HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լքված տան մահը

(Ամանորի առթիվ)

-       Բարի լու՜յս, հարևանս: Ինչպե՞ս ես: Օրդ ինչպե՞ս սկսեցիր:

-       Բարի առավոտ հարևանս, որ ասեմ՝ լավ, կհավատա՞ս: Մանավանդ էսօրն իմ համար վառ հիշողությունների, տխուր ապրումների, հույզերի օր է:

-       Էլի տիրոջդ հե՞տ է կապված:

-       Հա՛, բա էլ ու՞մ: Է՜հ, հարևանս, պատմել, սիրտս բանալ եմ ուզում, թե չէ մեկ էլ տեսար՝ անհանգիստ շարժումներիցս պատերս փուլ եկան:

-       Խոսի՛ր, հարևա՛նս, բա մեր հնօրյա հարևանությունն էլ ինչի՞ համար է, որ մեկս մյուսիս չլսենք:

-       Էէէ՜հհ, ի՞նչ ասեմ՝ ուղիղ երեսուն տարի առաջ էս օրն իմ բոլոր սենյակներումս, անգամ՝ նկուղումս ու մառանումս, մի խոսքով՝ ողջ քունճ ու պուճաղումս եռուզեռ էր, ուրախություն, Գրիգոր տացուիս մեծ ընտանիքի ամեն մի անդամ ինչ-որ բանի էր շտապում. էդ օրը պսակում էին տացուիս միջնեկ որդուն՝ Հրանտիկին: Առավոտյան շուտ մեծ հյուրասենյակիս պատերի ողջ երկայնքով բացվեցին սեղանները, եկան մաղրվորները, կենացներ, դհոլ-զուռնա, գնացին հարսի հետևից, հետո երեկոյան կողմ վերադարձան ու մինչ ուշ գիշեր պատերս զրնգում էին ուրախության կանչերից, ա՜խ… ի՜նչ օրեր էին, անցան - գնացին…

-       Հա, ես էլ հիշեցի հարևանս, Գրիգոր տացուի բոլոր չորս զավակների՝ և՛ երեք որդիների, և՛ աղջկա հարսանիքները լավ հիշում եմ, ուղղակի՝ տարեթվերն եմ մոռացել, դե, քո հիշողությունն ո՞վ ունի:

-       Է՜հ, անցյալի հուզառատ պահերս, միջիս դատարկությունն ու ամենօրյա տառապանքներս են ստիպում մեկառմեկ վերհիշել ամեն ինչ: Ա՜խ, ինչու՞ գնացին բոլորը, ի՞նչ են գտել Մոսկվայում, գիտե՞ս, հարևանս, Գրիգոր տացուն գնացած օրից տեղը չի գտել, ու՞մ հայրենի տնից տանես Մոսկվա, հանես 17-րդ հարկը, որ դիմանա: Նա ամեն օր պահանջել է իրեն տանել իր տուն, բայց լսող չի եղել, մի քանի ամսում սարի պես մարդը դարձել է մի բուռ, և մի օր էլ նրան մահճակալում անշարժացած են գտել, է՜հ, երևի կարոտով լցված հայացքը դեպի ինձ հառած… Դրանից մեկ տարի անց մահացավ նաև Սրբուհի տատիկը, և այդ ժամանակներից սկսած Գրիգոր տացուիս չորս զավակներին, թոռներին ու ծոռներին կարոտ եմ մնացել, գոնե շուտ-շուտ գային, թեկուզև ամառները: Մի քանի անգամ որդիներն եկան, իսկի իմ մոտ էլ չգիշերեցին: Չգիտեմ, հարևանս, մի տեսակ խորթացել են իրենց հայրական տնից, դե, թոռների մասին էլ չխոսեմ. բոլորովին ռուսացել են, և մի ողջ սենյակ գրադարանս, որ Գրիգոր տացուն ամենայն խնամքով, խանդավառությամբ ու ապագայի հանդեպ անսահման հավատով լցված ստեղծել էր իր թոռների ու գալիք սերնդի համար, այժմ գրեթե անտեր է: Է՜հհ, ո՞րն ասեմ, որը թողնեմ…  

-       Չգիտեմ ինչ ասեմ, հարևանս, մի բան էի ուզում քեզ հայտնել, բայց էսքան դարդերիդ հետ վախենում եմ չդիմանաս:

-       Ի՞նչ է պատահել: Հո Գրիգոր տացուիս որդիներին բան չի՞ պատահել Մոսկվայում:

-       Չէ, բոլորն էլ ողջ-առողջ են: Ավելին ասեմ՝ վերջերս իմ տիրոջ ընտանիքում անընդհատ խոսք է գնում այն մասին, որ քեզ վաճառել են…

-       Իիիի՞նչ, ծախե՞եել, ու՞մ են վաճառել, էս ի՞նչ ասեցիր, հարևա՛նս,- զայրույթից տան պատուհանների ապակիները դողացին,- ես Գրիգոր տացուի սեփականությունն եմ, ինձ ո՞վ իրավունք ունի ծախելու:

-       Չգիտեմ, հարևանս, գիտեմ մի բան, որ հենց քո Գրիգոր տացուիդ որդիները վերջերս եկել են, քո փաստաթղթերը կարգավորել են և վաճառել ինչ-որ մի ֆիրմայի, որքան հասկացա՝ օտարերկրյա ֆիրմա է, որը մեր մոտ գործունեություն է ծավալում:

-       Այ քեզ բաաան, վաճառել, այն էլ օտարերկրացու՞: Ես Գրիգոր տացուիցս հետո ոչ մեկին չեմ պատկերացնում իմ մեջ ապրելիս, իմ մեջ ամենուր նրա շունչն է, նրա գրասեղանը, գրադարանը… ո՞վ է տեր ու տիրական դառնալու այդ ամենին:

-       Չգիտեմ, ես ասեցի այն, ինչ լսել եմ: Դե լավ կաց, հարևանս, իմ տիրոջ թոռներն արդեն արթնացել են, մի մեծ տոնածառ են զարդարել, հա՛, չես մոռացել, չէ՞, շուտով Նոր տարի է, տիրոջս փոքրիկներն արդեն սկսեցին երգը՝ “Տոնածառ ջան, տոնածառ…”, ես դրանց ջանին մեռնեմ: Գիտե՞ս, թե ով է այդ երգի հեղինակը. մեր Գորի քաղաքում ծնված հռչակավոր կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին գիտե՞ս:

-       Հա, ոնց չգիտեմ, ի՞նքն է:

-       Չէ, իր հարազատ հայրը՝ Միքայել Միրզոյանը, էնպես, որ…

-       Էէէ՜հհ, հարևանս, գիտես, թե Գրիգոր տացուս իր մեծ ընտանիքով ինչ Նոր տարի էր նշում, երնեկ այդ տարիներին… Հիմա ու՞մ հետ ես նշեմ: Գոնե մի քանի ժամանակ առաջ վարձով մնացող կային, գյուղացի մարդ էին, էստեղ Ախալքալաքում գործ-մործ էին անում, բայց էնքան անփույթ էին, որ գույքիս ահագին վնաս հասցրին, Գրիգոր տացուիս թանկարժեք սեղանը փչացրին, պատուհաններս բաց թողին՝ քամին ջարդեց, հիմա էնքան ցուրտ է ինձ մոտ: Քեզ ի՞նչ կա՝ տեր ու տիրական ունես, պատուհաններդ գեղեցիկ, եվրոպական, տանիքդ՝ ցինկապատ, մի տեսակ ջահելացել ես, հարևա՛նս: Քանի որ հիշեցրիր Նոր տարվա մասին՝ արի ինձ մաղթիր, որ տերերս՝ Գրիգոր տացուիս որդիները վերադառնան, և գալիք տարում մեր  Ջավախքում ոչ մի տուն իմ նման անտեր չմնա…       

-       Ուուուուուուուուու-ուուուուուուու…….

-       Գնացքի ձայն է, հարևա՛նս, Թիֆլիսից եկավ, ա՜խ, երանի հետը բերեր Գրիգոր տացուիս՝ իր ողջ գերդաստանով, իիի՜նչ Նոր տարի կնշեինք…

-       Էդ Թիֆլիսից եկողը չէ, հարևա՛նս, իր ձայնն էդպես բարձր չէ, էդ մեկը Կարծախից եկավ:

-       Կարծախի՞ց, կատակու՞մ ես, Կարծախ ի՞նչ գործ ունի գնացքը:

-       Էէէ, մեջդ մարդ չի ապրում, աշխարհից հետ ես մնացել, չգիտե՞ս, որ արդեն բացվել է մեզ Թուրքիային կապող երկաթգիծը, հիմա մեր մոտ ամենուր թուրքեր են: Գիտես, հարևանս, ինձ թվում է, որ քեզ գնող ֆիրման էլ է թուրքական: Էնպես որ, պատրաստվիր… Տե՛ս՝ գնացքից իջած մարդիկ մոտենում են, երևի իրենք են, նոր տերերդ, այո՛, այո՛, հաստատ իրենք են, թուրքերեն են խոսում: Դե, կանգուն կաց, ես կողքդ եմ, չմտածե՛ս:

-       Կաց, կաց, հարևա՛նս, էս ինչ մարդիկ են, էս ովքե՞ր են, էս ի՞նչ օրն ընկա, դավաճաննեեեեե՜ր, հարևա՜նս, էէէ՜յ, հեեեե՜յ, չմոտենաաա՜ք ինձ, ես Գրիգոր տացուի տունն եեե՜մ, չմտնեեեե՜ք, հեեե՜յ, հարևաաաա՜նս, օգնեցեեեե՜ք, հեեե՜յ, շունչս կտրվում էէէէ՜, կոկորդս ինչ-որ մեկը սեղմուուում էէէ՜, վաաա՜խ, ընկաաա՜, օգնեցեեե՜ք…

…. Մինչ դիմահայաց կանգնած Տավշանկա բլրի լանջին մերթընդմերթ հասնում էին հարազատ և օտար ձայներ՝ “Տոնածառ ջան, տոնածառ…”, “Չոք իյի էվդիր, յարըն օնարըմը բաշլըյաչաղըզ… (Շատ լավ տուն է, վաղը սկսելու ենք վերանորոգումը…)”, ախալքալաքցի հռչակավոր Գրիգոր տացուի լքված տունը մի քանի րոպե անց հոգին ավանդեց…

Վահե Սարգսյան

30 դեկտեմբերի, 2016 թ.     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter