HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կոալիցիոն մրցություն, կամ երբ գնդակը ԲՀԿ-ի դաշտում է

«Պետք չէ սպորտը խառնել քաղաքականությանը» արտահայտությունը վաղուց կորցրել է իր արդիականությունը: Տասնամյակներ շարունակ աշխարհը ականատես է լինում, թե ինչպես են քաղաքական հակասություններ ունեցող երկրները բառիս բուն իմաստով բախվում նաեւ մարզական մրցությունների ժամանակ, որոնց տրվում է քաղաքական աստառ, եւ որոնք հաճախ զուգակցվում են սկանդալով (Իրան-Իսրայել, Իրան-ԱՄՆ, Ռուսաստան-Վրաստան, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա եւ այլն):

Սպորտի քաղաքականացումը վաղուց արդեն իրականություն է դարձել նաեւ ներքաղաքական կյանքում: Խոսքը Հայաստանի մասին է, որտեղ աստիճանաբար ավելի ու ավելի է սրվում ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիոն մարզական հակամարտությունը: ԲՀԿ առաջնորդ, նախկին բազկամարտիկ Գագիկ Ծառուկյանը 2004-ից, երբ ԲՀԿ-ն դեռ չկար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է: Կոալիցիոն հուշագրով ԲՀԿ-ին է պատկանում սպորտի եւ երիտասարդության նախարարի պորտֆելը: Իսկ հատկապես ՀԱՕԿ-ում հավաքված են Ծառուկյանին հավատարիմ մարդիկ, որոնց թվում են, օրինակ, կոմիտեի գլխավոր քարտուղար, ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը, ֆիզկուլտինստիտուտի ռեկտոր, ՀԱՕԿ-ի փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահրամ Առաքելյանը:

Մարզական ֆեդերացիաների ղեկավարների մեջ են հայտնի ԲՀԿ-ականներ Արմեն Գրիգորյանը (սպորտի եւ երիտասարդության նախկին նախարար, ՀԱՕԿ նախկին գլխավոր քարտուղար, սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ), Սամվել Խաչատրյանը (սպորտի եւ երիտասարդության փոխնախարար, ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ), նույն Ռոստոմյանը (բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ): Օլիմպիական մարզաձեւերում հայաստանցի մարզիկների հաջողություններն էլ թե հեռուստաընկերությունների, թե մարզիկների կողմից հետեւողականորեն կապվում են Ծառուկյանի անվան հետ: 

Սակայն կա երկու ֆեդերացիա, որտեղ մենաշնորհը ՀՀԿ-ինն է: Դրանք են Սերժ Սարգսյանի ղեկավարած շախմատի ֆեդերացիան եւ ՀՀԿ խորհրդի անդամ Ռուբեն Հայրապետյանի գլխավորած ֆուտբոլի ֆեդերացիան:

Շախմատի ֆեդերացիայի նախագահությունում եւ հանձնաժողովներում գրոսմայստերների ու շախմատային գործիչների կողքին կան մարդիկ, որոնց՝ մարզաձեւի հետ ունեցած կապի մասին պիտի դատի ընթերցողը. Տիգրան Սարգսյան (վարչապետ, ֆեդերացիայի նախագահի տեղակալ, ֆեդերացիայի խորհրդի անդամ), գործարարներ Միխայիլ Բաղդասարով, Բարսեղ Բեգլարյան, Մաքսիմ Հակոբյան, ՀՀԿ-ական մարզպետներ Արմեն Ղուլարյան (Տավուշ), Կովալենկո Շահգալդյան (Կոտայք), Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյան, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյան: 

ՀՖՖ գործկոմում էլ ընդգրկված են ոչ պակաս կարկառուն ՀՀԿ-ականներ Տարոն Մարգարյանը, Սուքիաս Ավետիսյանը, Դերենիկ Դումանյանը: 

ՀՀԿ-ԲՀԿ մարզական թեժ հակամարտության մեկնակետ կարելի է համարել 2009 թ. Գագիկ Ծառուկյանի արած հայտարարությունը, երբ վերջինս նշեց, որ չի գնալու Բուրսա՝ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը, քանի որ գիտի՝ մերոնք պարտվելու են. «Ես որտեղ գնամ, մենք պետք է հաղթենք»:

Սրան շուտով բավականին կոշտ պատասխանեց Հայրապետյանը. «Օլիմպիական կոմիտեի նախագահը, երբ նման հայտարարություն է անում, իհարկե, դա շատ վատ է, դաժե բարոյական չէ, այն դեպքում, երբ օլիմպիական ցիկլում է հանդես գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականը, եւ Թուրքիա-Հայաստան խաղից մեկ օր առաջ խաղում էր 21 տարեկանների հավաքականը, որն իր իսկ մրցաշարն էր, Գագիկ Ծառուկյանի մրցաշարում էր հանդես գալիս: Գագիկ Ծառուկյանի նման արտահայտությունն ինձ շատ է զարմացնում: Ես հեչ բարոյական չեմ համարում նման բաները: Բուլղարացի Վանգա՞ն ա, ի՞նչ ա, որ կանխագուշակում ա` մենք հաղթելո՞ւ ենք, թե՞ պարտվելու: Ցանկալի կլիներ, այ, օրինակ, իրա հսկա մարմնով` մուսկուլներով բանով, գար ու ներկա լիներ էդ խաղին: Միգուցե ոգեւորվեր մեր ազգային հավաքականը Վանուշ Խանամիրյանի նման: Էդ դեպքում մենք կունենայինք հաջողություն»: 

2010-ի նոյեմբերին ՀՖՖ հերթական ընտրությունների ժամանակ կառույցի գործադիր կոմիտեի կազմից դուրս մնացին երկու ԲՀԿ-ականները՝ Ռուբեն Սինոյանը եւ Վահրամ Առաքելյանը, ինչն ամենեւին էլ չզարմացրեց մարզասեր հասարակությանը: Սրա պատասխանն էլ չուշացավ. ՀՖՖ-ի 2010-ի տարեվերջյան մրցանակաբաշխությանը չմասնակցեցին ՀԱՕԿ-ի եւ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները:

Չնայած տարին դեռ չի ավարտվել, բայց փաստ է, որ մրցաշրջան-2011-ը, եթե կարելի է այդպես ասել, անհաջող էր ԲՀԿ-ի համար: Օլիմպիական մարզաձեւերի մեր ներկայացուցիչները, որոնց «թեւ ու թիկունքը» Ծառուկյանն է, սպասվածից վատ հանդես եկան: Ավանդաբար մեզ մեդալներ բերող մարզաձեւերից միայն հունահռոմեական ըմբշամարտում Եվրոպայի ոսկին նվաճեց Ռոման Ամոյանը, իսկ ծանրամարտիկները, բռնցքամարտիկները, մյուս ըմբշամարտիկները ոչ միայն չկանգնեցին պատվո հարթակի առաջին աստիճանին, այլեւ օլիմպիական ուղեգրերի համար պայքարում հիասթափեցրին մարզասերներին: Ի՞նչ տեղի ունեցավ ՀՀԿ-ական ճակատում:

Չնայած նոյեմբերին մեր շախմատիստները վերջին պահին ձեռքից բաց թողեցին Եվրոպայի թիմային ոսկին, սակայն մինչ այդ արդեն նվաճել էին աշխարհի լավագույն թիմի կոչումը, ինչը աննախադեպ արդյունք է հավաքականի համար: Եվ, բնականաբար, սա իր ազդեցությունը կունենա նաեւ տարեվերջին 2011-ի լավագույն մարզիկին որոշելու հարցում: Լավագույնների 10-յակում կլինեն նաեւ ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներ, որովհետեւ մեր ընտրանին այս տարի բավականին հաջող ու արդյունավետ խաղ ցուցադրեց՝ ստիպելով ոչ միայն Հայաստանում, այլեւ Եվրոպայում խոսել իր մասին:

Եվ ուրեմն եթե նախորդ երկու տարիներին լավագույնն էին ճանաչվում աշխարհի չեմպիոն դարձած մեր ծանրամարտիկները (2009-ին՝ Նազիկ Ավդալյանը, 2010-ին՝ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը), ապա այս տարի մեր լավագույնը, ըստ էության, կրկին շախմատիստ կլինի (2005 եւ 2006 թթ. թիվ 1 մարզիկը եղել է Լեւոն Արոնյանը, 2008 թ.՝ Գաբրիել Սարգսյանը):

Նոյեմբերի 10-ին մարզահամերգային համալիրում ՀՀԿ-ի կազմակերպած համերգի ժամանակ վարչապետը հայտարարեց. «Ուզում ենք, որ հայ երիտասարդները համոզված լինեն, որ Հանրապետական կուսակցությունը ամեն ինչ անելու է, որ այս տրամադրությամբ մենք հաղթահարենք բոլոր դժվարությունները: Այս տոնական տրամադրությունը մեզ լիցքավորելու է, եւ մենք ձեզ հետ միասին կարողանալու ենք կառուցել այնպիսի Հայաստան, որը աշխարհին տալու է տաղանդաշատ երիտասարդներ: Մենք ունենալու ենք հաղթանակներ շախմատի ոլորտում, մենք ունենալու ենք հաղթանակներ ֆուտբոլի ոլորտում, եւ այդ ներուժը այսօր այս դահլիճում է»:

Թե ինչու վարչապետը չնշեց մյուս մարզաձեւերի անունները, ինքնին հասկանալի է: Այս խոսքերը կոտրած տաշտակի մասին հայտնի հայտարարության տրամաբանական շարունակությունն են թվում, ու կարծես թե արդեն հստակ ուրվագծվում է այն քաղաքական ուժի կերպարը, որին սպառնում է կանգնել այդ տաշտակի առաջ:

Ձեւափոխելով Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտության» ներմուծած հայտնի արտահայտություններից մեկը՝ «գնդակը Թուրքիայի կիսադաշտում է», կարելի է ասել՝ գնդակը ԲՀԿ-ի կիսադաշտում է:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter