Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Դավիթ Ամալյան. «Երկրից հնարավոր չէ խռովել»



Հարցազրույց երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի հետ

-Սովորաբար տարեվերջին կամ տարեսկզբին սկսում են ամփոփել տարին: Ի՞նչ ձեռքբերեցինք, ի՞նչ կորցրեցինք:

-Կորուստներն իրականում շատ մեծ էին, որովհետև մի հոգու կյանքն էլ շատ թանկ է մեզ համար, եթե չեմ սխալվում նախորդ տարի 100-ից ավելի զոհ ունեցանք, դա շատ մեծ թիվ է:

Ձեռքբերումը համախմբումն էր, որ տեղի ունեցավ: Ե՛վ արտաքին, և՛ մեր ներքին թշնամիները տեսան, որ մենք կարող ենք համախմբվել: Ցավում եմ, որ միայն արտաքին թշնամու ակտիվության ժամանակ ենք համախմբվում, եթե համախմբված մնանք, արտաքին թշնամու ոտնձգություններն ուղղակի չէին լինի: Պատկերացրեք, կենդանիների աշխարհում երբ առյուծները համախմբված են լինում, շակալները երբեք չեն հարձակվում: Հակառակ դեպքում շակալները միշտ փորձ են անում վնաս տալու: Համարյա կենսաբանական երևույթ է:

-2013-ին երբ զրուցում էինք, ասացիք՝ չեք ուզում, որ խռովենք մեր երկրից: Ինչ-որ բան փոխվե՞լ է այս ընթացքում:

-Երկրից հնարավոր չէ խռովել: Էն, ինչից պիտի խռովենք, խռոված էլ մնում ենք, բայց դա երկրից չէ: Անհատի, մարդու խնդիր է: Վերջերս միշտ ասում եմ դա, բայց սխալ են հասկանում ինձ: Մարդն է վատը լինում: Այդ նույն մարդը, ենթադրենք, կարող է լինել էլեկտրիկ, տաքսու վարորդ կամ նախարար: Մարդու տեսակն է: Եթե հարևանդ վատն է, չի նշանակում, որ շենքդ պիտի լքես, բայց էդ նույն շենքում լավ մարդիկ կան, չէ՞: Իմ ապրելակերպը կոնկրետ էսպիսին է՝ ես ստեղծել եմ իմ աշխարհը և իմ աշխարհում հավատում եմ իմ երկրին:

-Բայց դա իրականությունից խուսանավելու ձև է:

 -Չէ, օրինակ, որ իմ ընկերների հետ շփվում եմ, մենք ոչ հող պիտի տանք, ոչ էլ էստեղից պիտի գնանք: Այսինքն՝ մեր աշխարհում էդպես է՝ մենք ապրում ենք էնպես, ոնց ուզում ենք ապրել: Դժվարությունները բոլորիս էլ հայտնի են: Մենք էլ ենք պարտքերի մեջ, վարկերի տակ, բայց երբևէ որևէ մեկիս մտքով չի անցնում գնալ: Ես չեմ մեղադրում գնացողներին, որովհետև բարոյական իրավունք չունեմ մեղադրել մարդուն սոցիալական շատ ծանր պայմանները լքելու համար: Մյուս կողմից՝ երկրի վիճակը ոչ բարվոք է, բայց հույսս մեծ է:

-Անկախության այս տարիներին ի՞նչ կորցրեցինք:

-Հավատը կորցրեցինք: Դա մեծ կորուստներից մեկն է: Գլոբալ առումով դժվար կորի հավատը, որովհետև ինչ վերաբերում է տիեզերքին, չես կարող կորցնել տիեզերք: Կորցրեցինք հավատն ինչ-որ բանի հանդեպ: Օրինակ, նախկինում ավելի էնտուզիազմով էի մասնակցում ապաիշխանական բոլոր պայքարներին, բայց հիմա հասկացա, որ ինչքան իշխանություններն են զիբիլ, էնքան էլ դրանց դեմ պայքարողների մեծ մասը:

-Ո՞րն է այդ հիասթափության պատճառը:

-Որովհետև էդ գործով զբաղվում են հիմնականում նրանք, ովքեր ինչ-որ կարիերայի ձգտում են: Իսկ դրան ձգտողներն այն մարդիկ են, ովքեր սկսում են հիանալ իրենք իրենցով: Դա մարդկության մեջ է, պարտադիր չէ լինի քաղաքականության մեջ: Նույն արվեստի բնագավառում մարդիկ կան, իրենք իրենց էնքան են սիրում, որ կողքից ոչ մեկին չեն նկատում: Իսկ եթե այս սիրելու ունակությունը տայիր հանճարեղ Մոցարտին, իր հանճարը ցուցադրելու միջոցները կկորցներ:

Մեզ մոտ, չգիտեմ ինչու, ինքնասիրահարված լինելը տարածված է: Հիմնականում լինում են նրանք, ովքեր կամ իշխանության մեջ են, կամ ուզում են դառնալ իշխանություն: Երկուսն էլ զզվելի են: Երկու դեպքում էլ բացառություններ կան: Չեղա՞վ, որ մարդու խնդիր է:

-Բայց եթե այդ իշխանությունները կոռուցպիայով են զբաղվում, եթե կոռուպցիան համակարգային է դարձել, էստեղ ի՞նչ մարդու խնդիր պիտի լինի:

-Դեմ չեմ, ինչ-որ բաներ կան, որոնց միշտ ընդվզում եմ ու ասում եմ՝ ի՞նչ կապ ուներ, որ բանակում էսպիսի խնդիրներ կային, թեև ճիշտ չեմ համարում այս մասին բարձրաձայնելը, որովհետև չի կարելի: Փառք Աստծու, լուծվեցին: Չեմ կարող մեկնաբանել, միգուցե պետք էր ցույց տալ աշխարհին, որ մենք չենք սպասում պատերազմին: Էդ միտքը մի անգամ մեկն ասաց ինձ, մտածում էի՝ գուցե ճիշտ է, գուցե պետք էր աշխարհին ցույց տալ, որ չէինք սպասում պատերազմին: Բայց աշխարհի հերն էլ անիծած, մենք միշտ պատրաստ պիտի լինենք, որովհետև խաղաղությունը վաստակում են՝ պատերազմին պատրաստ լինելով:

-Երբեմն տպավորություն է, որ իշխանությունները շատ կտրված են հասարակությունից, սոցիալական խնդիրներից տեղյակ չեն

-Միայն իշխանությունները չէ, արդեն խավային տարբերություն է ձևավորվել, իրար աղջիկ են տալիս այ էդ իրենց սիրող դասը: Իրենք չգիտեն, որ մեր երկրում մարդիկ կան, որ անգամ վարձով ապրելու հնարավորություն չունեն, բայց մարտական անցյալ ունեն, կարգին տղերք են, ճղած հագուստով-բան… Թող էդ միլիարդատերերն իմանան, որ իրենք էդ տղերքի  բոթասներն էլ չարժեն, էդ տղերքը շատ ավելի բարձր են, որովհետև իրենց ճակատը բարձր է, ազնիվ են: Մեկ է՝ էստեղից նրանք էլ, էս տղերքն էլ բան չեն տանելու, բայց էդ տղերքը հոգևոր արժեքով են գնալու երկրից, իրենք դա էլ չեն տանելու:

Կոմունիստների ժամանակ (էդ հասարակարգն առանձնապես աչքիս լույսը չէր), հասկանում եմ, որ մերը չէր, բայց սիստեմ կար, որը մարդկություն էր մշակել, օրինակ, հինգհարկանի շենքի բակում «ցեխավիկ» Հրանտը, դասախոս Միքայելն ու «կռանովչիկ» Աշոտն իրար հետ խորոված էին անում, էրեխեքն իրենց ասում էին՝ Աշոտ ձյաձյա, Միքայել ձյաձյա… Իրենք հավասար մթնոլորտում էին, «ցեխավիկը» երբեք թույլ չէր տա կողքի բանվորին վերևից նայեր: Սուբորդինացիան կարող է պահվեր աշխատանքի ժամանակ, բայց հարևանության, բարեկամության դեպքում դա չկար: Էսօր պատկերացրեք որևէ օլիգարխի իր բանվորի հետ խորոված ուտելիս: Հայի դեպքում կապիտալիստական սուբորդինացիա դնելը գոնե թշնամություն է:

-Այսինքն՝ որակական փոփոխություններ եղա՞ն:

-Մեզ մոտ որակը մարդն է տալիս, կարդացած գրքի քանակը կամ ունեցած փողի չափը երբեք մարդու տիտղոսի չափանիշ չէ: Մարդ կա ելել է շալակն աշխարհի, մարդ էլ կա աշխարհն է շալակած տանում: Էս շալակին ելածները միշտ էլ էդպես են մնալու, մեծանալու են դառնան իշխանավոր կամ ընդդիմության գործիչ, իսկ լավ մարդիկ երբեք չեն ձգտելու որևէ բանի: Բացառություններ կան, և՛ իշխանության, և՛ ընդդիմության մեջ լավ մարդիկ կան, և իրենց միտքը կարիերան չէ: Բայց նրանք քիչ են և չեն համախմբվում:

Մի օրինակ բերեմ. էն օրը տաքսու վարորդն ասաց՝ իմ տղեն ինչի՞ պիտի ծառայի, թող օլիգարխի տղեն ծառայի: Չվիճեցի, բան չասացի, բայց իջա ու հասկացա, որ էդ տաքսու վարորդը էդ նույն օլիգարխն է, պարզապես դեռ փող չունի: Որպես տեսակ՝ ինքը շալակը ելած է: Եթե հնարավորություն ունենա, իր տղեն չի ծառայի:

-Նման բան ասում են նաև էն մարդիկ, ովքեր տեսնում են անարդարություններ երկրում:

-Բայց անարդարություն տեսնողը մարդը երբեք չի դադարում սիրել իր մորը: Եթե շենքում շատ անարդար բաներ են լինում, ի՞նչ կարող է լինել, որ դադարես սիրել մորդ, քո ընտանիքը, կողքի հարևան Ռիմա տոտան էդ ի՞նչ պիտի անի, որ դու դադարես սիրել մամայիդ: Այսինքն՝ քո երկիրը սիրելու մասին է խոսքը: Մինչև հիմա մեզ մոտ երկիրն ու հայրենիքը դեռ նույնացած չեն, այ որ նույնանան, կհասկանանք, որ ինչքան էլ վատ է, անարդար է, մերն է:

-Ինչո՞ւ փոխվեցինք:

-Վազգենի խոսքն էր, ասում էր՝ ժողովո՛ւրդ, մենք երբեք չենք փոխվի: Կյանքի մարտահրավերները երբեմն սխալ ենք հասկանում, ժամանակը մեզ տվել է մեքենա, բայց չի տվել, որ մեքենայապաշտ լինենք, տվել է, որովհետև մեքենան ավելի հարմար է, քան ձին, ժամանակը մեզ տվել է ջինս կամ ավելի հարմար հագուստ, քան տարազը, ու ժամանակի հետ եկեք հաշվի նստենք, բայց ոչ ժամանակի գերին դառնանք, ուղեղով ընդունենք ժամանակը, սրտով չէ, սրտով նույն մարդն ենք, ի՞նչն է փոխվում: Մարդու իրական էությունը հայի դեպքում քիչ է փոխվում, քառօրյայի ժամանակ չեղա՞վ, որ չփոխվեց, ինձ համար ամենազզվելի, ատելի մարդկանցից մի քանի հոգու զինվորական համազգեստով տեսա, անկեղծ եմ ասում, նույնիսկ ատելությունս նրանց նկատմամբ որոշակիորեն փոխվեց, որովհետև տեսա, որ նույնիսկ նրանք են ուզում ինչ-որ բան անել, ճիշտ է, կարող է նկարվելու համար էր, բայց էդ պահին իրենք էլ էին հայ:

Վազգենի թանգարանի մուտքի դռան հետևին փակցված է, որ մեր ներսում խնդիրներ կան, և ես ուզում եմ սթափության կոչ անել իշխանություններին և ժողովրդին, որ իրար մեջ թշնամի չփնտրեն, քանի որ արտաքին թշնամու առկայությունը անընդհատ կա: Մոտավորապես էսպիսի խոսք է: Դա 97-ի ճառից է: 20 տարի անց այն նույնքան ակտուալ է, ինչքան էն ժամանակ:

Անարդարության դաշտն է շատ, մարդկային հոգեբանության խնդիր է: Հայը երբեք 50 դրամի համար դուրս չէր գա պայքարեր, իրար կոտորեր տրոլեյբուսի 50 դրամի, հոսանքի 100 դրամի համար: Երբ անարդարության դաշտը լցված է լինում, ցանկացած բան կարող է առիթ դառնալ: Սոցիալական ինչ-որ հարցի համար պայքարելը սլավոնական խնդիր է, մերոնք սոված կմեռնեն, հողի միջից խոտ կհանեն, կուտեն, բայց սոցիալական խնդրի համար հարևանին չեն խփի: Հուսով եմ, որ մի օր ժամանակ կգա, երբ մարդիկ կհասկանան, որ ամեն ինչ պիտի մաքրվի: Եվ իրենք իրենցից պիտի սկսեն: Չգիտեմ ինչի, բայց էս տարվանից մեծ հույսեր ունեմ, սահմանադրական փոփոխություններից-բանից չեմ հասկանում, բայց մի բան հասկանում եմ, որ իշխանության ամենավերին էշելոնն ինչից կախված է, էս տարի պիտի ձերբազատվի էդ կախվածությունից:

-Ի՞նչ կուզեիք, որ մեր երկրում կատարվեր:

-Կուզեի՝ մարդիկ սիրեին իրար: Խնդալու բան եմ ասում, բայց էդպիսի բան կարող է լինել, մարդիկ սիրում են իրար, երբ քառօրյա է լինում, երբ Արցախյան պատերազմն էր: Մի թողեք, որ խնդիրը գա, հետո հասկանանք, որ սիրո մեջ է էդ ամեն ինչը: Սիրուց ծնվում է թե՛ խաղաղությունը, թե՛ առողջությունը, թե՛ ամեն ինչը: Դրա համար ընդամենը պետք է ազատվել նեգատիվ երևույթներից, առանձնապես մեծ փիլիսոփայություն պետք չէ էդտեղ:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ