HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հուլիսին գրանցվել է միջին աշխատավարձի ամենաբարձր ցուցանիշը

2016-ի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը ամենաբարձրը եղել է հուլիս ամսին, երբ այն կազմել է 198 հազար դրամ։

Դրան հակառակ, 2016-ի ամենացածր աշխատավարձը՝ 177 հազար դրամ, արձանագրվել է հունվարին։ Համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հանրապետությունում միջին աշխատավարձը փետրվարից հետո բարձր է եղել 180 հազար դրամից։

2016-ի տասնմեկ ամիսների միջին աշխատավարձի ցուցանիշները ամփոփել ենք գծապատկերում:

Եթե 2016-ի հունվար-նոյեմբերի տվյալները համեմատենք 2015-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա կնկատենք, որ միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 2-4 %-ով և նույնն է մնացել միայն հոկտեմբերին։ Իսկ աշխատավարձի ամենաբարձր՝ 4 % աճը գրանցվել է փետրվար ամսին։

Պետական սեկտորի միջին աշխատավարձը, ըստ պաշտոնական վիճակագրության, 2016-ի հունվար-նոյեմբերին մեծամասամբ տատանվել է 150 հազար դրամի սահմաններում, մինչդեռ ոչ պետական սեկտորի աշխատավարձը՝ 209-225 հազար դրամի շրջանակներում։

Ի դեպ, եթե հավատանք այս տվյալներին, ապա պետական ապարատի աշխատավարձերը 2016-ի առաջին 11 ամիսներից 9-ում նվազել են՝ միայն բարձրանալով փետրվար և մարտ ամիսներին: Սրան հակառակ՝ ոչ պետական հատվածի աշխատավարձերը 2016-ի հունվար-նոյեմբերին մշտապես ավելացել են։

ԱՎԾ-ն ներկայացրել է ՀՀ մարզերի և Երևանի միայն հոկտեմբեր ամսի միջին ամսական անվանական աշխատավարձը, որից պարզ է դառնում, որ ամենաբարձր միջին աշխատավարձը եղել է Սյունիքի մարզում՝ 212 հազար դրամ: Սյունիքին հաջորդում է Երևանը, որտեղ աշխատավարձը հոկտեմբերին եղել է 195 հազար դրամ. երրորդը Արարատն է՝ 162 հազար դրամով։

2016-ի հոկտեմբերին, 2015-ի նույն ամսվա համեմատությամբ, միջին ամսական աշխատավարձի ամենաբարձր աճն արձանագրվել է Տավուշի մարզում, որտեղ աշխատավարձը, համաձայն պաշտոնական վիճակագրության, աճել է 15%-ով:

Հավելենք, որ միջին ամսական անվանական աշխատավարձը հաշվարկվում է՝ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ միջոցների ընդհանուր գումարը (ինչպես դրամական, այնպես էլ բնաիրային տեսքով) հարաբերելով աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter