Հինգշաբթի, 27 հուլիսի

Մինսկի խմբի համանախագահները նորից ղարաբաղյան պատերազմ են հրահրում



ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 10-ին փաստացի 12 օր ուշացումով հանդես եկան դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի հատվածում Հայաստանի պետական սահմանի խախտմամբ ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն փորձին:

Այդ հայտարարությամբ համանախագահները փաստացի Հայաստանին հասցեական և միակողմանիորեն դատապարտում են հայկական դիրքերում դիվերսիայի կանխման ժամանակ վնասազերծված ադրբեջանցի զինծառայողի դին Ադրբեջանին չվերադարձնելու համար: 

«Հայաստանի ԶՈւ-ն դեռ իրենց մոտ է պահում մարտի ժամանակ սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը,- ասում են համանախագահները, ապա կատարում ամենակարևոր, հայտարարության մեխը հանդիսացող պնդումը, - համանախագահները նաև կոչ են անում, 2010 թվականին բարձր մակարդակով Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, անհապաղ վերադարձնել աճյունները՝ հաշվի առնելով տվյալ հարցի' բացառապես մարդասիրական բնույթը»։

Փոխարենը բոլոր այն կետերում, որոնք այս կամ այն չափով վերաբերում են դիվերսանտի դին հայկական կողմում գտնվելու պատճառներին, համանախագահներն անհասցե, լղոզված ձևակերպումներ են տվել:

Օրինակ` նրանք նշում են, թե «Բաքուն և Երևանը շարունակում են միմյանց մեղադրել 2016-ի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին ներխուժման փորձի համար, որի հետեւանքով եղել են զոհեր»:

Նրանք խուսափել են նշելուց, թե ում կողմից և որ երկրի տարածք ներխուժելու մասին է խոսքը, ովքեր են ներխուժողները և ինչ հանգամանքներում են եղել մարդկային կորուստները։ Կամ տուրք տալով կողմերի հանդեպ հավասարություն պահելու իրենց ավանդական վարքագծին՝ նրանք նորից երկու երկրների առաջնորդներին կոչ են անում հետևել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում 2016-ին կայացած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, այդ թվում` ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ պարտավորությանը: Սակայն խուսափել են հստակ ասելուց, թե կողմերից որն է խախտում այդ պայմանավորվածությունները և վիժեցնում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման գործընթացը, ինչը և հանգեցնում է նման «ներխուժումների», հարձակվող կողմի մոտ անպատժելիության զգացողության ամրապնդմանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Այսինքն` կարելի է փաստել, որ համանախագահների հայտարարությունը ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիայի հետ ոչ մի ուղղակի կապ չունի: Այն բացառապես հետապնդում է մեկ նպատակ՝ ճնշում գործադրել հայկական կողմի վրա հնարավորինս շուտ և առանց պայմանականությունների Բաքվին հանձնել ոչնչացված զինծառայողի դին: Հենց դրանով է պայմանավորված, որ հայտարարությունն արվում է ոչ թե դիվերսիայի փորձից անմիջապես հետո, այլ դրանից միայն 12 օր անց, երբ պարզ դարձավ, որ հայկական կողմը միտումնավոր, քաղաքական նկատառումներով ձգձգում է դիակի հանձնումը հակառակորդին:

Այս իրողությունը վկայում է երկու բան: Առաջին՝ համանախագահներն ավելի ընկալողունակ են Բաքվի պահանջների նկատմամբ, քան Հայաստանի՝ այս դեպքում դա փաթեթավորելով կեղծ մարդասիրությամբ: Երկրորդ՝ համանախագահների այս հայտարարությունն ադրբեջանական դիվանագիտության աշխատանքի արգասիքն է, որը միաժամանակ հատատում է Հայաստանի ԱԳՆ-ի անգործունակությունը, անատամ, անդեմ ու անհետևողական լինելու փաստը և դրանցով պայմանավորված՝ այս հարցում հայկական դիվանագիտության ձախողումը:

Դեկտեմբերի 29-ի դիվերսիայից հետո ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, թե իրականացնում է դրան առնչվող բոլոր անհրաժեշտ քայլերը: «Քայլերի» առաջին և հիմնական արդյունքը. տրամաբանորեն պետք է լիներ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից հարձակում իրականացրած կողմի նկատմամբ անմիջապես հասցեական մեղադրանքներ, նախազգուշացումներ պարունակող հայտարարության տարածումը: Նման բան, սակայն, տեղի չունեցավ անգամ այն բանից հետո, երբ ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, թե տիրապետում է Ադրբեջանի կողմից նախահարձակ լինելու իրողությունը հաստատող անհերքելի ապացույցերի:

Փաստը, որ համանախագահները ոչ թե Ադրբեջանի կողմից իր բոլոր պարտավորությունների հերթական կոպիտ խախտման դեպքին են արձագանքում, այլ դիվերսանտի դիակի հանձնումը չիրականացնելուն, թույլ է տալիս եզրակացնել, որ կամ ԱԳՆ-ն ոչինչ չի արել համանախագահներից կոնկրետ հասցեական արձագանք պահանջելու ուղղությամբ՝ չնայած արած թույլ ու վախվորած հայտարարությանը, կամ էլ համանախագահները պարզապես բանի տեղ չեն դրել նրա ջանքերը: Անկախ նրանից` որի հետ գործ ունենք, արդյունքը նույնն է. Հայաստանի ԱԳՆ-ն շարունակում է մնալ գերանարդյունավետ:

Այս փաստը հաստատեց նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի արձագանքը համանախագահների վերջին հայտարարությանը: «Արմենպրես» գործակալությանը հայտարարության կապակցությամբ տված մեկնաբանության մեջ նա շարունակում է համանախագահների և միջազգային հանրության հետ համակարծիք լինելու իր հին ու արդեն իսկապես հոգնեցնող ուղեգիծը, ապա ընդամենը հույս հայտնում, որ եռանախագահները հետևողական կլինեն` «անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսևորմանը` հատկապես, երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում»:

Այն պայմաններում, երբ եռանախագահները փաստացի չտեսնելու են տալիս մարդկային կորուստների հանգեցնող դիվերսիոն պատերազմ հրահրելու Բաքվի սադրիչ ու վտանգավոր մարտավարությունը, ընդամենը «հույս հայտնելու» մակարդակով արձագանքելն արդեն լուրջ կասկածներ է հարուցում առհասարակ իրավիճակին ԱԳՆ-ի ադեկվատության հետ կապված: Բացի դրանից, Նալբանդյանը նաև նշում է, թե «երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել»: Թե նա ո՞ւմ նկատի ունի «բոլորի» ներքո, անհասկանալի է: Համենայնդեպս համանախագահների տարածած հայտարարությունից բացարձակապես չի հետևում, որ նրանք իրավիճակը հենց այդպես են գնահատում: Եթե ՀՀ ԱԳՆ ղեկավարը համանախագահների խոսնակի դերը չի ստանձնել, ապա առնվազն հուսահատության և անկարողության ճիչ պետք է համարել նրանց այնպիսի գնահատականներ վերագրելը, որոնք իրենք՝ համանախագահները խուսափում են հնչեցնել:

Իրենց այսպիսի բովանդակությամբ ու ակնհայտորեն ժամանակավրեպ հայտարարությամբ համանախագահները խրախուսում են Ադրբեջանին՝ դիմելու նոր ու ավելի խոշոր ռազմական սադրանքների: Նրանք ալիևյան վարչակարգի մոտ ամուր համոզվածություն են ձևավորում, որ անկախ սադրանքների մասշտաբներից, չեն հրաժարվելու Բաքվի պատասխանատվությունը հասցեական մատնանշելուց հրաժարվելու իրենց մարտավարությունից:

Ինչպես համանախագանները, այնպես էլ պաշտոնական Երևանը թույլ են տալիս այն նույն սխալները, որոնք արվում էին մինչև անցած տարվա ապրիլյան պատերազմը և որոնք հանգեցրին այդ պատերազմին: Համանախագահները շարունակում են պատճառները թողած միայն հետևանքներին ուշադրություն դարձնելու և իրավիճակային լուծումներով առաջնորդվելու իրենց ձախողված և վնասակար մարտավարությունը: Այս իմաստով նրանք լիարժեք պատասխանատվություն են կրում հնարավոր պատերազմական գոծողությունների վերսկսման, շփման գծում իրադրության հնարավոր լարման համար:

Պաշտոնական Երևանն իր ներկայիս չհիմնավորված զգուշավորությամբ ու անհամարձակությամբ ջուր է լցնում համանախագահների այս անպատախանատու քաղաքականության վրա: Ապրիլյան պատերազմից հետո դիվանագիտական անհաջող աճպարարությունները, միջազգային հանրության տրամադրությունների տակ թաքնվելով առաջնորդվելու ինքնախաբեությունն այլևս որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում:

Փոխանակ հանդես գալու պահանջատիրոջ դիրքերից, պնդելու ԼՂՀ-ի՝ որպես հակամարտության լիարժեք կողմ բանակցությունների ձևաչափ վերադառնալու պայմանը, սկսելու ԼՂՀ-ի միջազգայնորեն ճանաչման գործընթաց և օրակարգ բերելու Արցախի Հանրապետության հետ ռազմական փոխօգնության պայմանագրի ստորագրման հարցը` ՀՀ ԱԳՆ-ն զբաղված է սեփական հանրությանը մոլորեցնելու, իր անհաջողություններից սեփական երեսը լվանալու փորձերով: Ապրիլյան պատերազմն արդեն մեկ անգամ հաստատել է, թե ինչի է սա հանգեցնում:

լուսանկարը` president.am-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Վախթանգ Սիրադեղյան15:40 - 11 հունվարի, 2017
ԱԳՆ թույլ ղեկավարությունը, բնականաբար, պայմանավորված է երկրի թույլ ղեկավարությամբ. չի կարող ԱԳ ուժեղ նախարար լինել, եթե երկրի ղեկավարն է թույլ, և երկրի ոիժեղ ղեկավարի դեպքում ԱԳ-ն ևս կունենար ուժեղ ղեկավար:
2. Վարազ Սյունի (Ամստերդամ)21:49 - 11 հունվարի, 2017
Հայաստանի արտգործնախարարությունը պարզապես կաթվածահար է: Հայաստանի ներկա արտգործնախարար Է.Նալբանդյանը կարծես Հայաստանում Ռուսաստանի դեսպանը լինի:............................Ի՞նչ եղավ ՀՀ-ԼՂՀ «ռազմական փոխօգնության» պայմանագիրը: Որտե՞ղ է ԼՂՀ իշխանությունների ձայնը: Մի՞թե այսքա՛ն վախվորած:................................ՀՀ/ԼՂՀ իշխանություններին ձեռք չի տալիս ազատագրված տարածքների վերաբնակեցում, քանի որ դրանից հետո Ռուսաստանը Ադրբեջանին տալու բան այլևս չի ունենա:.......................................ԵՏՄ մտնելիս Հայաստանը պաշտոնապե՛ս հայտարարեց, որ ԼՂՀ-ն ՀՀ-ի մաս չէ: Է՜հ,բա էլ ինչու՞ եք խառնվում ԼՂՀ-ի ներքին գործերին ու իր սահմանների հարց որոշում,եթե այդպես է:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ