ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Կոտրված սրտով «Last Christmas»-ն ու Ջորջ Մայքլի վերջին Սուրբ Ծնունդը



2016 թվականն, ինչ խոսք, իր բոլոր լավ ու վատ պատմություններով հանդերձ, կորուստներով լի տարի էր: Դա տեսանելի էր հասարակական, սպորտի, քաղաքական, գիտական և, հատկապես, արվեստի ոլորտներում: Երաժշտությունն այս առումով աններելիորեն դատարկվեց: Թվում էր, թե խորը շունչ քաշելով՝ ուր որ է հրաժեշտ ենք տալու նորություններին, երբ լսվեց ևս մեկ անուն՝ Ջորջ Մայքլ:

Նրա անակնկալ մահվան առիթով լրատվամիջոցները կարճ մամլո հաղորդագրություններ տարածելիս անգամ հիմնականում նշում էին՝ «մահացել է «Last Christmas» հիթի երգիչը», կամ «Նախօրեին աշխարհի շատ երկրներում նշված Սուրբ Ծնունդը հայտնի «Last Christmas»-ի երգչի կյանքում էլ վերջինը դարձավ»: Նրան բոլորը հիշատակում և ցավակցում էին այս հայտնի հիթով:

Այո, Ջորջ Մայքլին (Գեորգիոս Կիրիակոս Պանայոտու) հիմնականում այս երգով էլ երևի կշարունակեն հիշել, թեև դրանից հետո նա ներկայացրել է մեկը մյուսից ավելի հարուստ ու հետաքրքիր գործեր, ալբոմներ: Այս արտիստն, անխոս, կարողացել էր իր գործունեությամբ, առանձնահատուկ կերպարով ու գործի հանդեպ բծախնդիր պատասխանատվությամբ դառնալ աշխարհի ամենայուրահատուկ երաժշտական կերպարներից մեկը:

 

Last Christmas. Վերջին Սուրբ Ծնունդ

Այս երգի պատմությունը սկսվում է 80-ականներից և մինչ օրս համարվում է Սուրբ ծննդյան տոների և Նոր Տարվա ամենասիրված, ամենահայտնի և ամենաշատ հնչող երգերից մեկը: Այն մշտապես ասոցացվել է տոնական օրերի տրամադրության հետ, և ամենուրեք առավել շատ հիշվում և հնչում է միայն այս օրերի ընթացքում:

Իրականում, մեղմ ասած, երգն այնքան էլ կապ չունի ո՛չ Ամանորի, ո՛չ էլ Ծննդյան տոների հետ: Եթե չլիներ այդ արտահայտությունը՝ «Last Christmas»-ը, ուրիշ ոչ մի կերպ հնարավոր չէր լինի այն դասել տոնական երգերի շարքում: Աչքի անցկացրեք երգի տեքստը և ինքներդ էլ կհամոզվեք, որ այնտեղ «Last Christmas»-ի փոխարեն նույն հաջողությամբ կարող էր լինել «Last Valentine’s Day» կամ «Last Easter», կամ, ինչու՞ չէ, «Last Independence Day»: Այդպես  հաճախ է լինում, երբ ստեղծագործության իրական տրամադրությունն ու հանրության արձագանքը հակառակ եզրերում են հայտնվում. հիշենք Սթինգի հանրահայտ «Every Breath You Take» երգը: Այդպես նույնիսկ կարելի է ասել շվեդական «Աբբա» խմբի «Happy New Year»-ի մասին:

Սակայն հակառակ այս ամենին՝ «Last Christmas»-ը դարձավ Ամանորի տոնական ստանդարտ, սկզբում՝ մասնավորապես Մեծ Բրիտանիայում: Մայքլն էլ կարծես թե մեծ ակնկալիքներ է ունեցել երգի հետ (միգուցե հենց այդ արտահայտության), իսկ դրանք արդարացան, և երևակայած չափանիշներից ավելի բարձր թռիչքներով: Եթե Սթինգը զարմանում և երբեմն բարկանում էր իր երգի հանդեպ երաժշտասերների մոտեցման վրա, ապա Մայքլը նրանց արձագանքներում ակնկալում էր նվաճել բարձունքներ, թեկուզ «Christmas» բառի ներգործությամբ: Հարցազրույցներում նա նշել է, որ «Վերջին Սուրբ Ծնունդ»-ը՝ «Last Christmas»-ը գրելիս, նա մեծ հույսեր է կապել դրա հետ: Այնպիսիք, ինչպիսիք լինում են բոլոր ստեղծագործողների կյանքում, մինչև աստղային հանրահայտության հասնելը: Նա ևս փափագում էր ունենալ այն մեկը, որով կանմահանար որպես փոփ կերպար: Հասնել փառքի, բայց, ինչպես իրեն էր հատուկ, չհեռանալով որակի սահմաններից: Միևնույն ժամանակ հասնել այդ երազանքին՝ չմոռանալով նաև նյութական բովանդակության կարևորությունը: «Ես նպատակ ունեմ մեր տոնական սինգլի վաճառքը հասցնել 1,5 միլիոն օրինակի»,- ասել է նա երգի թողարկումից կարճ ժամանակ անց:

Երգը գրվել է 1984թ. փետրվարին: Ջ. Մայքլն այն ժամանակ անգլիական հայտնի փոփ դուոյի՝ «Wham»-ի կազմում էր: Մի երեկոյի ողջ ընթացքում նա մտքում անընդհատ ուրվագծում էր ապագա երգի պատկերը: Առավոտյան երգն արդեն կազմ ու պատրաստ վիճակում ներկայացավ Էնդրյու Ռիջլին («Wham» խմբի երկրորդ անդամը): Մայքլը ամբողջությամբ ձևավորել էր նաև մեղեդին: Այն պատմություն էր կոտրված սրտով մի սիրահարի զգացմունքների մասին: Հենց այս հերոսի անունից էլ երգը հնչում է: Նա իր սիրո խոստովանությունն արել էր անցած՝ նրանց « վերջին Ծննդյան տոնի օրը», և չնայած անցնում է արդեն մեկ տարին և հերոսն ամեն ինչ անում է նոր, ավելի ազնիվ սեր գտնելու համար, սիրտ այրող գեղեցկուհին դեռ իր սրտում է:

«Last Christmas»-ը թողարկվեց 1984թ. դեկտեմբերին, «Everything She Wants» սինգլին կից: Տեղական ռադիոկայանները մինչ այդ հասցրել էին արդեն երաժշտասերներին «անհանգստացնել»: Այն անմիջապես բարձրացավ բրիտանական սինգլների չարտերն ու ամուր հաստատվեց 2-րդ տեղում (13 շաբաթ): Միակ պատճառը, որ այդպես էլ չնվաճեց 1-ինի բարձունքը, այստեղ բազմած հատուկ համամարդկային առաքելությամբ և նշանավոր «Do They Know It’s Christmas?» («Band Aid») երգն էր: Սակայն դա ամենևին չխանգարեց «Last Christmas»-ին դառնալ բրիտանական երաժշտության պատմության մեջ ամենավաճառված, բայց երկրորդ հորիզոնականում մնացած սինգլը (մինչ օրս 1,8 մլն. օրինակ): Ի դեպ, սինգլի վաճառքից գոյացած հասույթը, «Wham»-ի որոշմամբ, ներդրվեց նույն բարեգործական ֆոնդում, որը «Band Aid»-ը ստեղծել էր Եթովպիայում սովից մեռնող մարդկանց օգնելու նպատակով:

Ճապոնիայում «Last Christmas» երգի վաճառքը հասավ 600 հազարի, և սա այն դեպքում, երբ այն նույնիսկ ճապոնական լավագույն տասնյակում տեղ չէր գտել: Կոմերցիոն մեծ հաջողությունները շարունակվեցին աշխարհի տարբեր երկրներում: «Last Christmas»-ը մինչ օրս աշխարհի ամենահայտնի ու պահանջված երգերից մեկն է: Այն ունի բազմաթիվ քավըր տարբերակներ, որոնց թիվն ավելանում է ամեն տարի՝ Ամանորը դիմավորելիս:

Ջ. Մայքլի լուսանկարները` երգչի պաշտոնական կայքէջից ( www.georgemichael.com)

Գլխավոր լուսանկարը` Մայքլ Փութլանդի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ