HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ղարաբաղի հատապտուղներն արտահանվում են

1996թ. Ղարաբաղի բանակում ծառայությունն ավարտելուց հետո Սերգեյ Ենգիբարյանը որոշեց զբաղվել բիզնեսով: Բանկից վերցրած հինգ հազար դոլար վարկով սկսեց կաթնամթերքի արտադրություն: «Ես մասնագիտոււթյամբ կաթի եւ կաթնամթերքների ինժեներ-տեխնոլոգ եմ, երեւի որոշիչ հանգամանքը դա է եղել: Եւ երկրորդ, այդ ժամանակահատվածում, երբ սկսեցինք գործը (դա 96թ. էր), նոր էր խաղաղություն հաստատվել, էն ժամանակաընթացքում կաթի արտադրությունն այնքան էլ լավ մակարդակի վրա չէր Ստեփանակերտում: Եվ դրա համար հնարավորություն ստեղծվեց, որ այդ շուկան մտնենք եւ աշխատենք»,- պատմում է Սերգեյ Ենգիբարյանը: Բիզնեսը զարգացնելու համար Սերգեյ Ենգիբարյանը բանկից 22 անգամ վարկ է վերցրել եւ վերադարձրել: Այսօր Ղարաբաղի շուկայում կաթնամթերքի 60 տոկոսն արտադրում է նրա ղեկավարած «Առաջնեկ» ընկերությունը: 

 «Մեր արտադրանքը հիմնականում իրացվում է Ստեփանակերտում եւ Ղարաբաղի մյուս քաղաքներում: Մենք կաթնամթերք ենք մատակարարում նաեւ պաշտպանության բանակին: Գործարանը բավարար չափով ապահովված է հումքի բազայով: Ունենք սեփական կաթնապրանքային ֆերմա, որտեղ ստանում ենք մեր օգտագործելիք կաթի մոտ 10-15 տոկոսը, դրանից բացի հանրապետությունով մեկ ունենք կաթի նախնական ընդունման եւ վերամշակման մի քանի կետեր, որտեղ ֆերմերային տնտեսություններից ընդունվում է կաթը»,- գործարանի արտադրամասերը ցույց տալով շարունակում է Ս.Ենգիբարյանը: Երկու տարի առաջ գործարարը հիմնեց «Ենգիբարյան» ընկերությունը, որը սկսեց պահածոներարտադրել: Հայաստանից հրավիրեց մասնագետներ, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են այդ գործով: Ինժեներ տեխնոլոգ Հովհաննես Մկրտչյանը մինչեւ Երեւանի պահածոների գործարանի փակվելը այնտեղ արտադրամասի պետ էր: Մասնակցել է Հայաստանի երեք պահածոների գործարանների կառուցման եւ գործարկման աշխատանքներին: Այսօր նա ապրում եւ աշխատում է Ղարաբաղում: Պահածոների գործարանում մեր այցելության պահին պատրաստվում էր հոնի մուրաբա: 

 «Այստեղ ամեն ինչ կատարվում է ձեռքով: Ձեռքով է արվում, որպեսզի հատապտուղները չվնասվեն: Հիմա հոնն են տեսակավորում ըստ գույնի, չափի»-, ասում է Հովհաննես Մկրտչյանը: Գործարանում արտադրվում են բազմապիսի պահածոներ. «Հիմնական շեշտը ձգտում ենք դնել Ղարաբաղի մրգերի եւ հատապտուղների վերամշակման վրա: Մշակում ենք այնպիսի բույսեր կամ մրգեր, որոնք հատուկ են Ղարաբաղին եւ ուրիշ գործարաններ դրանք չեն վերամշակում: Օրինակ` աստղաշուշանի, սնդրուկի, շուշանի, կապարի մարինադներ: Թթից սարքում ենք դոշաբ, մուրաբա: Վերամշակում ենք նուռը, թուզը, մեր անտառների հոնը, մոշը, մորին եւ այլն: Ձգտում ենք այնպիսի արտադրանք տալ, որը խորհրդանշական է Ղարաբաղին»,- արտադրանքը ներկայացնում է Ս.Ենգիբարյանը: 

Ընկերությունն իր արտադրանքը իրացնում է Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում: Գործարարի հավաստմամբ արդեն պայմանավորվածություններ է ձեռք բերել ԱՄՆ-ի եւ Կանադայի գործարարների հետ արտադրանքն այնտեղ իրացնելու ուղղությամբ: Ղարաբաղում բիզնեսին խանգարող հանգամանք գործարար Սերգեյ Ենգիբարյանի համար բարձր վարկային դրույքաչափերն են. «Այսօր Ղարաբաղում եւ Հայաստանում վարկերի միջին դրույքաչափը 15 տոկոս է կազմում, որը շատ ծանր բեռ է ձեռներեցի համար, դժվար է այդ տոկոսադրույքով մեծ ներդրումներ կատարել, եթե հաշվի առնենք, որ միջին շահութաբերությունը նման տեսակի արտադրություններում կազմում է 20-25 տոկոս»: 

 «Ոքանո՞վ է նպաստելու կառուցվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհը Ղարաբաղում բիզնեսի զարգացմանը»,- հարցնում եմ գործարարին: «Մենք վերամշակում ենք հիմնակում նուրբ հատապտուղներ եւ մրգեր: Եթե լավ ճանապարհներ կան, կարելի է անհամեմատ հեռու տեղից տեղափոխել այդ հատապտուղները եւ մրգերը: Եթե ճանապարհները վատ են, մենք ստիպված ենք լինում սահմանափակվել մոտակա գյուղերով: Եթե ճանապարհները լավ լինեն, անհամեմատ ավելի մեծ ծավալներ կիրացնենք եւ, ամենակարեւորը, ծախսերը կկրճատվեն»: Ս.Ենգիբարյանը հոգում է նաեւ 5 ուսանողի կրթության վարձը: Ուսանողների հետ կնքված պայմանագրերի համաձայն` համապատասխան մասնագիտություններ ստանալուց հետո նրանք աշխատելու են «Առաջնեկ» եւ «Ենգիբարյան» ընկերություններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter