HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը Բագրատաշենի մաքսակետի տարածքից հող է հատկացրել Գագիկ Բեգլարյանի որդուն «Դյութի Ֆրի» կառուցելու համար

Կառավարությունն այսօր որոշել է  Պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշեն մաքսակետի զբաղեցրած և սպասարկման համար հատկացված տարածքից  «Դյութի Ֆրի Հոլդինգ» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով տրամադրել 278 քմ մակերեսով հողամաս: 

Հիմնավորվել է, որ կառավարության ներկայացված նախագիծը հնարավորություն կընձեռնի մաքսակետի տարածքում հիմնել անմաքս առևտրի սրահ` ավելի արդյունավետ դարձնելով հողերի նպատակային օգտագործումը:  Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի ներդրումների ծավալների և աշխատատեղերի ստեղծման բարձրացմանը: 

Նախագիծը ներկայացրել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նախարարի մամլո խոսնակ Կարինե Մանգասարյանը «Հետքին» պարզաբանեց, որ սա Հայաստանի ցամաքային տարածքում գործող առաջին «Դյութի Ֆրի»-ն է լինելու: Մինչ օրս «Դյութի Ֆրի» գործում էր միայն օդանավակայանում: 

Դեռևս 2011-ի հունիսի 10-ին կառավարությունը որոշում էր կայացրել և թույլատրել պետական եկամուտների կոմիտեի նախագահին «Դյութի ֆրի ալյանս» ՍՊԸ հետ կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր, որի համաձայն Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրու մաքսային կետի մերձակայքում կառուցվելու էր անմաքս առևտրի խանութ և դրա պահեստային տարածք։  Այն ենթադրում էր Սյունիքի մարզի Կարճևան գյուղի Մայրուղի-4 հասցեում գտնվող տարածքից` 800 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասն առանց մրցույթի, 49 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով հանձնել «Դյութի Ֆրի Ալիանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Սակայն, ըստ Կարինե Մանգասարյանի, Մեղրիում ևս «Դյութի Ֆրի» չի գործում: 

Բագրատաշենի մաքսակետում հող ստացած «Դյութի Ֆրի Հոլդինգ» ՍՊԸ-ն նորաստեղծ ընկերություն է: Գրանցվել է վերջերս՝ նոյեմբերի 22-ին: Ընկերության բաժնեմասի 50 տոկոսը ՀՀ տնասպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի որդունն է՝ Հրանտ Գագիկի Բեգլարյանինը: Մյուս կեսի սեփականատերը վրաստանաբնակ Դիանա Մութաֆյանն է: 

Հայաստանում 2010-ից գրանցված է նաև «Դյութի Ֆրի Ալիանս» ՍՊԸ-ն, որի բաժնետերերը միջազգային ընկերություններ են, այդ թվում՝ «Դյութի Ֆրի հոլդինգ ինտերնեյշնլ»-ը:  

Այս որոշմամբ, սակայն. ստացվում է, որ կառավարությունը հայաստանյան ցամաքային «Դյութի Ֆրի»-ն հանձնում է Բեգլարյանների ընտանիքին: 

Մեկնաբանություններ (1)

Էդիկ Ղ,
Իրան-Հայաստան սահմանին, կամրջին կից, գործում է մի «Դյութի ֆրի» արևտրի սրահ. սա իսկական Դյութի ֆրի է՞, թէ խաբկանք!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter