HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ հատուկ ծառայությունները Պուտինին մեղադրում են ընտրություններին միջամտելու համար

ԱՄՆ հատուկ ծառայությունները համոզված են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կանգնած է Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին սատարելուն ուղղված արշավի հետևում:

Հատուկ ծառայությունների զեկույցի գաղտնազերծված տարբերակում (.pdf) նշվում է, որ ռուսաստանյան հաքերներն են հարձակման ենթարկել Դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային փոստը:

Զեկույցի համաձայն՝ Վլադիմիր Պուտինի պատվիրած արշավը մեծ հավանականությամբ ազդել է Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Ռուսաստանի նպատակը, ըստ դրա, եղել է ԱՄՆ դեմոկրատական գործընթացների հանդեպ հավատը խաթարելը, Հիլարի Քլինթոնին զրպարտելը և նրա ընտրվելու հնարավորությանը վնասելը: Հատուկ ծառայությունները պնդում են նաև, որ Պուտինն ու ՌԴ կառավարությունը նախընտրություն են տվել ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին: «Մենք մեծապես վստահ ենք այս դատողություններում»,- գրված է Ազգային անվտանգության գործակալության (NSA), Կենտրոնական հետախուզական գործակալության (CIA) և Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) համատեղ զեկույցում:

Հետախուզական գործողություններից բացի, Կրեմլը մեղադրվում է նաև պետական տեղեկատվամիջոցների և սոցիալական ցանցերի օգտատերերի միջոցով բացահայտ քարոզչություն անելու համար: Ամերիկյան որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գործակալությունները ձեռք են բերել նամակներ, որոնցով ռուս բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորում են Դոնալդ Թրամփի հաղթանակը:

Զեկույցի գաղտնի տարբերակը հինգշաբթի ներկայացվել է գործող նախագահ Բարաք Օբամային, ավելի ուշ՝ նաև Դոնալդ Թրամփին: Վերջինս գաղտնի ծառայությունների ղեկավարների հետ հանդիպումը բնութագրել է որպես «կառուցողական», բայց հերքել է տեղեկությունը՝ պնդելով, որ հաքերային հարձակումները որևէ ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա: Նա նաև խոստացել է նախագահության առաջին 90 օրերի ընթացքում նշանակել թիմ՝ կիբերհարձակումները դադարեցնելու պլան մշակելու համար:

Հանդիպումից ժամեր առաջ՝ New York Times-ին տված հարցազրույցում Թրամփն այս ամենը անվանել է իր հակառակորդների կողմից կազմակերպված «վհուկների քաղաքական որս», քանի որ ուրիշ կառավարությունների կողմից մյուս հաքերային հարձակումները բավարար լուսաբանման չեն արժանանում: Իսկ ուրբաթ Թվիթերում կատարած գրառումով խնդրել է հետաքննել, թե ինչպես է խիստ գաղտնի տեղեկությունը տրամադրվել ամերիկյան հեռարձակող NBC-ին՝ նախքան այն հասանելի կլիներ իրեն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս մեղադրանքներին անդրադարձել է դեռևս 2016թ-ի դեկտեմբերին՝ մամուլի ասուլիսի ժամանակ՝ ասելով, որ «պարտված կողմը միշտ էլ այլ տեղ է փնտրում մեղավորների»: Կարևորը, ըստ նրա, այն չէ, թե որտեղից են եղել հաքերները, այլ նրանց տրամադրած տեղեկության բնույթը: Պուտինի խոսքով՝ լավագույն ապացույցը նրա, որ հաքերները բացահայտել են ճիշտ տեղեկություն, այն է, որ Դեմոկրատական կուսակցության առաջնորդը հրաժարական տվեց այդ տեղեկությունների հրապարակային դառնալուց հետո:

Նամակները հրապարակած Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը նույնպես ասել է, որ Մոսկվան չէ Դեմոկրատական կուսակցության նամակագրությունների արտահոսքի աղբյուրը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել էր նահանգներից արտաքսել 35 ռուս դիվանագետների, ինչին Ռուսաստանը հրաժարվել էր պատասխանել նույն կերպ:

Լուսանկարը՝ Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter