HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չգիտեի, որ «պետական գաղտնիքի» կրող եմ

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Տեսել եմ գիրքս, նայել շնորհանդեսի լուսանկարները, շատերին ճանաչում եմ անձամբ, ոմանց՝ հեռակա, քչերն են անծանոթ: Նորից ու նորից շնորհակալություն բոլոր նրանց, ում շնորհիվ լույս աշխարհ եկավ «Զգացմունքների պետությունը»:

21-րդ Նոր Տարին եմ դիմավորելու բանտում... ինչպես բոլորդ, ես էլ եմ ամփոփում տարին, նաև ծրագրում հետագա անելիքներս արդեն նոր`2017 թվականին:

Անցնող տարում է՛լ ավելի շատ գիտելիքներ ձեռք բերեցի քրեական իրավունքից, հանձնեցի իրավագիտության ֆակուլտետի քննություններս, գրեցի կուրսային աշխատանք ցմահ ազատազրկման թեմայով, ունեցա դատական վիճարկումներ, նոր պատմվածքներ գրեցի, ավարտեցի «Զգացմունքների պետություն» ժողովածուն, այն հրապարակվեց՝ շնորհիվ հովանավոր Գագիկ Հարությունյանի, շարունակեցի բանտային նամակներիս շարքը «Հետքում», ավարտեցի «Լեռ Կամսարի» «Բանտիս օրագրի» ռուսերեն թարգմանությունը: Անցնող տարում 8 անգամ բանտի տարածքը լքելն անասելի ոգևորեց ինձ. թե՛ գիտակցությունս, թե՛ զգացողություններս հուշում են՝ հաղթանակը մոտ է:

Տարին դարձյալ սկսելու եմ չարաբաստիկ մահապատժի դատավճռի բեկանման պահանջով: Ի տարբերություն մինչ այս եղած վիճարկումների, որոնք հիմնված էին նոր երևան եկած հանգամանքների վրա, այս անգամ դատական սխալի հիմքով եմ դիմելու դատարան, քանի որ 20 տարի անց հայտնաբերել ենք սխալներ, որոնք տեղ են գտել հենց մահապատժի դատավճռում: Դատավորը, որն այսօր կենդանի չէ, ակնհայտ կերպով խեղաթյուրել է, կեղծել փորձագիտական եզրակացությունը, նաև գործով շահագրգիռ անձին`մյուս մեղադրյալ Արամ Հարությունյանին ցուցմունք է վերագրել, որը վերջինս երբեք չի տվել, այլ ճիշտ հակառակն է պնդել:

2017 թվականին ակնկալում եմ ևս մեկ կարևոր իրադարձություն`Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը» գրքի ռուսերեն տարբերակի լույս աշխարհ գալը: Եթե Լեռ Կամսարն իմանար, որ հիմա էլ են մտքերի համար բանտ նստեցնում… իհարկե, հիմա Սովետին ինչքան ուզես կարող ես հայհոյել, բայց նոր ձևավորվող սովետատիպ «միությանը» մատով դիպչելու իրավունք չկա: Եթե Կամսարն իմանար, որ հիմա նույնիսկ մարդկանց հաց տանել չի կարելի. դրա համար նույնիսկ ծանր հիվանդ մարդուն են այստեղ են բերում:

Հիմա «պետական գաղտնիքի» մասին. օրեր առաջ «Նուբարաշեն» բանտ էին այցելել 16 տարի բռնաբարության ու մարդասպանության համար նյույորքյան բանտում անցկացրած, հետագայում անմեղ ճանաչված և արդարացված Ջեֆրի Դեսկովիչը, ում հետ երկու տարի առաջ հեռակա հարցազրույց էի արել և քրեական գենետիկ Գրեգ Համփիկյանը: Պատրաստ սպասում էի, որ ինձ էլ կտանեն հանդիպման նրանց հետ, քանի որ պարբերաբար բողոքարկում եմ անօրեն դատավճիռս (իսկ ամերիկացի մասնագետների առաքելությունը հենց դատարանների սխալների ուղղմանն է կոչված), սակայն մեկուսարանի վարչակազմն առանց որևէ բացատրության չէր ցանկանում թույլատրել: Ժամեր տևած բանակցություններից հետո, չնայած իմ անձի վերաբերյալ «պետական գաղտնիքի» առկայությանը, հանդիպումը կայացավ: Արդեն մթնել էր`երեկոյան 18:00-ից քիչ պակաս ինձ ուղեկցեցին ադմինիստրացիայի մասնաշենք, որտեղ պետի տեղակալի աշխատասենյակում վերջապես հանդիպեցի ԱՄՆ-ից ժամանած հյուրերին:

-Nice to meet you! Welcome to Armenia, but not prison… I am sure you understand me well…,-ասացի ես դպրոցական անգլերենովս` վերջին խոսքերս ուղղելով Ջեֆրի Դեսկովիչին:

Հետո սկսվեց մասնագիտական տերմինաբանությունը, և շփվեցինք թարգմանչի միջոցով: Ադմինիստրացիան շտապեցնում էր, անընդհատ ցույց տալով, որ ժամը 6-ն է, որ հանկարծ «պետական գաղտնիք» չհրապարակեմ… իսկապես տպավորությունն այնպիսին էր, թե «պետական գաղտնիքի» կրող եմ: Ակնհայտ զգուշանում էին, որ հանկարծ չխոսեմ 20 տարի առաջ քննված իմ վերաբերյալ քրեական գործից: Հյուրերը ցանկացան լուսանկարվել, բայց դա էլ թեև՝ աննկատ, այնուամենայնիվ արգելվեց: Հազիվ 15 րոպե տևած հանդիպումն ավարտվեց՝ կարծես առանց սկսվելու:

Տեսնես մի օր մեր իշխանությունները եվրոպական, ամերիկյան և այլ քաղաքակիրթ երկրների նման վերջապես համարձակություն կգտնեն խոստովանելու և շտկելու սեփական դատական սխալները: Տեսնես, երբ վերջապես կգիտակցեն, որ սխալները ճանաչելով` հասարակության վստահությունը կսկսեն ձեռք բերել...

Հ.Գ. Ասում են՝ իրադարձությունները ժամանակակից աշխարհում շատ արագ և հաճախ անսպասելի են զարգանում: Հայստանում ժողովրդի համբերության բաժակը կարծես անընդհատ լցվում է, բայց ընտրություններից առաջ վրայից մի հատ «ֆռթացնում» են`հույսեր տալիս, ու նորից սպասում մինչև մյուս «ֆռթոց»…այդպես էլ մի «ֆռթացնել-ֆռռացնելուց» մինչև մյուսը մարդիկ ապրում են, մինչև համբերության բաժակը նորից լցվի:

Բարի Նոր Տարի եմ ցանկանում բոլորին

Մեկնաբանություններ (1)

Mane Piters
Hi,Lovely Armenian-Mher Yenoqyn, You have good and sooo beautiful an Interesting job-Translating Famous Armenian Writer Ler KamSar,,,Lots of Wonderful and an Amazing Stories he Has,,,Good luck for translation,,,Lovely Mher remember also more important Thing Sometimes not Every Prison Is GUILTY,,,in the WORLD- forever are enough Fact,,,Just Jesus Be with you ,,,and You be Freedom,,,Mher isn't GUILTY-FREEDOM,,,Pray And Believe ,,,,Jesus can do some Miracles for you too with God's blessing,,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter