HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ամանորյա տոներին եգիպտացիները հայերին տանում են Շարմ էլ Շեյխ

Եգիպտական 3 ավիաընկերություններ ամանորյա տոներին Հայաստանից դեպի զբոսաշրջային Շարմ էլ Շեյխ փոխադրումներ են սկսել: ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքի փոխանցմամբ՝ ոչ կանոնավոր (չարտերային) թռիչքների թույլտվություններ են տրվել «Air Cairo», «AlMasria Universal Airlines» եւ «Nesma Airlines» ընկերություններին:

Երեկ Շարմ էլ Շեյխ-Երեւան-Շարմ էլ Շեյխ առաջին չվերթն իրականացրել է «Air Cairo»-ն: Այսօր կատարվել է նաեւ երկրորդը: Եվս երկուսը ընկերությունը նախատեսել է հունվարի 5-ին եւ 9-ին:

Այսօր Երեւան է ժամանել ու մեկնել նաեւ «AlMasria Universal Airlines»-ը: Վերջինս ծրագրել է եւս 4 չվերթ, մեկն՝ այսօր երեկոյան, մյուս երեքը՝ վաղը, հունվարի 7-ին եւ 8-ին:   

Հուրգադա-Երեւան-Շարմ էլ Շեյխ ուղեգծով այսօր իր առաջին չվերթն է իրականացնում «Nesma Airlines»-ը: Ընկերությունը մեկ չվերթ էլ կկատարի հունվարի 7-ին՝ Շարմ էլ Շեյխ-Երեւան-Շարմ էլ Շեյխ երթուղով:

Դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 8-ին երկուական անգամ (ընդհանուր 4 չվերթ հետադարձով) Երեւանից Շարմ էլ Շեյխ է նախատեսում թռչել տեղական փոխադրող «Արմենիան»:

Եգիպտական հանգստավայրերից Շարմ էլ Շեյխն ու Հուրգադան վերջին տարիներին մեծ համբավ են ձեռք բերել Հայաստանից արտագնա հանգստի մեկնողների շրջանում: Հոսքը առավել նկատելի է հատկապես ամռանը, աշնան սկզբին եւ ամանորյա տոներին: Սակայն քանի որ Հայաստանից չկան կանոնավոր ավիափոխադրումներ դեպի Եգիպտոս, մեր քաղաքացիները հիմնականում օգտվել ու օգտվում են Թբիլիսիի օդանավակայանի ծառայություններից, որտեղից թռիչքներ է կատարում «Air Cairo»-ն:

Անցյալ տարի այս օրերին Եգիպտոս մեկնել պատրաստվող հայաստանցիների գերակշիռ մասը, տուրիստական գործակալությունների փոխանցմամբ, հետ էր վերադարձրել ամրագրած տոմսերը, քանի որ հոկտեմբերի 31-ին ահաբեկիչների կողմից պայթեցվել էր Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթի ռուսական օդանավը, որն ընկել էր Սինայի թերակղզում: Երկրի անվտանգությանն ու տուրիզմին հասցված այդ ծանր հարվածից հետո, ամեն դեպքում լավ իմանալով, որ իրենց հանգստավայրերը շատ պոպուլյար են մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, եգիպտական փոխադրողները, փաստորեն, որոշել են ձեռքից բաց չթողնել հայկական ուղեւորաշուկան եւ կազմակերպել են ուղիղ չվերթներ Երեւանից:

Հերթական փոփոխությունը

Այսուհետ քաղավիացիայի ոլորտի քաղաքականությունը մշակելու, Հայաստանից մեկնող տեղական ընկերություններին ու ՀՀ եկող օտարերկրյա փոխադրողներին հավաստագրեր ու թույլտվություններ է տալու ոչ թե էկոնոմիկայի նախարարությունը, այլ ՔԱԳՎ-ն, ինչպես արվում էր մինչեւ 2015 թվականը: Ըստ կառավարության՝ համապատասխան որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի արդյունավետ կառավարման համակարգի ներդրման եւ ոլորտի անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությամբ: 2015-ի սկզբից սա արդեն երրորդ փոփոխությունն է, ու կառավարությունը, կարծես, չի կողմնորոշվում, թե ի վերջո որ տարբերակն է ավելի արդյունավետ, թե որ գերատեսչությունն ինչ գործառույթներ պիտի կատարի, թե ով ում պիտի ենթարկվի (շուտով երեւի լսենք կառավարությանն առընթեր ՔԱԳՎ-ն տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը միացնելու մասին): Ուղղակի դժվար է ասել, թե այս անվերջ թվացող վերաձեւակերպումների ընթացքում ինչ է շահում մեր ավիացիան:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter