Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Վիկտոր Յուկեչեւ. «Պուտինը կայունությունը հասկանում է շատ յուրովի, ինչպես ուժային»



Վիկտոր Յուկեչեւը ռուս լրագրող է, մեդիադասընթացավար: Ապրում եւ աշխատում է Նովոսիբիրսկ քաղաքում: «Տակ-տակ-տակ» իրավապաշտպան սոցցանցի ղեկավարն է:

Յուկեչեւը «Թվապատում հետաքննություն. մեդիան ընդդեմ կոռուպցիայի» երեւանյան կոնֆերանսի հրավիրված փորձագետներից է: Կոնֆերանսի օրերին Յուկեչեւը «Հետք»-ի հետ զրույցում խոսեց ռուսական ԶԼՄ-ների վիճակի, ինչպես նաեւ այն մասին, թե ինչն է ամենաշատը վախեցնում ՌԴ իշխանություններին:

- Դեռեւս 19-րդ դարում Տոմսկում հրատարակվել է «Սիբիրսկայա գազետա» թերթը: Տոմսկում ստեղծվել էր նաեւ Ուրալի առաջին Կայսերական պետական ինստիտուտը, որի գործունեության առաջին պայմաններից մեկը, սակայն, հետեւյալն էր. չեզոքացնել «Սիբիրսկայա գազետա»-ն, «որպեսզի այն անցանկալի ազդեցություն չունենա ուսանողների դեռահաս ուղեղների վրա»: Որովհետեւ թերթի խմբագրությունը իրականում ազատամիտ էր եւ անկանխատեսելի:

Միշտ Ռուսաստանում անկանխատեսելիությունից ամենաշատն են վախեցել:

Գորբաչովյան «գլասնոստի» ժամանակաշրջանը ամենաերջանիկն էր ռուսական մամուլի համար: Գորբաչովը հասկանում էր, որ ոչ մի վերակառուցում, ժողովրդավարացում՝ առանց տեղեկատվական ազատ խողովակների չի կարող լինել:

Եկավ Պուտինը, որին Ելցինը պատգամեց հասարակության մեջ կայունություն հաստատել: Սակայն պարզվում է, որ նա բացի կայունությունից՝ ոչինչ չի կարող, իսկ կայունությունը հասկանում է շատ յուրովի, ինչպես ուժային կառույցների բոլոր ներկայացուցիչները:

Եթե որեւէ խնդիր հեռուստատեսությամբ չի արծարծվում կամ չի լուսաբանվում, նշանակում է նման խնդիր գոյություն չունի:

Վերջին 15 տարիներին հաստատվել է մամուլի վերահսկման սարսափելի իրավիճակ: Մամուլը իշխող կուսակցության լավագույն գործիքն է դարձել: Մարդկանց 80 տոկոսից ավելին տեղեկատվությունը ստանում է հեռուստացույցից: Նրանց քարոզվում է, որ Ռուսաստանը գտնվում է թշնական շրջափակման մեջ, եւ որ մեզ պետք է համախմբվել:

Այսպես երկիրը տանում են փակուղի, եւ հետո ավելի վատ է լինելու:

- Ռուսական մամուլում ճգնաժամ կա՞:

- Ճգնաժամ, անկասկած, կա: Ճգնաժամ կա եւ համաշխարհային մամուլում: Հիմա Ռուսաստանում առաջին տեղում են ոչ թե մարդու իրավունքները, այլ՝ պետության անվտանգությունը: Իսկ նախկինում հակառակն էր:

Արդեն առաջնային են պետական դավաճանության մասին կամ լրտեսության մասին օրենքները եւ այլն:

2015 թվականին մի կնոջ դատապարտել են այն բանի համար, որ նա 2008 թվականին, երբ ապրում էր Օսիայում, զանգահարել է իր ծանոթին եւ պատմել, որ քաղաքում տանկեր եւ ռազմական տեխնիկա է տեսել: Հիմա հեռախոսազանգի կամ հաղորդագրության համար մարդկանց դատապարտում են պետական դավաճանության մեղադրանքով…

- Եվ ինչպե՞ս է դա ազդում լրագրության վրա:

- Առաջին հերթին միանում են ինքնագրաքննության արգելակները: Դրանք ավելի վատ են, քան ուղիղ արգելքները: Սա մասնագիտական էթիկայի հետ որեւէ կապ չունի: Էթիկան ցենզուրա չէ: Էթիկան այն է, թե ինչպես լուսաբանել ամենաբարդ թեմաները, այլ մարդկանց իրավունքները չոտնահարելով: Իսկ ինքնագրաքննությունը արգելված թեմաներ են, անձեռնմխելի մարդիկ, արգելված հարցեր: Սա ամենասարսափելի պրոցեսն է, որ հիմա կա ռուսական մեդիայում:

- Ռուսաստանում միջազգային դրամաշնորհներ ստանալը վերջին տարիներին համարվում է հայրենիքը դավաճանելու պես մի բան: Ո՞վ է ֆինանսապես աջակցում «Տակ-տակ-տակ»-ի գործունեությանը:

- Մենք մշտական համակարգված աջակցություն չենք ստանում: Մրցույթից մրցույթ հիմնադրամներ ենք փնտրում մեր գործունեության համար: Եվ այդպես է վերջին 8 տարիներին: Ընդամենը մեկ նախագահական դրամաշնորհ ենք ստացել, որից հետո երեք տարի փորձելով՝ ոչնչի չենք հասել:

Ասել է թե՝ իշխանություններից օգուտ չունենք: Իշխանությունները օգնում են մարզային մամուլին, որն առանձնապես ոչինչ չի գրում: Ինչպես սովետական շրջանում, մարզային թերթը կարող է քննադատել միայն շրջանային իշխանություններին, բայց՝ ոչ մարզային իշխանություններին: Կենտրոնական մամուլը կարող է քննադատել մարզային իշխանություններին, բայց՝ ոչ կենտրոնական իշխանություններին:

- Ինչի՞ մասին է դժվար գրելը եւ ինչու՞:

- Պուտինի դուստրերի մասին: Թվում է, թե որեւէ կոմպրոմատ չկա, ինչու՞մն է խնդիրը: Սակայն ՌԲԿ-ն Պուտինի դստեր կողմից մի հիմնադրամի գումարները ղեկավարելու մասին խոսեց եւ ունեցավ խնդիրներ:

Շատ դժվար է գրել նաեւ բնապահպանական խնդիրների մասին, որովհետեւ այս ոլորտում մեծ փողեր են, մեծ բիզնես:

- Գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում պետական մամուլը անբարեխղճորեն ստում է: Ինչու՞ է այդպես:

- Խորհրդային տարիների միտումը վերականգնվում է: Եվ առաջին տեղում մարդը չէ, այլ՝ պետության շահերը: Իսկ մարդը պտուտակներից մեկն է եւ ծառայում է պետությանը:

- Ինչպե՞ս կառուցել ապագան փրկելու եւ լրագրությունը փրկելու համար:

- Միակ միջոց գոյություն չունի: Ես կնշեմ երկու պայման: Առաջինը՝ քաղաքացիների գիտակցումը, որ փոփոխությունները կախված են հենց նրանից, իսկ որպեսզի նրանից կախված լինի, նա պետք է իրացնի իր իրավունքները, իմանա, թե ինչ է կատարվում: Իսկ իմանալով՝ կարող ես ազդել գործընթացների վրա:

Երկրորդը իշխանության բոլոր հարթակներում այն գիտակցության հասունացումն է, որ նրանք իրավունք չունեն երկիրը փակուղի տանելու: Իսկ այս համակարգը ուշ, թե շուտ կտանի դեպի փակուղի:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ