ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Լռում է վարչապետը, խախտվում է օրենքը



ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի մուտքը կառավարություն շատ բուռն եղավ: Նա տեսախցիկների առջև մեկը մյուսի հետևից հանձնարարություններ էր տալիս ոլորտի պատասխանատուներին: Բաց ու թափանցիկ աշխատելու կոչեր էր անում: Նույնիսկ նշանակվեցին կառավարության աշխատակազմի պատասխանատուներ՝ ըստ ոլորտների, ինչպես նաև կառավարության կայքէջում հրապարակվեցին նրանց կոնտակտային տվյալները, որոնց միջոցով հանրությունը և գործարար համայնքը կարող են կապ հաստատել, ներկայացնել վարչապետին ուղղված իրենց հարցերն ու առաջարկությունները:

Հետևելով վարչապետի կոչերին դեռևս 2016թ. նոյեմբերի 2-ին էլեկտրոնային փոստով գրություն ենք ուղարկել վարչապետին, իսկ օրինակը՝ տարածքային կառավարման պատասխանատու Աշոտ Մարգարյանին, տեղեկացնելով Արմավիրի մարզում համակարգային բնույթ կրող ավագանու անդամների կողմից օրենքի խախտումների մասին, միաժամանակ փորձել ենք պարզաբանում ստանալ, թե ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը: Աշոտ Մարգարյանը մասնավոր զրույցում պատասխանեց, որ ինքն այդ հարցով պատասխանատու չէ: Անցել է 2 ամիս, սակայն այդպես էլ կառավարությունից պատասխան չենք ստացել:

Իսկ քանի դեռ կառավարության ղեկավարը լռում է, Արմավիրի մարզում շարունակվում է խախտվել օրենքը, ինչը եզակի դեպք չէ:

Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանու անդամը պարտավոր է. «չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին»:

Մասնավորապես՝ Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի ավագանին 2016թ. նոյեմբերի 17-ի արտահերթ նիստով թվով 17 անահահով ընտանիքների հատկացրել է սոցիալական օգնություն: Այդ ընտանիքներից 5-ը ավագանու անդամների ընտանիքի անդամներն են: Ընդ որում իրենց ընտանիքի անդամներին օգնություն հատկացնող ավագանու բոլոր անդամները մասնակցել են նիստին և կողմ են քվեարկել:

Ավագանու անդամ Սերյոժա Ավետիսյանի կինը՝ Մանուշակ Ավետիսյանը, որպես սոցիալական օգնություն ստացել է 30 հազար դրամ: Նույն գումարի չափով օգնություն է հատկացվել նաև ավագանու անդամ Գառնիկ Մուղումյանի կնոջը՝ Սրբուհի Արշակյանին:

Որպես անապահով 30 հազար դրամ է ստացել ավագանու անդամ Կամո Ստեփանյանի դուստրը՝ Նարինե Ստեփանյանը: Ընդ որում վերջինիս եղբայրը՝ Իշխան Ստեփանյանը համայնքապետարանի աշխատակից է և դեկտեմբերի 13-ին մոտ 100 հազար դրամով պարգևատրվել է:

Համայնքի հաշվին տրվող օգնությունից անմասն չեն մնացել նաև ավագանու անդամ Ավետիս Պետրոսյանի դուստրը՝ Կարինե Պետրոսյանը, ավագանու անդամ Համլետ Պետրոսյանի կինը՝ Լարիսա Պետրոսյանը: Նրանք նույնպես ստացել են 30 հազարական դրամ օգնություն:

Ավագանու անդամների ընտանիքին օգնություն հատկացնելու պրակտիկան Արմավիրի մարզում նոր չէ: Գրեթե բոլոր համայնքներում պատկերը նույնն է:

Օրինակ՝ մարզի Ծիածան համայնքի ավագանին դեկտեմբերի 5-ին որոշել է 382 հազար դրամ հատկացնել համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին: Այս ցանկում ևս ընդգրկվել են ավագանու անդամների ընտանիքի անդամներն ու մերձավորները:

20 հազարական դրամի չափով ֆինանսական օգնություն են ստացել ավագանու անդամ Արմեն Տեր-Հովհաննիսյանի մայրը՝ Մետաքսյա Դավթյանը, ավագանու անդամ Էդգար Եգորյանի հայրը՝ Հմայակ Եգորյանը: 25 հազար դրամի օգնություն է ստացել նաև ավագանու անդամ Անի Մելիքյանի հայրը՝ Սուրեն Մելիքյանը:

Այս դեպքում նույնպես ավագանու բոլոր անդամները՝ այդ թվում օգնություն ստացողների մերձավորները, մասնակցել են քվեարկությանը և կողմ քվեարկել:

Իհարկե, հնարավոր է ավագանու անդամի ընտանիքի անդամը ևս անապահով լինի և արժանանա համայնքի միջոցներից տրվող օգնության: Այլ հարց է, որ այդ նիստերին մասնակցում են ավագանու անդամները և կողմ քվեարկում մերձավորի օգտին կայացվող որոշումներին: Առավել ևս, որ նախկինում մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օգնություն ստացածներից ոչ բոլորն են կարիքավոր:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Իսմայիլ15:44 - 11 հունվարի, 2017
հայտնեք ինչ ՞ մեղադրան է առաջադրվել դրանց նկատմամբ
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ