HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Համայնքների ղեկավարներին պարտադրում են գումարներ փոխանցել իրենց անհայտ ընկերությանը՝ չիրականացրած ծառայության դիմաց

Որոշ համայնքներում բյուջետային տարին սկսվել է բավականին լարված. համայնքների ղեկավարների եւ աշխատակազմերի միջեւ հակասություններ են առաջացել «Ցենզոր» տեղեկատվա-վերլուծական կենտրոն ՍՊԸ-ի հետ կնքելիք պայմանագրի հետ կապված: Պայմանագրի համաձայն, այս կենտրոնը պետք է համակարգչային  ծառայություններ  մատուցի համայնքներին: Սակայն, ինչպես հավաստիացնում են մեզ համայնքների ղեկավարների աշխատակազմերից, իրականում նրանց գործունեությունը պայմանագրում ամրագրված պարտավորությունների հետ ընդհանուր ոչինչ չունի:

Համայնքապետարանների աշխատակիցների ասելով՝ ավելի քան 6 տարի իրենց պարտավորեցրել են պայմանագիր կնքել հիշյալ ընկերության հետ, որի դիմաց տարվա մեջ մեկ-երկու անգամ սկավառակով ուղարկել են տեղական ինքնակառավարման ոլորտում տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունները: Նրանք ասում են, որ դա իրենց բացարձակապես պետք չէ, օրենսդրությանը ծանոթանալու համար իրենք անվճար օգտվում են www.arlis.am, www.parliament.am եւ այդ նպատակի համար ստեղծված այլ կայքերից:

Համայնքապետարանի աշխատակիցները պնդում են, որ ազդեցիկ մեկի պարտադրանքով են համայնքների ղեկավարները վերակնքում «Ցենզոր» ընկերության պայմանագիրը, հակառակ դեպքում ոչ մի համայնքի ղեկավար հենց այնպես գումար չէր տա: Բացի այդ, նման հարցերը կարգավորվում են գնումների ընթացակարգով, ոչ թե զանգերով: Նրանց համոզմամբ, նման բան լինում է միայն այն ժամանակ, երբ հրահանգները «վերեւից» են իջեցվում` մարզպետարան, տարածքային կառավարման նախարարություն (ՏԿՆ):

Մեր տեղեկություններով, հիշյալ կազմակերպության հետ պայմանագիր կնքելու պարտադրանք ներկայացվում է նաեւ հանրակրթական դպրոցների տնօրեններին:

««Ցենզոր» տեղեկատվա-վերլուծական կենտրոն» ՍՊԸ-ն ներկայացված է բոլոր մարզերում: Մենք ավելի քան 30 համայնքների ղեկավարների հետ կապվելով` փորձեցինք պարզել, թե ինչ ծառայություն են մատուցում համայնքներին: Պարզվեց, որ նրանք մեկ անգամ այցելել են Երեւանին մոտ գտնվող մի քանի համայնքներ եւ իրենց հետ տարած սկավառակների բովանդակությունը մուտքագրել են համակարգիչ:

Համայնքների ղեկավարների հետ մեր զրույցից պարզ դարձավ, որ ընկերությունը նույն ծառայության համար տարբեր արժեքներով է պայմանագրեր կնքել համայնքների հետ՝ տարեկան  30 000, 35 000, մինչեւ 90 000 դրամ: Մեզ հետ զրույցում համայնքապետերից մի քանիսը նշեցին, թե այս տարի կհրաժարվեն պայմանագրից, քանի որ իրենք գումարներն այդպես հեշտ չեն հավաքում, որ հեշտությամբ էլ բաժանեն:

Բավականին թվով համայնքներ, որոնք պայմանագրեր ունեն այս ընկերության հետ, չգիտեն, թե ով է այն ներկայացնողը: Հաղորդակցությունը, հատկապես հեռավոր համայնքների հետ, եղել է միայն նամակագրությամբ: Փոստային ծրարով համայնքների ղեկավարներին է ուղարկվում պայմանագիրը, որի մեկ օրինակը հաստատված վերադարձվում է ընկերության հասցեով: Այնուհետեւ ծրարով ուղարկվում է սկավառակը: Ավելի զայրացնող է այն, որ տարվա ընթացքում ծրարով ուղարկվում են նաեւ գործուղման թերթիկներ, որոնք նույնպես պետք է կնքեն եւ դարձյալ ծրարված վերադարձնեն ընկերությանը:

Ընկերության փոստային ծրարին հետադարձ հասցեն նշված է` Կառավարական տուն 3: Հասցեն չնայած թերի է, բայց համայնքների աշխատակազմերին նրանք ներկայանում են Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության (ՏԿԶՆ) անունից: Ընկերությունն ավելի քան 7 տարի համագործակցում է համայնքների հետ, սակայն ՍՊԸ-ի կոնտակտային տվյալները բացակայում են նաեւ համայնքային կայքերում, բացառությամբ Քասախ համայնքի:

ՏԿԶ նախարարությունից հայտնում են, որ «Ցենզոր»-ի հետ իրենք կապ չունեն, չեն ճանաչում այդ ընկերությանը: Նախարարության մի աշխատակից հայտնեց, որ երկու տարի առաջ կրկին դժգոհություններ են լսվել համայնքապետարաններից, եւ իրենք ընկերության տնօրենից պահանջել են, որ նախարարության անունից հանդես չգա:

««Ցենզոր» տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՍՊԸ-ն իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել է 2009 թ. դեկտեմբերի 29-ին: Հարկային S95.11 դասիչի ներքո գործող ընկերությունը հիմնվել է «համակարգիչների եւ ծայրամասային սարքվածքների նորոգում» իրականացնելու համար: Ընկերության 100% բաժնեմասը պատկանում է նրա հիմնադիր եւ տնօրեն Վարդան Մարտիրոսի Վարդանյանին: Ընկերության իրավաբանական հասցեն տնօրենի հաշվառման հասցեն է:

Մեր հարցին, թե կենտրոնն ինչ վերլուծություններ է կատարում համայնքների համար, Վարդան Վարդանյանը պատասխանեց. «Այդ բառը հենց այնպես է գրված ընկերության անվանման մեջ, մենք զբաղվում ենք համակարգչային տեխնիկայի նորոգումով»: Նա հրաժարվեց հայտնել, թե քանի համայնքների հետ են պայմանագիր կնքել եւ որ հասցեում են գործունեություն իրականացնում: Երբ հայտնեցինք, որ փոստային ծրարին նշված է Կառավարության շենքի հասցեն, ասաց, որ ինչ-որ ժամանակ եղել են այդ շենքում, սակայն ժամանակը չհստակեցրեց: Ապա հարցով դիմեց մեզ. «Կարո՞ղ եք ինձ ցույց տալ ծրարը»: Մեր պատրաստակամությունից հետո ընդհատեց զրույցը եւ հայտնեց, որ քիչ ավելի ուշ կզանգի ու կպատասխանի այդ հարցին: Բնականաբար, նա այլեւս չզանգեց:

Ընկերության տնօրենը մեր հեռախոսազրույցն ընդմիջեց մի քանի անգամ, տպավորությունն այն է, որ որոշ հարցերի պատասխաններ նա համաձայնեցնում էր ինչ-որ մեկի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter