HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարսեղ Բեգլարյանի և Ռուբեն Հայրապետյանի բանկերը միավորվեցին

«Արարատբանկ» ԲԲԸ-ն և «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր: ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ԿԲ-ի խորհուրդը դեկտեմբերի 15-ին հաստատել և գրանցել է «Արարատբանկ» ԲԲԸ -ի (Պահպանվող բանկ) և «Զարգացման հայկական բանկ»ԲԲԸ-ի (Միացող բանկ) միացման պայմանագիրը:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն և «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն իրականացրել են միացման պայմանագրով նախատեսված գործողությունները և հաստատել են փոխանցման ակտը: Արդյունքում՝ ՀՀ կենտրոնական բանկն այսօր գրանցել է փոխանցման ակտը և «Արարատբանկ» ԲԲԸ-ի կանոնադրությունում կատարված փոփոխությունը, համաձայն որի՝ «Զարգացման հայկական բանկ»ԲԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ «Արարատբանկ» ԲԲԸ-ն կհանդիսանա «Զարգացման հայկական բանկ»ԲԲԸ -ի իրավահաջորդը:

Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր նաև ուժը կորցրած է ճանաչել «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ -ի բանկային գործունեության թիվ 14 լիցենզիան: 

«Արարատբանկ» ԲԲԸ-ի խոշոր բաժնետեր էր Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությունը՝ 64%, Վերակառուցման և զարգացման բանկին էր պատկանում 25%-ը, իսկ 10%-ը՝ «Ռուռալ իմպուլս հիմնադրամ II Ս.Ա.»-ին:

«Զարգացման հայկական բանկ»-ի նշանակալի բաժնետերերն էին Ռուբեն Հայրապետյանն ու Ռաֆիկ Հայրապետյանը՝ 20-ական տոկոսի հասնող մասնաբաժնով, 16 տոկոսին տիրապետում էր Գրիգոր Տերմենջյանը: 

Հիշեցնենք՝ այս որոշումը կայացվել է ԿԲ-ի՝ բանկերի կանոնադրական կապիտալի 30 մլրդ դրամ նվազագույն շեմ սահմանելու արդյունքում: Այդ ուժի մեջ է մտնում 2017 թվականից: 

«Արարատբանկ» ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալը 2016թ. -ի սեպտեմբերի 30-ի դրությամբ 23 մլրդ դրամ էր, իսկ «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ -ինը՝ շուրջ 10 մլրդ: 

Փորձեցինք կապ հաստատել «Արարատբանկ» ԲԲԸ-ի մամուլի պատասխանատուի հետ, որպեսզի ճշտենք, թե ինչպես են վերաբաշխվել բաժնետոմսերը միացումից հետո, սակայն բանկի հեռախոսավարուհին ասաց, որ «չեն կարող կապ հաստատել» համապատասխան աշխատակցի հետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter