HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Բնակարանաշինությունը նոր հարցադրումների առջեւ է կանգնեցրել գյումրեցիներին

Սառա Պետրոսյան
Ռուզան Մինասյան

«Լինսի» հիմնադրամով բնակարանային շինարարություն ծավալելու համար անհրաժեշտ էր ազատել շինհրապարակներ, որը Գյումրիում նշանակում է տարածքներն ազատել տնակներից: «Իրացված տնակներ» արտահայտությունը կրկին ջղագրգիռ վիճակում է դրել գյումրեցիներին` հիշեցնելով այն տարիները, երբ երկրաշարժից հետո անօթեւան մնացած ընտանիքները փորձում էին տնակներ ձեռք բերել: Մարդկանց անհանգիստ հոսքը, որ մինչ այդ դռներ էր բախում՝ պաշտոնյաներին իր բնակարան ստանալու առաջնահերթությունը հիմնավորելու համար` կանգնած է նոր փորձության առջեւ՝ պետք է ազատեն իրացված տնակները:

Տեղական իշխանությունների հավաստիացումները, որ տնակներն ազատելուց 2 տարի հետո բնակարան կստանան` նրանց հավատ չի ներշնչում: Մինչեւ բաղձալի երկու տարին՝ իրացված տնակների բնակիչները պետք է վարձով բնակվեն: Այդ նպատակի համար ՀՀ կառավարությունը 30 մլն. դրամ է հատկացրել եւ Գյումրու քաղաքապետարանը երկու տարի ամսական 10 հազար դրամ է տրամադրելու բնակարանի վարձը վճարելու համար: «Իսկ 2 տարի հետո ո՞վ պետք է վճարի»,-հարցնում են գյումրեցիները: Այս հարցին ոչ ոք չի պատասխանում, սակայն կամովին տնակները չլքողների նկատմամբ գործադրվում է մտրակը` վտարում են դատարանի վճռով: 

 Մյուս կողմից երկրաշարժից տուժածներին բնակարաններով ապահովելը դարձել է անվերջանալի խնդիր` կասկածի տակ դնելով «վերականգնման գոտին» երբեւէ ավարտին հասցնելու ծրագիրը: 2001թ.-ին, երբ «Լինսի» հիմնադրամը նախաձեռնում էր բնակելի շենքերի կառուցումը, հայտարարություններ են տրվել, որպեսզի երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած քաղաքացիները հաշվառվեն: Մեր ունեցած տեղեկություններով հաշվառվել էր 6200 ընտանիք, հիմնադրամին ներկայացվել է 7000 բնակարանի հայտ:

Այսօր, երբ «Լինսի» հիմնադրամով բնակարանային շինարարությունը մոտեցել է ավարտին` պարզվում է, որ քաղաքում սեպտեմբերի առաջին շաբաթվա տվյալներով դեռեւս 7185 անօթեւան ընտանիք կար: Շատերն այսօր գլուխ են կոտրում հասկանալու համար, թե 2 տարվա ընթացքում անօթեւանների թիվն ինչպես կրկնապատկվեց: Գյումրու քաղաքապետը չցանկացավ զրուցել մեզ հետ եւ նրանից չհաջողվեց ստանալ այս հանելուկի պատասխանը, իսկ քաղաքապետարանի Բնակարանների հաշվառման եւ բաշխման բաժնի պետ Գարիկ Ղազարյանը բոլորովին այլ թվեր հրամցրեց: Մեր այն հարցին, թե «Լինսի» հիմնադրամի շինարարական աշխատանքներն սկսելուց քանի՞ անօթեւան ընտանիք է հաշվառվել, բաժնի պետը հայտնեց, որ 2002թ.-ի ապրիլի 1-ի տվյալներով բնակարանային հերթում եղել են 8948 ընտանիք, ներկայումս 7185 ընտանիք է հաշվառված: Նրա ասելով, հաշվառումը փոփոխական է: 

«Օրինակ երեկվա ընթացքում 3 ընտանիք է հաշվառվել: Քաղաքում չեն եղել, գնացել են արտագնա աշխատանքի: Տեղեկանքը տրված է, որ մարդու շենքը փլվել է, մենք այդ մարդուն հաշվառման չվերցնելու իրավունք չունենք: Ասում ես՝ բա՞ ուր էիր 15 տարի: Մի մասն ասում են՝ ո՞վ հույս ուներ, որ քաղաքում այսքան բնակարան կկառուցվի: Շատերը նույնիսկ քաղաքում են եղել, չեն եկել հաշվառման, բայց տեսան, որ շինարարությունը լայն թափ ստացավ, այս մարդկանց մոտ հույս ծնվեց»: Նրա ասելով, որպեսզի «Լինսի» ծրագիրը կարողանար շինարարություն իրականացնել՝ պետք էր ազատել շինհրապարակներ: Այն ընտանիքները, որոնց տնակներն ընկել են շինհրապարակի տարածքում եւ եղել են անօթեւաններ՝ նրանք ժամանակավորապես ազատել են տարածքը, քաղաքապետարանը նրանց հետ պայմանագիր է կնքել, որ տվյալ շենքը կառուցելու ընթացքում բնակարաններ կտան՝ անկախ հերթացուցակում նրանց զբաղեցրած տեղից: Միայն այս տարբերակով է հնարավոր դարձել քաղաքում շինարարություն իրականացնել: 

«Էս տան պրոբլեմը մեզի կխեղդե» 

 Քաղաքում շրջելիս այցելեցինք պատահական ընտրված մի տնակ, տանտիրուհու հետ ունեցած զրույցից պարզվեց, որ նույն խնդիրներով է մտահոգ նաեւ նրա ընտանիքը: «Ես բնակարանային հերթում հաշվառված չեմ: Այս տնակն ստացել եմ իմ հիմնարկից՝ 1-ին երաժշտական դպրոցից: Այս հասցեում հաշվառված է նաեւ ամուսնուս քույրը: Ես երեսուն տարի առանձին եմ ապրել իմ 5 անձով, տալս էլ առանձին է ապրել իր ընտանիքով, հիմա էլ առանձին է ապրում, բայց մեզ հետ հաշվառման մեջ է մնացել: Հիմա ասում են սերտիֆիկատով 2+1 սենյակ կարող ենք տալ, դուք ձեր մեջ բաժանեք, ո՞նց բաժանենք»,- պատմեց տանտիրուհին` թիվ 1 երաժշտական դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Հարությունյանը: 

Ասաց, որ վերջերս էլ կանչել են քաղաքապետարան ու պահանջել ազատել տարածքը: «Կազատեմ, ինչո՞ւ չէ, բնակարան տվեք՝ կազատեմ: Ասացին` պայմանագիր կնքենք, երկու տարի ձեր վարձը կտանք՝ գնացեք վարձով ապրեք: Լավ, 2 տարի հետո ո՞վ պետք է վարձը տա: Ինձ ասում են անօթեւանի կարգավիճակ չունիս, պիտի գնաս դատարան: Թող քաղաքապետարանը վճարի ծախսը՝ ես դիմեմ դատարան: Էս տան պրոբլեմը մեզի կխեղդե»,- ասաց տանտիրուհին` անլուծելի դարձաց իր բնակարանային խնդրից հոգնած ձայնով: 

Սեպտեմբերի 17-ին Գյումրիում նախատեսված էր 8 բնակելի շենքերի բացումը, սակայն բնակարանների հանձնումը հետաձգվեց: Գյումրիի փողոցներում մարդիկ աշխույժ քննարկում էին Շիրակի նոր մազպետի ու քաղաքապետի միջեւ ծագած հակամարտությունը, որ հիմնականում ծագել էր այն հարցից, թե ով պետք է բաշխի բնակարանները: 2002թ.-ի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել բնակարանների բաշխումը մարզպետարաններին հանձնելու մասին: Նոր մարզպետ Ռոմիկ Մանուկյանը փորձել է կիրարկել իր իրավասությունները, որին ի պատասխան Գյումրիի քաղաքապետը տեղական հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ չի ենթարկվելու կառավարության որոշմանը՝ բնակարանների բաշխումը մարզպետարանին հանձնելը համարելով հակասահմանադրական: Այդուհանդերձ, հիշյալ որոշումը նա չի վիճարկել Սահմանադրական դատարանում, միաժամանակ չի էլ շտապում կատարել այն: Շիրակի մարզպետից տեղեկացանք, որ քաղաքապետը ցուցակը ներկայացրել է 20 օր ուշացումով եւ ոչ ամբողջական, որի պատճառով իրենք մասամբ հետաձգել են բնակարանների բաշխումը: 

«Վերջին երկու տարիներին բնակարանները արագ են բաժանում, իսկ մինչ այդ կային պատրաստի բնակարաններ, որոնք չէին բաժանում, գումար էին ուզում: Նույնիսկ լսել եմ, որ ասել են՝ հերթը հասել է, բայց այդ մարդը փող չունի: Փող են ուզել, որ բնակարանը հատկացնեն: Բայց եղել է նաեւ արդար բաժանում, որը նկարահանում են, ցույց են տալիս: Կան մարդիկ, որ ամեն ինչ ունեն՝ բնակարան էլ կստանան»,-բնակարանների բաշխման վերաբերյալ իր տպավորությունները կիսեց տիկին Սուսաննան: 

 Չարաբաստիկ 432 որոշումը 

1999թ.-ի հունիսին ՀՀ վարչապետ Արմեն Դարբինյանը ստորագրել է մի որոշում, համաձայն որի աղետի գոտու անօթեւան բնակիչները կապահովվեն իրենց կորցրածին համարժեք բնակարաններով: Կառավարության այս որոշումը միանշանակ չի ընկալվել աղետի գոտու բնակիչների կողմից: «Երկրաշարժից անցել է 15 տարի, փոփոխություն է կատարվել ընտանիքների կազմում: Աղետի ժամանակ ընտանիքը եղել է 5 անձ, հիմա դարձել է 12 անձ: Համաձայն այդ որոշման, մենք պետք է տանք այն, ինչ ինքը կորցրել է աղետի ժամանակ: Դա մարդկայնորեն անընդունելի է: Մենք նրանց մերժում ենք, գնում են դատարան: Քաղաքապետը բոլոր նման վճիռները բողոքարկել է, որոնք վճռաբեկ դատարանով անփոփոխ են մնացել՝ պարտավորված առանձին ընտանիք ենք ճանաչել»,- ասում է պրն. Ղազարյանը: Սրանում վտանգավորն այն է, որ այս տրամաբանությամբ աղետի գոտին երբեւէ վերականգնված չի կարող համարվել: 

 Ոմանք այս որոշումը անարդարացի են համարում ելնելով այն տրամաբանությունից, որ եթե սկզբունքը կորցրածին համարժեքով հատուցելն է, ապա այն դեպքերում, երբ քաղաքացին կորցրել է 4 կամ 5 սենյականոց բնակարան, բայց նրա ընտանիքի կազմը նվազել է՝ նրա քառակուսի մետրը պակասեցվում է: Այս մոտեցումն արդեն հակասում է կառավարության հիշյալ որոշման տրամաբանությանը: Այնուամենայնիվ, 432 որոշումից դժգոհողները մեկ անգամ էլ իրենց բախտը փորձում են դատարանում, սակայն աղետի գոտու դատարանները դարձյալ առաջնորդվում են միմիայն այս որոշումով: 

«Ճանաչեք ինձ անօթեւան» 

 «Ճանաչեք ինձ առանձին ընտանիք ու անօթեւան», «հաստատեք տվյալ հասցեում իմ բնակության փաստը»- այս պահանջներն ամենից հաճախ են հանդիպում Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի մերժված ու վերադարձված հայցադիմումների մեջ: Դատարանի՝ հայցադիմումները վերադարձնելու ու հայցի ընդունումը մերժելու որոշումները հիմնականում առնչվում են բնակարանային խնդիրներին, որ յուրահատուկ է աղետի գոտու համար: Այս եւ նույնաբովանդակ այլ հայցադիմուների ընդունումը, որոնցում պատասխանող են ճանաչել Գյումրու քաղաքապետարանին, դատարանը հիմնականում մերժել է հետեւյալ ձեւակերպումով. «Հայցվորի ու քաղաքապետարանի հետ արհեստականորեն ստեղծված վեճը ենթակա չէ դատարանի քննությանը»:

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Էդիկ Մանուկյանի մեկնաբանությամբ այդ բնույթի հայցերի հոսքը կապված է նրա հետ, որ վերջին տարիներին բնակելի շինարարության ավարտման կապակցությամբ Գյումրիում աշխուժացել է բնակարանների բաշխման հարցը: «Ամեն մեկը փորձում է առաջինն ինքը օգտվել հատկացման իրավունքից: Աղետի գոտու բնակավայրերում կան արտահերթ բնակարանի համար հաշվառվածներ, այդ տարբերակումը կապված է որոշակի մարդկանց ունեցած իրավունքների հետ եւ իրավունքների իմաստով մարդիկ ձգտում են, որպեսզի պետությունից ավելի շատ բնակարաններ կորզեն: Կան նաեւ քաղաքացիներ, որոնք անօթեւան ճանաչվելու մոլուցքով ցանկանում են իրենց ընտանիքը բաժանել առանձին ընտանիքների, այդ բաժանման հիմքում ըստ նրանց դրվում է ոչ թե այն հարցը, որ պիտի գրանցում ունենան, առավել շատ նրանք այդ հարցը՝ իրենց բնակության փաստը որեւէ հասցեում հաստատելու պահանջը, քննարկման են դնում դատարանում»: 

Դատարանի նախագահը նշեց, որ վերջին տարիներին դատարանում բազմաթիվ այդպիսի գործեր են լսվել՝ անօթեւան ճանաչելու եւ այլն: Այն քաղաքացիները, որոնք երկրաշարժի ժամանակ բնակարան են կորցրել, իսկ հետո Գյումրիում չեն բնակվել՝ ջրի երես են բարձրացել ու պահանջում են իրենց բնակարանը: Այս պայմաններում վեճի մեծ հոսք կա դատարանում եւ դա կապված է նրա հետ, որ քաղաքացիները ցանկանում են առանձին բնակարաններ ստանալ՝ կորցրած 1 բնակարանի դիմաց՝ երկուսը: Պրն. Մանուկյանը նշեց, որ սկզբնական շրջանում դատարանը մի փոքր այլ պրակտիկա էր տարել. եթե դատարանը քննությամբ պարզում էր, որ ընտանիքի մի մասը մինչեւ երկրաշարժը առանձին տնտեսություն է վարել՝ այս փաստի հաստատումը տալիս էր: 

 Տեղեկացրեց, որ հայցադիմումների մի մասին, ըստ էության, լուծում տրվել է, բայց երբեմն դատարանը նաեւ մերժել է հայցի ընդունումը, եթե հարցը վերաբերվել է քաղաքացու հայացադիմումին, որը ցանկանում է իր բնակության փաստը հաստատվի ոչ իր գրանցում ունեցող հասցեում: «Որպես կանոն, մենք հայցադիմումը վերադարձնում ենք փաստը հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության դեպքում: Բայց երբեմն քաղաքացին բերում է տեղեկանքներ, որի ձեռքբերման ճանապարհն էլ գիտենք: Այս դեպքում հայցապահանջն ըստ էության դրվում է քննության, բայց լուծումը կրկին տարվում է գրանցման փաստով: Եթե քաղաքացին փորձում է իր բնակության փաստը ինչ-որ հասցեում հաստատել՝ մենք նրանից վարձակալության պայմանագիր ենք պահանջում: Եթե մինչեւ երկրաշարժը նա վարձով է ապրել, պարտադիր պետք է վարձակալության պայմանագիր կնքի: Բայց, որպես կանոն, չեն կնքել»: 

Պրն. Մանուկյանն այս բնույթի հայցադիմումներում վտանգավոր է համարում այն, որ երբեմն քաղաքապետարանի աշխատակիցներն իրենք նախադրյալներ են ստեղծում փաստաթղթերի հավաքագրման համար, որ քաղաքացիները դիմեն դատարան: «Նախադրյալներն իրենք ստեղծում են, տեղեկանքը տալիս են, որ այս մարդը վարձով է ապրել, հաստատում են, որ, իրոք, վարձով ապրել է այսինչի տանը, այնուհետեւ քաղաքապետարանն առանց պատճառաբանելու մերժում է նրանց առանձին ընտանիք հաշվառել: Դատարանի նախագահը նշեց, որ ըստ էության, լուծում չի տրվում, թե քաղաքացին կոնկրետ ինչ է ուզում եւ ինչն են մերժում, բայց, քանի որ, սա համընդհանուր երեւույթ է եւ հիմնականում վերաբերում է արտահերթ բնակարան ստանալուն՝ առանձին ընտանիքի ձեւով, այս դեպքում դատարանն ընդունում է վարույթ՝ ենթադրելով, թե հարցն ինչին է վերաբերում: Հետագայում, դատաքննությամբ հարցն հստակեցվում է եւ լուծումը տրվում է: «Քաղաքապետարանն, իրոք, արհեստական վեճ է ստեղծում, այնուհետեւ գլխացավանքից հեռու մնալով ասում է՝ թող մի հատ էլ վճիռ լինի: Առեւերեւույթ սա ցուցադրական վեճ է, եթե բոլոր փաստաթղթերը տրամադրում ես նրան, հետո ասում ես, որ չեմ լուծում` սա իրոք արհեստական վեճ է»,-ասաց պրն. Մանուկյանը: 

Դատարանի նախագահը հայտնեց, որ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով 2003 հուլիսի 17-ի դրությամբ անօթեւան են ճանաչվել ու բնակարանային հերթում հաշվառվել են են մոտ 95 ընտանիքներ: Գյումրու քաղաքապետարանը տեղեկացրել էր նաեւ, որ 7 ընտանիքներ հաշվառվել են վերաքննիչ դատարանի վճռի հիման վրա, 11 ընտանիքի հետ պայմանագիր են կնքել բնակարան հատկացնելու մասին, 3 ընտանիքի բնակարան է հատկացվել ԱՄՆ Միջազգային զարգացման սերտիֆիկատների ծրագրով: 

Քաղաքապետարանի Բնակարանների հաշվառման եւ բաշխման բաժնի պետ Գարիկ Ղազարյանից տեղեկացանք, որ Գյումրի քաղաքում «Լինսի» հիմնադրամով կառուցվել եւ կառուցվում է 86 շենք՝ 2400 ընտանիքի համար: Բացի դրանից, 1608 ընտանիքների բնակարաններով ապահովել է Միջազգային զարգացման գործակալությունը: Արտահերթ բնակարան ստացողների համար 30 կետ է սահմանված, առայժմ 7-րդ կետն ամբողջությամբ չեն ավարտել, բայց դրան զուգահեռ 1 սենյականոց բնակարաններ են բաշխել են նաեւ 8-րդ կետից՝ 420 միայնակ ծերերի, հաշվառման մեջ են գտնվում դեռեւս 402-ը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter