Schwarzkopf Professional»-ի մեր բացառակի ներկայացուցիչն է Հայաստանում, և, իհարկե, սա ճիշտ է նաև Հայաստանում վաճառվող «3D MEN» շամպունների դեպքում»:

ՍԱՍ-ում «exclusive» գրառմամբ վաճառվում են նաև այլ ապրանքանիշերի («Dove», «Palmolive», «Garnier») շամպուններ: Դրանց վրա ևս բացակայում է արտադրության և ժամկետի ավարտի վերաբերյալ տեղեկատվություն: Դրանք բոլորը բացառապես առանց հայերեն մակնշման են: «Հետքը» դիմել է այս ընկերությունների արտադրողներին` պարզելու համար` արդյոք Հայաստան բերված խմբաքանակը ժամկետների մեջ է կամ օրիգինալ ապրանք: Դեռև պատասխան չենք ստացել:

Պարզվեց` Exclusive շամպունը բացակայում է նաև ընկերության պաշտոնական կայքէջից

Քանի որ ՍԱՍ-ի աշխատակիցները վստահեցրել էին, որ «exclusive» շամպունը ներկրվել է անմիջապես Գերմանիայից, փորձեցինք «3D MEN» շամպունի` կանաչ տուփով տարբերակը գտնել պաշտոնական կայքում ներկայացված ապրանքատեսակների ցանկում:

Որպես պաշտոնական կայք` «exclusive» շամպունի տուփի վրա նշված էր www.schwarzkopf-professional.com-ը: Կայքի ապրանքներ (Products) բաժնում ներկայացված են ընկերության` այս պահին գործող բրենդները: Տղամարդկանց համար նախատեսված մարմնի և մազերի շամպունը` «3D MEN»-ը, չունի այն դիզայնը, որը ՍԱՍ-ում ներկայացված է որպես «exclusive»: 

Ստացվում է` ՍԱՍ-ը Գերմանիայի «Շվարցկոպֆ»-ից «ուղիղ ներկում է» մի ապրանք, որն այնտեղ չկա: Մնում է` նշել, որ այս «exclusive»-ը վաճառվում է ոչ միայն առանց ժամկետի և հայերեն մակնշման` խախտելով սպառողի իրավունքները, այլև անհայտ ծագման է:

Ավելացնենք նաև, որ www.schwarzkopf-professional.com-ի բրենդների բաժնում այժմ տեղադրված է «Այդիա-Էս» ընկերության սև տուփով «3D MEN»-ը, որը սուպերմարկետի վաճառողը ներկայացրեց որպես Ռուսաստանից ներկրած:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter