HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխգնդապետները մարդուն դրդել են մարիխուանա ձեռք բերել, իսկ հետո նրան «ուղարկել» բանտ

Արթուր Հովհաննիսյան

Ոստիկանության համակարգում բացահայտված այս թերևս նախադեպը չունեցող հանցավոր արարքը կարող է նույնիսկ զավեշտական թվալ, բայց հուշում է այդ նույն համակարգում եղած կամ գուցե հիմա էլ առկա արատավոր բարքերի մասին: Դժվար է նույնիսկ պատկերացնել, որ ոստիկանության փոխգնդապետները կարող են մարդուն շահագրգռելու միջոցով համոզել, դրդել, որ նա ապօրինի ձեռք բերի, իր մոտ ապօրինի պահի, փոխադրի թմրամիջոց, որպեսզի հետո անհրաժեշտ ցուցանիշ ունենալու համար բռնեն նրան: Համակարգում երկար տարիներ ծառայած, այժմ թոշակի անցած երկու բարձրաստիճան ոստիկաններ, որոնց հետ խոսեցի այս մասին, չհիշեցին նմանաբնույթ որևէ այլ դեպք:  

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետ Վահան Մարգարյանը, նշված պաշտոնը զբաղեցնելով 2011թ. նոյեմբերի 11-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 16-ը, ունենալով ոստիկանության փոխգնդապետի հատուկ կոչում, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով մշտապես իրականացրել է իշխանության ներկայացուցչի լիազորություններ: Բայց ինչպե՞ս է իրականացրել իր այդ լիազորությունները…

Թեև հերթական դեպքն է, երբ բացահայտվել է բարձրաստիճան ոստիկանների (Վահան Մարգարյանի և նրա գործընկերոջ) կողմից օրենքի ոտնահարումը, ավելին` նրանց որոշակի հանցանքների համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, այնուամենայնիվ, այս դեպքը տարբերվում է նախորդ, համենայն դեպս, մեզ հայտնի բոլոր դեպքերից:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Վահան Մարգարյանը, հանդիսանալով հիշյալ բաժնի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ բաժնի աշխատանքները կազմակերպելու, իր ենթակա աշխատողներին գործնական օգնություն ցույց տալու, աշխատանքները վերահսկելու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձ, 2014թ. օգոստոսի 4-ին մեկնարկած  «Կանեփ-կակաչ» 2014թ. համալիր հանրապետական օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում բաժնի ցուցանիշները բարելավելու, իր կողմից սպասարկվող տարածքում կատարված հանցագործությունների բացահայտման բացասական ցուցանիշներ չունենալու, այդ ցուցանիշներն առերևույթ բարձր ներկայացնելու անձնական շահագրգռվածությունից, կարերիստական դրդումներով խմբային շահերից ելնելով, իր օպերատիվ գծով տեղակալ Վարդան Ներսիսյանի հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:

Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության, Վ. Մարգարյանը 2014թ. օգոստոսի 6-ից 7-ը ժամանակահատվածում իր հիշյալ տեղակալի հետ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժին են հրավիրել Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Սևադա Հայրապետյանին: Այնուհետև ոստիկանության փոխգնդապետները Ս. Հայրապետյանի նկատմամբ  բարիդրացիական վերաբերմունքի համար փոխադարձ ծառայություններ մատուցելու հորդորով, նրան նյութապես ապահովելու խոստումներով Վահան Մարգարյանի աշխատասենյակում Ս. Հայրապետյանին համոզել, դրդել են ապօրինաբար որևէ տեղից ձեռք բերել, իր գրպանում պահել, փոխադրել զգալի չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց: Վերջինս հավանաբար սոցիալապես ծանր վիճակում է եղել, այդ պատճառով կամ, փոխգնդապետների ցանկությունը չկատարելու պարագայում, հնարավոր կամ ենթադրյալ հետևանքներից զգուշանալով, համաձայնել է նրանց առաջարկությանը:

Իսկ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներն ինչո՞ւ են այդպես վարվել… Նախաքննությամբ նպատակն արդեն պարզվել է` որպեսզի կարողանան թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքի բացահայտում արձանագրելու նպատակով իրականությունը խեղաթյուրելով, ձևակերպել, թե իբր ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում հիշյալ թմրամիջոցը հայտնաբերվել է նրան բերման ենթարկելուց հետո կատարված անձնական խուզարկության ժամանակ: Այսինքն` շինծու բացահայտմամբ կարողանան արձանագրել հանցագործության բացահայտման դեպք: Նրանք Ս. Հայրապետյանին հորդորել են նաև գործի քննության բոլոր փուլերի ընթացքում խոստովանական ցուցմունքներ տալ, քրեական վարույթն իրականացնող մյուս մարմիններից թաքցնել իրականությունը: Նրան ասել են, որ դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ, մեղադրանք կառաջադրվի, ապա դատարանը նրան կդատապարտի առանց իրացնելու նպատակի ապօրինի թմրամիջոց պահելու համար: Միաժամանակ նախատեսել են իրենց գործողությունների արդյունքում առաջացող ծանր հետևանքը` դատարանի կողմից Ս. Հայրապետյանին ազատազրկման դատապարտելու հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի, ինքնավստահորեն հույս են ունեցել, որ դրանք կկանխեն և Սևադա Հյարապետյանին երաշխավորել են, որ կնշանակվի անազատության հետ չկապված պատիժ:

Ստանալով Ս. Հայրապետյանի համաձայնությունը` Վահան Մարգարյանը պլանավորած հետագա գործողությունների կազմակերպումը հանձնարարել է Վարդան Ներսիսյանին:

Ս. Հայրապետյանի կողմից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելուց, պահելուց և փոխադրելուց հետո, պայմանավորվածության համաձայն, Վահան Մարգարյանի ու Վարդան Ներսիսյանի կազմակերպմամբ խեղաթյուրվել է իրականությունը: Ձևակերպվել է, թե Ս. Հայրապետյանը թմրամիջոց պահելու կասկածանքով 2014թ. օգոստոսի 8-ին բերման է ենթարկվել Մարտունու բաժին, հրավիրված, մոլորության մեջ գտնվող ընթերակաների ու օպերատիվ այլ աշխատակիցների ներկայությամբ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցը: Այդ մասին կազմվել են համապատասխան դատավարական արձանագրություններ և կցվել իբր բացահայտված հանցագործության վերաբերյալ նախապատրաստված նյութերին:

Այնուհետև նյութերը, Ս. Հայրապետյանի խոստովանական բացատրությամբ հանդերձ, ըստ ենթակայության ուղարկվել են Մարտունու քննչական բաժին: Դեպքի առթիվ հարուցվել և քննվել է քրեական գործ, Ս. Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. հոկտեմբերի 30-ի դատավճռով 1 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելուց հետո Սևադա Հայրապետյանը փաստացի 4 ամիս գտնվել է անազատության մեջ, քրեակատարողական հիմնարկում:

Վահան Մարգարյանի ու Վարդան Ներսիսյանի վերը նշված գործողությունները, ըստ մեղադրական եզրակացության, էական վնաս են պատճառել Սևադա Հայրապետյանի իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին, հեղինակազրկել են պետական իշխանության մարմինը` ՀՀ ոստիկանությունը, խաթարել արդարադատության շահը, որն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ Սևադա Հայրապետյանը դատապարտվել է ազատազրկման, որի արդյունքում խախտվել է վերջինիս ազատության իրավունքը որպես բարձրագույն արժեք:

Վերը նշված արարքների համար Վահան Մարգարյանին և Վարդան Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի (առանց  իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությանը դրդելը) 1-ին մասի և 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 2-րդ մասի հատկանիշներով:

Բնականաբար, հարց է առաջանում` ոստիկանության փոխգնդապետ մարդիկ են, հենց իրենք կոչված լինելով հանցագործներին բացահայտելու, հանցավորության դեմ պայքարելու, այդ պայքարը կազմակերպելու, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի պահանջները կատարելու, իրավակարգի պաշտպանը կամ պահապանը լինելու փոխարեն, ինչո՞ւ են այդպես վարվել… Կատարվածի պատճառը թերևս պետք է փնտրել նրանց պաշտոնեական բավական մեծ լիազորություններ տալու, այսինքն` վերադասի կողմից կադրային սխալ քաղաքականության մեջ: Փաստորեն քաղաքային բաժնի պետի ու նրա տեղակալի բարձր պաշտոններին են հասել, ոստիկանության փոխգնդապետի բարձր ու պատվավոր կոչումը ստացել մարդիկ, որոնք չեն ունեցել մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ, փորձ, կամ էլ չափազանց ծույլ են եղել, և նշվածներից առաջինի կամ երկրորդի պատճառով չեն կարողացել ապահովել թմրամիջոցների ապօրինի շրջանառության բացահայտման, այդ չարիքի դեմ պայքարի անհրաժեշտ ցուցանիշներ, բացը լրացնելու համար դիմել են կեղծիքի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման:

Մեկ այլ հարց է, թե համապատասխան ցուցանիշներ ապահովելու նպատակով ինչո՞ւ են գնացել նման հանցավոր քայլի… Է՞, թող այդ գնով չապահովեին, չապահովելու դեպքում ի՞նչ կլիներ որ, ի՞նչ էր սպասվում նրանց… Իրավապահ համակարգին տեղյակ կամ այդպես ներկայացող անձանցից ոմանք ասում են, որ համապատասխան ցուցանիշներ չապահովելու պարագայում իրենց պաշտոններին մնալու համար նրանք պետք է մուծվեին վերադասին, կամ էլ ուղղակի հրաժեշտ տային իրենց պաշտոններին: ՀՀ ոստիկանությունը, իհարկե, կհերքի սա, մենք էլ չենք ուզում հավատալ, բայց ցուցանիշ ապահովելու համար նման ծայրահեղ ու հանցավոր քայլի գնալու միակ բացատրությունն առայժմ սա է: Եթե կա այլ բացատրություն, ուշադրությամբ կծանոթանանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter