Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Տիգրան Պասկևիչյան. «Ես ընտրել եմ ժամապահի աշտարակը»



Երեք հարց հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանին

-Հաճախ խոսում ենք ներքաղաքական խնդիրների մասին, բայց մեր երկրում ապրող մարդը, կարծես, մնում է լուսանցքում։ Այդ մարդը հիմա ինչի՞ կարիք ունի։

-Գուցե շատ կտրուկ հնչի ասածս, բայց Հայաստանում ներքաղաքական խնդիրներ չկան։ Չկան նաև արտաքին քաղաքական խնդիրներ։ Հայաստանը մեկ խնդիր ունի, և դա Արցախն է։ Մնացյալն ուղղակիորեն կամ անուղղակի կապված է դրա հետ։ Երկրում ապրող մարդն էլ (քաղաքացին) այս իրավիճակի հերոսն ու զոհն է։ Անդրադառնալով հարցի երկրորդ մասին՝ ասեմ, որ երկրում ապրող մարդը (Հայաստանի և Արցախի քաղաքացին) կարիք ունի հստակեցման։ Շատերը պնդում են, թե նման խնդիր չկա, թե Արցախի հարցը վաղուց լուծված է, բայց չեն կարողանում կաղապարազերծ պատասխան տալ «հանուն ինչի՞ են զոհվում մեր զինվորներն ու սպաները» հարցին։ Այո, 1988-ին մենք՝ բոլորս, Արցախի ինքնորոշումն ու անվտանգությունն ապահովելու պարտավորություն ենք ստանձնել, բայց մի՞թե ժամանակը չէ, որ այդ պարտավորությունը բլինդաժներից տեղափոխվի այլ մակարդակ։

-Երկրում ի՞նչ ձեռքբերումների, ի՞նչ կորուստների մասին չխոսվեց տարեվերջին կամ լռեցինք էդ մասին։

-Մեր երկիրը, ցավոք, վաղուց ձեռքբերումներ չի ունենում, եթե երկրի մասին ենք խոսում, ոչ թե, ասենք, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Հենրիկ Մխիթարյանի ունեցած հաջողությունների։ Կորուստների մասին խոսվեց և անընդհատ. ապրիլյան քառօրյա պատերազմը թույլ չէր տալու, որ լռեինք։ Իհարկե, շեշտադրումն ավելի շատ հողերի և հեկտարների վրա էր, մինչդեռ պետք էր, ըստ պատշաճի, քննել և ախտորոշել ռազմաքաղաքական միակ վահանի՝ ստատուս-քվոյի վիճակը։ Քառօրյա պատերազմից հետո ստատուս-քվոն ծանր վիրավորված է։ Երկրի կառավարիչները հիմա «ազգ-բանակ»-ով, 1000-դրամանոց հարկահանությամբ և այլ մեթոդներով փորձում են արհեստական շնչառություն տալ նրան։ Կհաջողվի-չի հաջողվի՝ չգիտեմ, հաջողվելու դեպքում որքան կտևի նրա կյանքը՝ նույնպես։ Այս «թերապիայի» խորապատկերում անցած տարվա ամենակարևոր իրադարձությունը Արցախի խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհի մասին խոսակցության վերաբացումն էր, որովհետև ստատուս-քվոյին հասցված ամեն հարված հստակորեն սահմանում է պատերազմն ու խաղաղությունը։  

-Երեք տարի առաջ խոսում էինք երկրի ներկա վիճակից, ասացիք, որ վերջին շրջանում փորձում եք հեռացնել Ձեզ իրականությունից, չապրել իրականության հետ, ասենք, հեռուստացույց չնայել, կայքերին գրեթե չհետևել։ Ասացիք՝ ինչ-որ բանի սպասելու պահ է, վերաիմաստավորման պահ է։ Դեռ սպասո՞ւմ եք, ի՞նչ փուլ է հիմա։

-Ձեր ձևակերպած հարցից տպավորություն է ստեղծվում, թե անապատ եմ գնացել և մեկուսացման ուխտ արել։ Այդպես չէ։ 2013-ի վերջին դադարեցրեցի հրապարակախոսական ակտիվ գործունեությունս։ Մոտ տասը տարի ամեն շաբաթ գրում էի, հաճախ հարցազրույցներ էի տալիս, մասնակցում հեռուստատեսային հաղորդումների, և ինձ մի պահ թվաց, որ արդեն ձանձրացնում եմ մարդկանց։ Տեղափոխվեցի ավելի հարմար տեղ՝ «Ֆեյսբուք»։ Այնտեղ դու ընկերակցության անդամ ես, ոչ հեղինակ, և դա հնարավորություն է տալիս, ամեն ինչ տեսնելով, միաժամանակ լինել մեկուսի։ Դա աշտարակի վրա կանգնած ժամապահի պես մի բան է՝ տեսնել, հետևել, հսկել, իսկ գործողության դիմել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ