HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պայքար կոռուպցիայի դեմ՝ միայն թղթի վրա

2016թ. հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում 57-ով ավելացել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունները: Մասնավորապես՝ եթե նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում արձանագրվել է 569 կոռուպցիոն բնույթի հանցագործություն, ապա 2016թ. նույն ժամանակահատվածում՝ 626: Այս տվյալները հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Իսկ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հրապարակել է կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2016թ․ տվյալները, որոնց համաձայն՝ Հայաստանում հարցվածների 65%-ը համարում է, որ կոռուպցիայի մակարդակը կրճատելու ուղղությամբ իշխանությունների ձեռնարկած քայլերն անարդյունավետ են։ Առավել կոռումպացված են ընկալվում պետական պաշտոնյաները, հարկային մարմինները և ՀՀ նախագահն ու իր աշխատակազմը։

Ինչպես նախորդ՝ 2013թ․ հարցումն էր ցույց տվել, առավել մտահոգիչ է կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվելու՝ մարդկանց ցանկության ցածր մակարդակը: Քաղաքացիներն այդ պայքարում իրենց դերը չեն տեսնում։ Հարցված քաղաքացիների 63%-ը կարծում է, որ շարքային քաղաքացու ներգրավվումն այդ պայքարում ոչինչ չի փոխի։ Մտահոգիչ է նաև այն, որ հարցվողների 67%-ը նշել է, որ չի բարձրաձայնի կոռուպցիոն դեպքի մասին: Նշենք, որ այս տվյալն ամենավատ ցուցանիշն է ամբողջ Եվրոպայում և Միջին Ասիայում։ Այս ամենը վկայում է հասարակության մեջ առկա անտարբերության, իշխանությունների նկատմամբ անվստահության և հիասթափության մասին։

Hetq.am
Create pie charts

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն անկախ չէ

2015թ. փետրվար 19-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ: Այն նախագահում է վարչապետը, իսկ Խորհրդի կազմում ընդգրկված են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, արդարադատության նախարարը, ֆինանսների նախարարը, գլխավոր դատախազը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից ներկայացուցիչ, Հանրային խորհրդի նախագահը, Հայաստանի համայնքների միության ներկայացուցիչը։

Գումարվել է խորհրդի մի քանի նիստ: Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր, առաջարկվել են օրենսդրական լուծումներ, սակայն մինչ օրս շոշափելի արդյունքներ չկան: Արդյունքների բացակայության պատճառներից մեկն էլ այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում ընդգրկված են պաշտոնյաներ, ովքեր հանրությանը հավատ չեն ներշնչում և ազնիվ ու բարեխիղճ պաշտոնյայի համբավ չունեն: Ավելին՝ մամուլը բազմիցս գրել է, որ նրանք ունեն բիզնես շահեր և չեն կարող արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ, երբ իրենց գործունեությունը կոռուպցիայի մեծ ռիսկ է պարունակում: Օրինակ՝ նախկին վարչապետ, այդ ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներն ունեն մի շարք ընկերություններ: Վերջիններս շահագործում կամ պատրաստվում են շահագործել հանքավայրեր, ներկրում ապրանքներ, զբաղվում մեծածախ ու մանրածախ առևտրով, ինչը չէր կարող չկաշկանդել պաշտոնյաներին: «Հետքը» նույնիսկ գրել էր, որ Հովիկ Աբրահամյանի կնոջ սուպերմարկետը չէր տրամադրում ՀԴՄ կտրոն, ինչը նշանակում է, որ խուսափում էր հարկերն ամբողջությամբ վճարելուց: Բայց դրանից հետո էլ ոչինչ չփոխվեց:

Առհասարակ, պաշտոնյան «չի կարող» բացահայտել այն կոռուպցիան կամ կոռուպցիոն ռիսկը, որը վերաբերում է իրեն, իր ընտանիքի անդամին կամ մերձավորին: Իսկ խորհրդում քաղհասարակության մասնաբաժինը փոքր է, ինչն անարդյունավետ է դարձնում խորհրդի աշխատանքը:

Նոր վարչապետն ու պաշտոնյաները դեռ գործուն քայլեր չեն ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ուստի վերջիններիս գործունեությանը կանդրադառնանք ավելի ուշ: Առայժմ միայն հանձնարարություններ են տրվել և մշակվել օրենքի նախագծեր:

Բարձրաստիճան պաշտոնատար անձինք արտոնյալի կարգավիճակում են

Կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող օրենքի նախագծերի մի մասն էլ վերաբերում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց: Մասնավորապես՝ 2012թ. ուժի մեջ է մտել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որով փորձ արվեց ընդհանրացնել ինչպես հանրային ծառայողների, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարքագծի (էթիկայի) կանոնները: Ստեղծվեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որը պատասխանատու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի հավաքման ու հրապարակման, ինչպես նաև էթիկայի կանոների ու շահերի բախման խախտումների բացահայտման համար:

Գործունեության 4 տարիների ընթացքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը շահերի բախման և ոչ մի դեպք չի բացահայտել: Պատասխանատվության չեն ենթարկվել սխալ կամ միտումնավոր ոչ ճիշտ հայտարարագիր ներկայացրած պաշտոնյաները: Նաև նրանք, ովքեր չեն հայտարարագրել կամ թերի են հայտարարագրել իրենց ունեցվածքը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը նույնպես չի բացառում, որ հայտարարագիր ներկայացրած անձանց հրապարակած տվյալները կարող են չհամապատասխանել իրականությանը: Սակայն դրանք ստուգելու մեխանիզմներ իրենք չունեն: Շահերի բախման դեպքերը չբացահայտելը, սխալ կամ թերի հայտարարագիր ներկայացրած պաշտոնյաներին պատասխանատվության չենթարկելը նա պատճառաբանում է օրենսդրական դաշտի բացթողումներով: Մինչդեռ եղած կարգավորումներն էլ բավարար են վարույթներ հարուցելու համար, սակայն հանձնաժողովը խուսափում է:

Լուրջ կասկածներ կան նաև Հանձնաժողովի անկախության առնչությամբ: Թեև օրենքով այն անկախ է, սակայն գործունեությունը ծավալում է հանրապետության նախագահի նստավայրում: Ավելին՝ ստեղծման օրվանից մինչ 2016թ. վերջը ֆինանսավորվել է հենց հանրապետության նախագահի աշխատակազմից: 2017 թվականի պետական բյուջեում Հանձնաժողովի ֆինանսավորումն առանձնացված տողով է, սակայն նստավայրը նույնն է՝ Բաղրամյան 26:  

Կառավարությունը 2016-ին «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ էր ներկայացրել Ազգային ժողով, որով առաջարկում էր քրեական պատասխանատվության ենթարկել ապօրինի հարստացածներին: Հայաստանի օրենսդրությամբ ապօրինի հարստացման հանցակազմ մինչ այժմ նախատեսված չէ, այլ կերպ ասած՝ ապօրինի եղանակով հարստացածները չեն պատժվում, քանի որ նախատեսված չէ օրենքով: Դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովն այն ընդունել է և օրենքն ուժի մեջ է մտնելու 2017թ. հուլիսի 1-ից:

Ապօրինի հարստացման դրսևորումներն են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով: Քննարկվող հանցակազմում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը): 

Արդյոք օրենսդրական այս փոփոխությունները կյանքի կկոչվե՞ն՝ ցույց կտա ժամանակը:

                     

Մեկնաբանություններ (2)

թոշակառու
Խոսելով կոռումպցիա կվերանա՞: Մկնագողությունը կյանքի գլխավոր գործ է դարձել, գոյության ու զորության աղբյուրը, թանկարժեք մորթը անխաթար պահելու միջոցը! Ո՞նց թուլացնեն, Գրիշա ջան! Կամ լավ թալակ է պետք, կամ կարգին կատու - ոնց որ չունենք, ոչ մեկը ոչ էլ մյուսը:
Վախթանգ Սիրադեղյան
Շենքի հարցը կարող է լուծվել Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ առանց աշխատակազմի մնացած տարածքի տրամադրմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter