HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2 տարի՝ ԵԱՏՄ-ում. ցուցանիշներ ՀՀ տնտեսության մասին

Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանը  Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է. պաշտոնապես միացավ 2015 թվականի հունվարին։

Այսօր էլ շարունակվում է քննարկումը, թե ինչ տվեց այս միությունը Հայաստանին։ Առաջին տարում Հայաստանն էական օգուտներ չունեցավ այս անդամակցությունից։ Իրավիճակը նկարագրող ամենադիպուկ ցուցանիշներից մեկն արտահանումն է։ Ավելի կոնկրետ՝ դեպի Ռուսաստան արտահանումը, քանի որ Միության մյուս անդամների հետ Հայաստանի առևտրային հարաբերությունները սերտ չեն, ինչ մասին ավելի ուշ կխոսենք։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2015-ին ՀՀ-ից դեպի Ռուսաստան արտահանումը 2014-ի համեմատ կրճատվեց 26.5%-ով։ Գրանցվեց Ռուսաստանից դրամական փոխանցումների (կամ տրանսֆերտների) կտրուկ անկում՝ ավելի քան 0.5 միլիարդ դոլարով։ Այս ամենը՝ Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացման հետևանքով։ Հայաստանի տնտեսական մի շարք ցուցանիշներ ևս առաջին տարում ոգևորության հիմքեր չտվեցին։

ԵԱՏՄ-ին անդամակցությանը կողմ արտահայտվողները և ՀՀ տնտեսության պատասխանատու պաշտոնյաները իրավիճակը մեկնաբանեցին հետեւյալ կերպ՝ եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին, ապա դրությունն ավելի վատ կլիներ։ Սակայն հարցերի պատասխանները, թե որքանո՞վ վատ կլիներ, արդյոք չէ՞ր շահի, եթե միանար ոչ թե ԵԱՏՄ-ին, այլ Եվրամիությանը (ԵՄ),  չեն տրվել, քանի որ դրանց վերաբերյալ խորը վերլուծություններ և կոնկրետ արդյունքներ չկան։ Իսկ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը դեմ արտահայտվողներն էլ շարունակում են պնդել, թե կշահեինք, եթե միանայինք ԵՄ-ին՝ համարելով, որ այդ Միությունն ավելի լայն դռներ կբացեր, հատկապես՝ արտահանողների համար։

2016-ին ևս Հայաստանը, մեղմ ասած,  չփայլեց իր տնտեսական ցուցանիշներով՝  չնայած նրան, որ արտահանման առումով որոշակի առաջընթաց կա։ Ինչ ազդեցություն է ունեցել ներկա իրավիճակի վրա ԵԱՏՄ-ին անդամակցումը, կրկին դժվար է ասել։ Պարզապես արձանագրենք այն, ինչ այս պահին ունենք։

Սկսենք ԵԱՏՄ երկրների հետ առևտրից։ 2016-ի տարեկան ամբողջական տվյալները դեռևս չեն հրապարակվել, սակայն առաջին 10 ամիսների տվյալների հիման վրա կարելի է հասկանալ իրավիճակը։ 

Հայաստանի առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ

Երբ Հայաստանն արդեն ցանկություն էր հայտնել անդամակցել ԵԱՏՄ-ին (2013թ.), իշխանությունները հայտարարեցին, որ դա լայն շուկա է բացելու առաջին հերթին հայ արտահանողների համար և խթանելու է տեղական արտադրությունը։ Այդ ժամանակ միության կազմում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը։ Այդ երկրների բնակչության ընդհանուր թիվը գերազանցում էր 170 միլիոնը։ Հետագայում կառույցին միացավ նաև Ղրղզստանը, և շուկան դարձավ շուրջ 180 միլիոնանոց։

2015 թվականին, ինչպես նշեցինք, այդ հույսերը չարդարացան. ՀՀ-ից դեպի Ռուսաստան արտահանումը, 2014-ի համեմատ, կրճատվեց 26.5%-ով։ Այս կառույցի ներսում Հայաստանը առևտրային ակտիվ հարաբերություններ ունի միայն Ռուսաստանի հետ։ Առհասարակ, կառույցի ներսում չորս երկրներ էլ ակտիվ առևտուր են անում Ռուսաստանի հետ, իսկ միամյանց հետ պասիվ հարաբերություններ ունեն։

2016-ին, 2015-ի համեմատ, Հայաստանի մասով որոշակի առաջընթաց կա։ Բայց՝ մի շարք բայցերով։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերջին տվյալները 2016թ. հունվար-հոկտեմբերինն են։ Ըստ դրանց՝ նշված ժամանակաշրջանում ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 33.5 մլրդ դոլար (2015-ի հունվար-հոկտեմբերի համեմատ նվազել է 12.6%-ով):

Այս ժամանակաշրջանում Հայաստանը դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանել է 312.4 մլն դոլարի ապրանք՝ 54.7%-ով ավելին, քան 2015-ին նույն ամիսներին։ Արտահանման գերակշիռ մասը դեպի Ռուսաստան արտահանումն է, որի աճը կազմել է 52.8%-ով։ Բայց չենք մոռանում, որ 2015-ին արտահանման ցուցանիշը կտրուկ նվազել էր, ինչը նշանակում է, որ այս տարվա մեծ աճը պայմանավորված է նաև նրանով, որ համեմատում ենք նվազած ցուցանիշի հետ։


Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների

Ինչ վերաբերում է ներմուծմանն, ապա՝ այս ընթացքում Հայաստանը ԵԱՏՄ-ից ներմուծել է 835.3 մլն դոլարի ապրանք։ Աճը՝ 5.4%։ Ներմուծման գերակշիռ մասը Ռուսաստանից է։

ԵԱՏՄ-ի ներսում կատարվող առևտրին առավել մանրամասն կանդրադառնանք տարեկան ամբողջական պատկերը ներկայացնելիս։ Առայժմ այսքանը՝ Հայաստանի մասով։

Այսպիսով, չնայած Հայաստանն արդեն երկու տարի է ԵԱՏՄ անդամ է, սակայն ակտիվ առևտրային հարաբերությունների մեջ է միայն Ռուսաստանի հետ՝ այնպես, ինչպես անադամակցությունից առաջ էր։ Այս առումով, անդամակցությունը առայժմ ոչինչ չի տվել Հայաստանին։

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն տվյալների՝ հունվար-հոկտեմբերին ՀՀ-ից արտահանման կազմում ԵՏԱՄ երկրները, բացի Ղրղզստանից, զբաղեցրել են 21%-ը։ Իսկ Ղրղզստանի հետ առևտրային հարաբերություններն այնքան թույլ են, որ վիճակագրությունը այս երկրի հետ առևտուրը առանձին տողով չի ներկայացնում։

Համեմատության համար նշենք, որ նշված ժամանակահատվածում դեպի ԵՄ երկրներ արտահանումը կազմել է ընդհանուրի 26.6%-ը։ 2015-ի հունվար-հոկտեմբերի համեմատ դեպի ԵՄ արտահանման ծավալն աճել է 13.6%-ով։

Ընդհանուր առմամբ, ըստ ՀՀ ԱՎԾ-ի՝ 2016-ի հունվար-հոկտեմբերին ՀՀ-ից արտահանումն աճել է 19.8%-ով, ներմուծումը՝ կրճատվել 0.3%-ով։ 

Գլուխկոտրուկ 10%  աճն ու իրականությունը

 ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում տնտեսական աճի տեմպերը նվազել են։ Մինչդեռ, 2016-ի օգոստոսին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ Հայաստանի տնտեսության մասին ուշագրավ, միևնույն ժամանակ՝ անակնկալ հայտարարություն արվեց։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում նշեց, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 10%-ով: Սա իսկական գլուխկոտրուկ էր հայ տնտեսագետների և պարզապես ոլորտով հետաքրքրվողների համար, քանի որ այդպես էլ չպարզվեց, թե հաշվարկների ի՞նչ տրամաբանությամբ է ստացվել 10% աճը։  Դեռ այս ցուցանիշն էլ մի կողմ, այստեղ կա նաև երկրորդ հարցը՝ ինչքանո՞վ է Հայաստանի տնտեսական աճը պայմանավորված ԵԱՏՄ անդամակցությամբ։ Եթե, իսկապես, այն զգալի ազդեցություն ունի, ապա ստացվում է, որ  այդ ազդեցությունը բավականին բացասական է եղել նախորդ տարի, քանի որ տնտեսական աճի տեմպերը նվազել են։ 

Ըստ պետական բյուջեի՝ 2016 թվականին իրական ՀՆԱ-ի աճը Հայաստանում կանխատեսվում էր 2.2%-ի չափով։ Բայց եղած տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ տնտեսական աճը շատ ավելի փոքր է լինելու։ Այսպես, ինչպես ավելի վաղ գրել ենք, ըստ ՀՀ ազգային  վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ 2016 թվականի առաջին եռամսյակում գրանցվել էր ՀՆԱ 4.3% աճ (նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ), երկրորդում՝ 1.6% աճ, իսկ երրորդում ՝միանգամից 2.6% անկում։ Չորրորդ եռամսյակի և տարեկան տվյալները դեռևս հայտնի չեն։

Հիշեցնենք, որ 2015-ին Հայաստանում տնտեսական աճը կազմել է 3%, 2014-ին՝ 3.5%: Այս տարի այն շատ ավելի ցածր կլինի։ 

Միևնույն ժամանակ, տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը, որը մոտ է ՀՆԱ-ի աճի ցուցանիշին, ևս անկումային «միտումներ ունի»։ Վերջին տվյալներով՝ 2016-ի հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, այն աճել է 0.6%-ով:   

Տրանսֆերտներն ու ներդրումները

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ սերտորեն կապվում են նաև դրամական փոխանցումները և ներդրումները։ Նախորդ տարի ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության պատվերով  «Ավագ Սոլյուշնս» ՍՊԸ-ն վերլուծություն ներկայացրեց՝ «ՀՀ տնտեսության վրա ԵԱՏՄ անդամակցության առանձին ազդեցությունների գնահատումը 2015 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով» թեմայով։ Ուսումնասիրությունը կատարվել է ՀՀ արտահանման, ներմուծման, օտարերկրյա ներդրումների և դրամական փոխանցումների կտրվածքներով: Այս վերլուծությանը նախկինում անդրադարձել ենք։ Միայն հիշեցնենք, որ նշված հինգ ուղղություններով էլ Հայաստանը էական օգուտներ չի ունեցել ԵԱՏՄ-ին անդամակցելով։ Խոսքը 2015-ի առաջին կիսամյակի մասին է։ Դրանից հետո նմանատիպ վերլուծություն առայժմ չի ներկայացվել։ 

2015 թվականին ՀՀ կատարված դրամական փոխանցումները կազմել էին ավելի քան 1.6 մլրդ դոլարին համարժեք գումար, որը մոտ 0.5 մլրդ դոլարով կամ շուրջ 23%-ով պակաս էր 2014-ի ցուցանիշից։  Միայն Ռուսաստանից կատարված փոխանցումները կազմել են ավելի քան 1 մլրդ դոլար, որը 2014-ի համեմատ նվազել է շուրջ 0.5 մլրդ դոլարով կամ  ավելի քան 35%-ով։ 

Նվազումը շարունակվեց նաև 2016 թվականին, սակայն՝ ավելի դանդաղ տեմպերով։ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2016-ի հունվար-նոյեմբերին ֆիզիկական անձինք Հայաստան են փոխանցել 1.32 մլրդ դոլար, որը 141.5 մլն դոլարով կամ մոտ 10%-ով պակաս է  2015-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից։ Ընդ որում՝ միայն ՌԴ-ից կատարված փոխանցումները կազմել են 803 մլն դոլար, նվազումը՝ 117 մլն դոլար կամ մոտ 13%: Ընդ որում՝ ՌԴ-ից ՀՀ փոխանցումների ներհոսքին զուգահեռ, ավելանում է ՀՀ-ից ՌԴ փոխանցումների արտահոսքը։ 

Ըստ ՀՀ ԿԲ տվյալների

Ինչպես դրամական փոխանցումների, այնպես էլ ներդրումների առումով ԵԱՏՄ մյուս երկրների դերը մեծ չէ։

Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների վերջին տվյալները 2016-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածին են վերաբերում։ Այդ ժամանակամիջոցում Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են մոտ 27 մլրդ դրամ։ 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ այս տարվա առաջին ինն ամիսներին զուտ հոսքերը նվազել են 69.6 մլրդ դրամով։ Ընդ որում,  ամենամեծ անկումը գրանցվել է Ռուսաստանից կատարված ներդրումների առումով՝ 87 մլրդ դրամով։ 

Զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և 

մարումների տարբերությունները ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Այսպիսով, ԵԱՏՄ-ին անդամակցելու երկրորդ տարում՝ 2016 թվականի 10-11 ամիսների կտրվածքով, Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ, մասնավորապես՝ դեպի Ռուսաստան արտահանումն աճել է, սակայն Միության մյուս անդամների հետ առևտրային հարաբերություններն այդպես էլ չեն ակտիվացել։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանից եկող դրամական փոխանցումներն ու ներդրումները շարունակել են նվազել։

Լուսանկարը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքից

Մեկնաբանություններ (1)

Հովո
Կարելիա Վրաստանի հետ համեմատել, հարևան երկիր ով ստորագրեց ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը։ Հայաստանում 2015-ի արտահանման անկումից հետո 2016-ին վերականգնվեց ու մի բանել գերազանցվեց 2014-ի մակարդակը։ Վրաստանում 2016-ինել արտահանման անկումը շարունակվեց, որպես հետևանք լարին սրընթաց արժեզրկվումա։ Իսկ ԵՄ-ի հետ արտահանումը թե Հայաստանում թե Վրաստանում հիմնականում հանքերն են։ Պղինձ ու մոլիբդեն իրանք ամեն դեպքում տանելու են, ԵԱՏՄ մտնենք ԵՄ թե ԳՈՒԱՄ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter