HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նվազեցվել է ԱԱՀ վերադարձի շեմը՝ 100 հազար դրամից դառնալով 50 հազար դրամ

Կառավարության որոշմամբ օտարերկրյա անձանց կողմից ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու համար նախատեսված ԱԱՀ վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) շեմը սահմանվել է 50.000 դրամ՝ 100.000 դրամի փոխարեն: Հստակեցվել է նաև, որ ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվում օտարերկրյա անձի անունը, ազգանունը տառասխալներով լրացնելը չի կարող ավելացված արժեքի հարկի գումարի վերադարձի մերժման հիմք հանդիսանալ, եթե գումարի վերադարձման համար անհրաժեշտ մյուս վավերապայմանները պահպանված են: Փոփոխություններն ուժի մեջ են 2017 թվականի հունվարի 1-ից: 

Ավելացված արժեքի հարկի վերադարձի (Tax Free) գործընթացը մեկնարկել է 2014 թվականի մարտից: Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները մեր երկրում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն կարող են հետ ստանալ մեկնելիս: Այն գործում է միայն ԱԱՀ վճարող համարվող կազմակերպություններից գնումներ կատարելու դեպքում, եթե ձեռք բերված ապրանքի համար առկա է «Tax free invoice» կամ ՀԴՄ «Tax free» հաշիվ և կտրոն, միևնույն խանութից (նույն հարկ վճարողից) մեկ օրվա ընթացքում ձեռք բերված ապրանքների արժեքը գերազանցել է 50 հազար դրամը (նախկինում՝ 100 հազար դրամը), ԱԱՀ-ն՝ 8 335 դրամը (նախկինում՝ 16 670 դրամը), և եթե ապրանքը չի օգտագործվել մինչև արտահանումը` պահպանելով գործարանային փաթեթավորումը:

Հնարավորությունն ուժի մեջ է գնումը կատարելուց հետո մինչև 90 օրվա ընթացքում: «Tax free» համակարգից օգտվելու գործընթացում բացառություն են կազմում սննդամթերքը, ծխախոտը, դեղորայքը, մշակութային արժեքները, տրանսպորտային միջոցները կամ դրանց մասերը: Ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն օտարերկրյա քաղաքացիներին վերադարձվում է Հայաստանից մեկնելիս՝ օդանավակայաններում և սահմանային բոլոր մյուս անցակետերում: Օտարերկրյա քաղաքացիները վերադարձման ենթակա գումարը կարող են ստանալ բանկային փոխանցմամբ` 30 օրվա ընթացքում կամ կանխիկ` անցակետերում գործող բանկային մասնաճյուղերից: Այս մասին տեղեկացնում է պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter