HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ռազմիկ Զոհրաբյան. «Մենք նարկոմաններ և ալկոհոլիկներ չենք ընդունում մեր կուսակցություն»

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «քաղաքական որևէ բան չի տեսնում» նրանում, որ վերջին օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշ անդամներ ձերբակալվել և կասկածվում են թմրամիջոց պահելու և ապօրինի շրջանառելու մեջ:

«Ինչ-որ անձինք են, կուսակցության անդամ, որոնք ինչ-որ խնդիրներում մեղադրվում են: Այդ նույն մեղադրանքները կարող են Հանրապետական կուսակցության անդամներին լինել և այլ քաղաքական ուժերին: Էնպես որ քաղաքականացնել պետք չի»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Ռազմիկ Զոհրաբյանը:

Լրագրողներից մեկը հարցրեց, թե կա՞ մեխանիզմ, որով կուսակցությունը ստուգի, թե արդյոք թմրաբիզնեսով զբաղվո՞ւմ է իր շարքերը համալրող մարդը: Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Կուսակցական կառույցներում չկան նարկոդիսպանսերներ, որ ընդունվելիս մեկին ասեն՝ «մի հատ փչեք, տեսնենք դուք խմած եք, թե՞ չէ», կամ «դուք նարկոտիկ օգտագործե՞լ եք»: Եթե այդ մարդը դիմել է կուսակցություն, ընդունել է գաղափարը, հետո պարզվում է՝ ալկոհոլիկ է կամ նարկոման է, բնականաբար նա չեզոքացվում է»:

«Կարծես հայտնի չէ, որ ինչ-որ հանրապետականի թմրաբիզնեսով զբաղվելու պատճառով ձերբակալեն: Ձեր կուսակցությունում լինո՞ւմ են նման դեպքեր» հարցին Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, վերջին ժամանակներում նման բան չեմ նկատել: Դա տեղի է ունենում ներքին կարգով: Եթե այդ անձնավորությունը իսկապես այդ մարդն է, տեղական կառույցները հեռացնում են, որովհետև մենք նարկոմաններ և ալկոհոլիկներ չենք ընդունում մեր կուսակցություն»:

Անդրադառնալով նրան, որ ձերբակալություններից հետո ԲՀԿ ներկայացուցիչները խոսում են օրինաչափության, ճնշումների և «վհուկների որսի» մասին՝ ՀՀԿ փոխնախագահը կրկնեց, որ ԲՀԿ-ի նկատմամբ որևէ քաղաքական հալածանք չկա:

«ԲՀԿ-ն մեր կոալիցիոն գործընկերն է, մեր հարաբերությունները նորմալ են: Եվ եթե նման բան լիներ, նույնիսկ իրենց կուսակցության նախագահն արդեն պատասխանած կլիներ»,- ասաց բանախոսը:

Նրա խոսքերով՝ ԲՀԿ-ն ու դրա ղեկավարությունը կպատասխանեին նաև նոյեմբերի 25-ին ՀԱԿ-ի հանրահավաքում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկներին, եթե այդ առաջարկներն ուղղված լինեին ԲՀԿ-ին: Իսկ իրականում հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանն ընդամենը «քաղաքական վերլուծության մոտիվացիա է տվել», և ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ի նախագահը պատասխանել «մի առանձին քաղաքական վերլուծության»:

«Եթե ՀԱԿ-ը փորձում է ինչ-որ հոգեբանական ճեղքում առաջացնել, դա իրեն չի հաջողվի, որովհետև ԲՀԿ-ն տիրապետում է նաև քաղտեխնոլոգիաների ոչ վատ, քան ՀԱԿ-ը, և գիտի, որ դա հոգեբանական քաղտեխնոլոգիա է: Ի վերջո, մոտենում են ընտրությունները, մի 6 ամիս է մնում, և պայքարի բոլոր ձևերը, բացի ռազմական գործողություններից, ընդունելի են»,- ասաց Ռազմիկ Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանի խոսքերը, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կոալիցիոն գործընկերության պրոցեսում են, և որևէ խնդիր չունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter