HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վ. Չախալյան. «Ջավախքահայությունը միշտ միայնակ է զգացել հայապահպանության իր պայքարի մեջ, ուզում եմ, որ 2017-ին մեզ միայնակ չզգանք»

Զավախքի և ջավախքահայության անցնող տարին «Հետքի» հետ զրույցում ամփոփում է Վահագն Չախալյանը

-2016-ն ինչո՞վ առանձնացավ Ջավախքի և ջավաքահայերի համար:

-2016 թվականը նահանջի տարի էր: Ջավախքահայությունը կոնկրետ ձեռքբերումներ չի ունեցել: Ամենամեծ ձեռքբերումը կարելի է համարել այն, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները Ջավախքում խաղաղ մթնոլորտում անցան: Ջավախքահայությունը սովորում է քիչ թե շատ ավելի քաղաքակիրթ ձևով անցկացնել ընտրությունները: Ես միշտ ցավալի եմ տանում, երբ նախընտրական շրջանը լարված է անցնում, և նախընտրական փուլն անձնական թշնամանքի է վերածվում, հետընտրականն էլ՝ նույն կերպ: Ընդհանուր առմամբ, ընտրապայքարն այս տարի համեմատաբար առողջ մթնոլորտում անցավ, առանց կոնֆլիկտների: Նախկինում ընտրություններից հետո ճեղքվածքը զգալի էր՝ հասարակությունը մի քանի մասի էր բաժանվում:

Ցավոք, հայաթափությունը շարունակվել է, գուցե ավելի դանդաղ տեմպերով, քան նախկինում էր: Նկատվել է նաև վերադարձ: Ճիշտ է՝ շատ փոքր, այդուհանդերձ եղել են մեկ-երկու հայրենադարձության դեպքեր՝ պայմանավորված Ռուսաստանի տնտեսության ճգնաժամով:  Մի քանի ընտանիք վերադարձել է Ջավախք:

-Նշեցիք՝ նախընտարական պայքարի քաղաքակիրթ անցկացման մասին, իսկ ընտրություններից հետո ի՞նչ զարգացումներ են նկատվել Ջավախքում, ինչ-որ բան փոխվե՞լ է ջավախքցիների կյանքում: Զավախքից նաև նորընտիր պատգամավոր կա:

Դեռևս շուտ է ազդեցությունների կամ զարգացումների մասին խոսելը, պետք է ժամանակ տալ այդ մարդկանց: Ընտրված պատգամավորներից Սամվել Մանուկյանը ճիշտ է՝ խորհրդարանում նոր է հայտնվել, բայց նա դաշտում այնքան էլ նոր մարդ չէ:

Ջավախքահայության կյանքում լուրջ և էկանան փոփոխություն կատարելու համար նոր տեսակի քաղաքական գործիչներ են հարկավոր, որոնք, ցավոք, չկան: Կան չափանիշներ, որոնց մեջ նրանք չեն կարող տեղավորվել. չունեն համարձակություն` ջավախքցիների հուզող քաղաքական և էական հարցերը բարձրացնելու: Ես չեմ կասկածում նրանց հայրենասիրության վրա, բայց հատկանիշներ են պետք, որոնք, ցավոք, բացակայում են նրանց մոտ:

-Համարձակության բացակայությունը գուցե պայմանավորված է նրանց վրա գործադրված ճնշումներո՞վ:

Անշուշտ, տարիներ շարունակ կենտրոնից տարվող քաղաքականության հետևանք է: Սակայն ժամանակներ են փոխվում: Ինչը տարիներ առաջ անհավանական ու անիրատեսական էր թվում, այսօր հավանական ու իրատեսական է: Քաղաքական գործիչը պետք է ունենա այդ հոտառությունը:

-Ի՞նչն է այսօր իրատեսական:

Իրատեսական է ոչ միայն հայաթափումը կանգնեցնելու գործընթացը, այլև հայրենադարձության ալիք բարձրացնելը: Ճիշտ է, մեծ ջանքեր են պետք, լուրջ մասնագիտական հմտություններ, քաղաքական համարձակություն ու աշխատասիրություն: Գիշեր-ցերեկ աշխատել է պետք, բայց հնարավոր է՝ երկխոսությամբ, բացատրելով: Այսօր կենտրոնում, հակառակ տարիներ առաջ եղած տրամադրությունների, կան շատ մարդիկ, ովքեր հասկանում են, որ ջավախքահայությունը Վրաստանի պետականության ու անվտանգության հիմնաքարերից մեկն է: Ջավախքահայությունը վահան է երկու հարևան ժողովուրդների՝ իրար միանալու ճանապարհին: 10-15 տարի առաջ նման մեծությամբ կախված չէր Վրաստանի թրքացման վտանգը: Սահակաշվիլու ցանած սերմերն այսօր հասկեր են տվել: Նա իր նախագահության վերջին օրերին 40 հազար թուրքի Վրաստանի քաղաքացիություն շնորհեց մեկ օրում այն դեպքում, երբ 30 հազար ջավախքահայի զրկել էր քաղաքացիությունից: Սահակաշվիլու օրոք իրականացան թուրքական գլոբալ նախագծերը՝ Կարս-Ախալքալաք երկաթգիծը, հիդրոէլեկտրակայանը, Բաքու-Ջեյհանը (սկսել էր Շևարդնաձեն), դեպի Ադրբեջան կարճ ճանապարհի ասֆալտապատումը, Կարծախի մաքսակետի բացումը:

-Ծրագրերն արդեն կյանքի են կոչվել և գործում են: Բացասական հետևանքներ նկատվո՞ւմ են:

-Ջավախքցիներին չի տրվել կրթվելու, տեղում մասնագիտություն ձեռք բերելու, ավելի մրցունակ դառնալու հնարավորություն լեզուն չիմանալու պատճառով: Երբ այդ ամենից չի կարող օգտվել տվյալ տարածքում ապրող քո բնակիչը, ով որ մեծ խնդիրների մեջ թաղված էր, և այդ խնդիրները լուծելու համար թողնում է տարածքն ու դուրս է գալիս, գնում է ուրիշ տեղ կրթության, հացի խնդիր լուծելու, այդ ֆոնին այլ տեղերից են բերվում մասնագետներ աշխատելու այդ ծրագրերում: Ինչպես գիտենք, հիդրոէլեկտրակայանի կառուցման ժամանակ ոչ մի հայ չաշխատեց, Կարս-Ախալքալաք երկաթգծի վրա եղան խորհրդանշական թվով հայ աշխատողներ, հիմնականում մի քանի միջին կարգի տեղացի չինովնիկներ և նրանց շրջապատի մի քանի անձինք օգտվեցին, իսկ ողջ ջավախքահայությունը չօգտվեց, և հույս ունենալ, որ հիմա կօգտնվի, դժվար է ասել: Երբ Ախալքալաքը գազիֆիկացվում էր, ես ասում էի ու հիմա էլ եմ ասում, որ կարևորն այն է, որ գազիֆիկացումից հետո իմ երեխան օգտվի դրանից, ասֆալտապատումից հետո այդ ճանապարհից իմ երեխան կարողանա օգտվել: Բայց երբ դու հասկանում ես, որ այնպիսի իրավիճակ է, որ այդ ասֆալտից օգտվելու է մինչ այդ տվյալ տարածքի ցեխի համը չիմացած երեխան՝ դրսից, ասֆալտապատ մի տեղից եկած անձը, այսինքն՝ երբ այդ ամենն արվում է ոչ թե նրա համար, որ բնակիչն օգտվի, այլ պայմաններ ստեղծվեն այլ տեղերից մարդկանց բերելու տվյալ տարածքում ապրելու համար, ես որպես գիտակից մարդ մերժել և մերժում եմ դա:Ավելի լավ է իմ երեխան ցեխի մեջ խաղա, քան ասֆալտապատելուց հետո այդ տարածքում չխաղա, իսկ այդ տարածքում նրա փոխարեն խաղան այլ տեղերից եկած երեխաները: Ավելի լավ է այդ ասֆալտն ընդհանրապես  չլինի: Խոսքը թրքացման վտանգի մասին է, երբ թուրքերը ցանկանում են տներ, հողատարածքներ ձեռք բերել Զավախքում: Ջավախքը Թուրքիայի կողմից կուլ տալու համար շատ փոքր բան է:

Բախտերս մի բանում բերել է, որ նոր իշխանությունները ճիշտ է, չմերժելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարիդարացիական և ռազմավարական հարաբերություններ ունենալու անհրաժեշտության գաղափարը, հասկանում են, որ ռազմավարական գործընկեր լինելը չի նշանակում երկրի տարածքը հավերժ նվիրել քո հարևաններին: Նոր իշխանություններն ամեն դեպքում փորձում են հակակշիռ ստեղծել թուրք-վարցական տնտեսական էքսպանսիային:

-Թուրք-վրացական և Ադրբեջանա-վրացական հարաբերությունները հիմնաված են Վրաստանում միլիոնավոր դոլարներ ներդրումների վրա: Ինչո՞ւ Հայաստանը կամ բազմաթիվ ջավախքահայեր, որոնք Մոսկվայում բիզնեսներ ունեն չեն անում նույնը Ջավախքում՝ ի հակակշիռ թուրքական ներդրումների:

-Ջավախքահայ լինելով հանդերձ` չեմ կարողանում հասկանալ ջավախքահայի հոգեբանությունն այս հարցում: Այս հարցն ինձ էլ է տանջում: Ինչու են տասնյակ հազարավոր դոլարներ կազինոներում և խաղային ապարատներին տալիս այն ժամանակ, երբ կարիք կա մի քանի հազար դոլար ներդրում անել Ջավախքում, և նույն անձինք սկսում են նվնվալ, երբ դրա մասին ես խոսում: Մարդիկ եմ ճանաչում, որ միլիոնավոր դոլարներ են կրվել, չեն չղջացել, բայց երբ խոսքը հասել է սեփական գյուղի գերեզմանոցի պատը կառուցելուն կամ դպրոցում վերանորոգում անելուն, սկսել են լացել: Շատ եմ փորձել հասկանալ, բայց չեմ կարողացել:

-Գուցե խոչընդոտնե՞ր կան կամ մտավախությո՞ւն, որ Ջավախքում իրենց ստեղծած բիզնեսը կարող է խլեն իրենցից:

Սահակաշվիլու տարիներին խոչընդոտներ կային: Սակայն ոչ մի խոչընդոտ չի կարող պատճառ լինել, որպեսզի քո նախնիների ծննդավայրն անտեր ու անխնամ թողնես: Ինչ կորցնելու մասին է խոսքը, եթե նույն կազինոյում ես կրվում, դա էլ է կորուստ: Հայրենիքը պաշտպանելու համար զոհողություններ են անհրաժեշտ. մեկը սեփական քրտինքով է պաշտպանում, մյուսը՝ գիտությամբ, երրորդը՝ գումար ունի դրանով կարող է աջակցել: Հիմա իշխանությունները ողջունում են ցանկացած ներդրում Վրաստանի տարածքում, սակայն մենք չենք տեսնում այդ ներդրումներն անելու հերթեր, ոչ էլ 4-5 առանձին դեպքեր, որ ես կարողանայի հիմա օրինակ բերել:

-Հայ պաշտոնյաները, բիզնեսմենները, այդուհանդերձ, բիզնեսներ են հիմնում Թբիլիսիում կամ Բաթումում, գուցե եկամտաբերությա ՞ն տեսակետից գայթակղիչ չէ Ջավախքը:

-Թբիլիսիում և Բաթումում արված հայերի ներդրումները, համընդհանուր Վրաստանի ներդրումների մեջ, շատ չնչին են: Որքանով ես տեղյակ եմ, այնտեղ ներդրումներ անողները հայաստանյան գործարարներ են, ոչ թե ջավախքցիներ: Անշուշտ, Ջավախքում եկամտաբերությունը քիչ կլինի, գուցե սկզբնական ժամանակահատվածում նույնիսկ չլինի: Բիզնեսմենին չես մեղադրի, ինքն է իր բիզնեսի տերը և ինքը պետք է հաշվարկի: Ամեն դեպքում, երկրների և շուկաների դիվերսիֆիկացման լավ հնարավորություն է այդ ներդրումները Ջավախքում անելը:

-Վրաստանը վիզայի ազատականացման շեմին է: Ջավախքին ու ջավախքցիներին դա որևէ դրական բան կտա՞: Հնարավո՞ր է արտագաղթի մեծ ալիք բարձրանա հիմա էլ դեպի Եվրոպա:

-Վիզայի ազատականացումը, անշուշտ, ունի ինչպես դրական, այնպես էլ կարող է ունենալ բացասական ազդեցություն: Այն, որ այժմ Ռուսաստանը տնտեսական ճգնաժամ է ապրում, այդ ֆոնին հնարավոր է արտագաղթ սկսվի դեպի Եվրոպա: Եվ եթե Ռուսաստանից որոշ տոկոսի հետ վերադարձի հույս կա, ապա Եվրոպայից վերադարձի հավանականությունը շատ ավելի քիչ է:

-Իվանիշվիլու իշխանությունը, երբ նոր էր քաղաքական դաշտ մտնում, ջավախքցիների ձայների դիմաց հայոց լեզվի կարգավիճակի, հայ-վրացական համալսարան կառուցելու և այլ խոստումներ էր տալիս: Այդ խոստումներն ինչ ընթացք են ստացել, որևէ մեկն իրականացե՞լ է:

-Ոչ, ցավոք չեն իրականացել: Երկուսս էլ կիսաբարդույթավորված ազգեր ենք: Իրենց պատճառաբանությունները կիսաընկալելի են: Բացատրում են, որ լուրջ և բարդ խնդիրների առաջ են կանգնած, երկու տարածք են կորցրել: Աջարիայի հետ կապված էլ լուրջ մտավախություններ ունեն: Իրենք ամեն ինչում անջատողականություն և հող կորցնելու վտանգ են տեսնում, և ցանկացած քայլի ցավոտ են նայում: Սահակաշվիլին ահավոր մեծ դերակատարություն ունեցավ հայ-վրացական հարաբերությունները փչացնելու գործում, փոխվստահություն այսօր գոյություն չունի, նոր-նոր սկսել է վերականգնվել: Նոր-նոր Թբիլիսիում և Քութաիսում փորձում են հասկանալ, որ մենք իրենց երկրի բնակիչներն ենք և ունենք նույն իրավունքները: Սակայն փոխվստահության խնդիր կա այսօր. մենք կենտրոնին չենք վստահում, կենտրոնը՝ մեզ: Արդեն այդ մթնոլորտը հետզհետե վերանում է:

-Ի՞նչ ակնկալիքներ ունենալ 2017-ին:

-Անելիքներ շատ կան: Լուրջ մարտահրավեր և սպառնալիք է կախված ջավախքահայության, ինչու չէ նաև ողջ Վրաստանի և Հայաստանի գլխին: Այսօր որքան էլ մենք ուզենանք ժամանակակից քաղաքական տերմիններով մեղմել Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականությունը մեր տարածաշրջանում, փաստ է, որ առաջ է տարվում մեկ ժողովուրդ երկու պետություն հասկացության ցամաքային ճանապարհով միանալու երկարաժամկետ ծրագիրը: Ցավոք, նրանք դեռևս կարողանում են հաջողությամբ իրենց առջև դրած խնդիրները լուծել: Եթե մենք մոտավոր պատկերացնենք Վրաստանի կրոնական գունային քարտեզը՝ կարմիրով մուսուլմաներին, կանաչով՝ քրիստոնյաներին` սկսած 1980-ականներից, ապա կտեսնեինք, որ ինչպես է յուրաքանչյուր տասնամյակը մեկ ավելանում կարմիրը և նվազում կանաչը: Կհասկանանք, որ լուրջ մարտահրավերի առաջ ենք կանգնել: Իսկ ջավախքահայությունն իր կամքին հակառակ գտնվում է այն ճանապարհի վրա, որտեղից ուզում է անցնել թուրքը: Եթե Աստված ոչ անի թուրքն անցնի այդ ճանապարհով, ջավախքահայությունն այնքան չի տուժելու, որքան Թբիլիսին ու Երևանը: Դա պետք է գիտակցեն երկու մայրաքաղաքները և երկխոսության ու կառուցողականության դաշտում հստակ ու արդյունավետ միջոցներ ձեռնարկեն դրա դեմն առնելու համար: Եթե ինչ-որ գործ արվում է մինչ օրս, ապա փաստ է, որ շատ անարդյունավետ: Դժվար է ասել, թե երբ կարմիրի առկայությունը կգերակայի կանաչին մեր տարածաշրջանում, Սահակաշվիլու պլաններով՝ 2030-ին: Սակայն այնքան արագ է ամեն ինչ փոփոխվում և այնքան արագ են պրոցեսներ տեղի ունենում, որ ոչ ոք չի կարող ասել, թե որ թվականին դա կլինի: Ես հակված եմ լավատես լինել և մտածել, որ կարմիրը երբևէ չի գերակայի կանաչին, սակայն դա պիտի ոչ թե ցանկություն լինի, այլ նաև լուրջ աշխատանքի ու հետևողական պայքարի հետևանք: Երբ հայն ու վրացին կոնֆլիկտային հարցերը մի կողմ կդնեն և ուս-ուսի ու ձեռք-ձեռքի կկարողանան իրար երես նայել, իրար լսելով, հարցեր առաջ տանել, այդ ժամանակ էլ արդյունք կլինի:

Ցանկացած ընտանիքում կոնֆլիկտ ու տարաձայնություն կա: Հայ-վրացական կոնֆլիկտն ավելի շատ պետք է թողնել պատմությանը: Եթե նայենք 5000 տարվա պատմությանը, եղել են կոնֆլիկտներ, բայց դրանք շատ փոքր կետեր են: Եվ երբ նույն պատմությունն ուսումնասիրելով տեսնում ես, որ Գերմանիան ու Ֆրանսիան կարողանում են իրար հետ հարցեր լուծել և անկեղծ հարաբերություններ հաստատել, ի՞նչն է խանգարում հայերին և վրացիներին նույն կերպ ապրել: Եթե անգամ համարենք, որ հայերենին կարգավիճակ տալը ինչ-որ տեղ զիջում է, պետք է զիջման գնալ ընդհանուր շահերի համար, առավել ևս, որ սպառնալիքն ավելի քան երբևէ այսօր կախված է երկու փոքր քրիստոնյա պետությունների գլխին: Արդեն 10 տարի է՝ մեր ընտանիքում հայ-վրացական կոնֆլիկտ կա, բայց մենք վիճում ենք, թե ով է ավելի շատ սիրում ու հարգում մյուսին: Ես ասում եմ՝ հայն է ավելի շատ սիրում և հարգում վրացուն, մյուսն ասում է՝ վրացին է ավելի շատ սիրում և հարգում հային: Այսինքն՝ կա իրական ցանկություն, որ եթե հայի և վրացու մեջ ինչ-որ վեճ է լինելու, ապա դա լինի ավելի շատ սիրելու և հարգելու շրջանակներում, որ մեկս մյուսիս չկարողանանք ապացուցել, թե ով ում է ավելի շատ սիրում և հարգում:

Ցավոք, մենք և մարդկային ռեսուրսով ենք թույլ, և այլ: Սակայն այդ ռեսուրսը դեռևս կա՝ Ջավախքը ոտքի հանելու, հայաթափումը կանգնեցնելու, հայրենադարձություն կազմակերպելու: Ցանկությունս է, որ 2017 թիվը լինի միասնության տարի: Այսօր մեր առջև ծառացած խնդիրները դրսից պարտադրված են, և այսպես պառակտված մենք լուրջ արդյունքներ գրանցելու ի վիճակի չենք: Մեզ պետք է նաև մի փոքր հանդուգն ու խիզախ լինել: Կյանքն ինձ համոզել է, որ հաջողությունը սիրում է հանդուգներին և համարձակներին:

Ջավախքի հայապահպանությունն իր գինն ունի, և մենք պետք է պատրաստ լինենք դա վճարելուն. պիտի կարողանանք լեզու գտնել, ակտիվ լինել, շփումներն ավելացնել, բացատրական աշխատանքներ տանել, լսել միմյանց:

Առաջիկայում Հայաստանում ընտրություններ են: Կուզենայի, որ ցանկացած կուսակցություն, քաղաքական ուժ իր հստակ դիրքորոշումն ունենար Ջավախքի հայապահպանության հարցում, ինչպես որ ցանկացած քաղաքական ուժ իրավունք չունի հայաստանյան քաղաքական դաշտում գոյատևելու քանի դեռ չունի իր դիրքորոշումն Արցախի հարցում:

Կուզենայի, որ ոչ թե ավելի շատ մտածենք թանկ ու ճոխ սեղանների մասին, այլ համեստ սեղանների հաշվին մի քիչ տնտեսենք և այդ տնտեսած գումարներն ուղղորդենք մեր զավակների կրթությանն և գիտլիքներ ստեղծելուն, ինչու չէ նաև սպորտին:

-Ո՞րն է 2017-ի մարտահրավերը:

-Առաջնահերթ է հայոց լեզվի պահպանման, դպրոցներում դասավանդման խնդիրը, որը նորից պետք է համատեղ փոխգործակցությամբ լուծվի: Ավելի կարևոր է Ջավախքում աշխատատեղեր ստեղծելու հարցը, որտեղ միանշանակ քաղաքական խոչընդոտներ չկան այս պահին, և շատ բան կախված է մեզնից: Ամեն մի ջավախքահայ պոտենցիալ արտագնա աշխատանքի գնացող ու երկիրը լքող է, ամեն մի 18-ամյա դպրոցն ավարտած երիտասարդի հեռանալու հեռանակարը կանգնեցնելն այսօր դեռևս օրհասական է:

Այսօր Ջավախքում առաջնահերթը հայապահպանության խնդիրն է: Սակայն դա ամբողջական կլինի այն ժամանակ, երբ կլինի կայուն ու հզոր Վրաստան ու կայուն ու հզոր Հայաստան: Այսօր վիրահայությունը հզոր կառույցի կարիք ունի: Շատ նուրբ ժամանակաշրջան է հիմա, պետք է զգույշ մոտեցում ցուցաբերել: Ջավախքի հայապահպանությանն այլընտրանք չկա: Անշուշտ, այլընտրանք չկա նաև հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների պահպանմանը, ամրապնդմանն ու զարգացմանը: Սխալված չեմ լինի նաև ասել, որ այս ուղղությամբ անելիքներ շատ կան, մինչև որ այդ հարաբերությունները չդառնան ռազմավարական գործընկերների հարաբերություններ:

Հայաստանի և Վրաստանի պետականությունները նման են երեքոտնուկի, երկու տարբեր աթոռների, որոնց երրորդ ոտքն ընդհանուր է, այդ երրորդ ոտքը հենց Ջավախքն է: Պատկերացրեք, որ երկու պետականության տակից էլ այդ ոտքը հանել են ուզում: Ջավախքը տարածաշրջանի պորտն է կամ երկու քրիստոնյա ժողովուրդների աքիլլեսյան գարշապարը: Պատկերացրեք՝ Հայաստանը և Արցախը թուրքական պարկի մեջ հայտնված, պարկի բերանն էլ Ջավախքն է: Ալիևն ու Էրդողաը, ոչ մի միջոցի առաջ կանգ չառնելով, կուզեն այդ պարկի բերանը վերջնականապես փակել: Մի քանի կազմակերպություններով կփորձենք ամեն կերպ դիմակայել այդ գործընթացին: Ցավոք, մենակ ենք: Որքան էլ ասածս ոչ հաճո հնչի, բայց ջավախքահայությունը միշտ իրեն միայնակ է զգացել հայապահպանության իր պայքարի մեջ: Ուզում եմ, որ 2017-ին մենք մեզ միայնակ չզգանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter