HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալ. Բաքվի պլատֆորմով առաջարկում են վերադառնալ 1988թ. ելման դիրքեր

- Ինչպե՞ս եք գնահատում «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պլատֆորմ»-ի հիմնական դրույթները, որն այլ կերպ անվանում են «Բաքվի պլատֆորմ»: Ադրբեջանական haqqin.az-ի այս թեմաներով նյութերից մեկում պնդում կա, թե Դուք էլ եք ողջունում այդ պլատֆորմը:   

- Ես ողջունում եմ ժողովրդական դիվանագիտությունն ընդհանրապես եւ կարծում եմ, որ նման շփումների սղությունը թուլացնում է ղարաբաղյան խաղաղ գործընթացը: Առանց ադրբեջանցի եւ հայ քաղաքացիների ակտիվ մասնակցության, առանց հասարակությունների, այլ ոչ թե քաղաքական գործիչների մակարդակով երկխոսությունների, բանակցային գործընթացը վեր է ածվում ղեկավարների էլիտար մի գործի, որոնք հետո վստահ չեն կարողանում լինել, որ իրենց դիրքորոշումը ստանում է հասարակության արձագանքը: Այդ պատճառով, երբ Ծննդյան տոների արձակուրդների ժամանակ ինձ զանգահարեցին Բաքվից եւ հարցրեցին, թե ինչպե՞ս եմ վերաբերվում մի քանի հայերի Բաքու ժամանելու եւ այնտեղ ղարաբաղյան հարցը քննարկելու փաստին, ես, իհարկե, պատասխանեցի, որ դրական եմ վերաբերվում: Բայց` ասացի ընդհանուր առմամբ, առանց մանրամասների մեջ խորանալու:    

Իսկ հիմա, Բաքվի պլատֆորմի տեքստին եւ Բաքվում այն ստորագրած հայերի մասին տեղեկատվությանը ծանոթանալուց հետո կարող եմ միայն ափսոսանքով ասել, որ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Հարցումների արդյունքներով հայերի 1% -ից էլ քիչ մասն է ընդունում այն գաղափարը, որը փաստորեն առաջ է քաշվում Բաքվի պլատֆորմում, եւ որը նշանակում է վերադարձ 1988թ. դիրքերին, այն իրավիճակին, որի պատճառով էլ սկսվեց հակամարտությունը: Պատերազմի տարիներից ի վեր Մինսկի խմբի կողմից առաջ քաշված առաջարկություններն ու մշակված ծրագրերը բավական մանրամասն են ու բարդ: Դրանց մեջ կան սխեմաներ, որոնցով Ղարաբաղի հայերը կարող են իրացնել իրենց ինքնորոշման իրավունքը, Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական շրջանները կարող են վերադառնալ  ադրբեջանական վերահսկողության տակ, շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայման պայմանով: Ուժեր, որոնք պետք է պահպանեն տարածաշրջանի անվտանգությունը:  

Ինչպես գիտենք, այդ ծրագրերում աշխատում են հաշվի առնել երկու կողմերի շահերը, դրանք տարիներով քննարկվում են, բայց եւ հաջորդաբար մերժվում մերթ մի, մերթ` մյուս կողմից: Եվ այս ամենի մասին պլատֆորմի տեքստում ոչինչ չկա: Ամեն ինչ ավելի պարզ է դառնում, երբ կարդում եմ, որ փաստաթուղթը ստորագրած հայերը Հայաստանում չեն ապրում եւ Հայաստանի հասարակական կազմակերպությունները չեն ներկայացնում:  

Ավելի ճիշտ եւ իրատեսական կլիներ, եթե նախքան Բաքու մեկնելը այդ մարդիկ հակամարտության հետ կապված իրենց գաղափարներն ու դիրքորոշումները քննարկեին Հայաստանում եւ Ղարաբաղում: Հուսով եմ, որ նրանց այնուամենայնիվ կհրավիրեն այնտեղ: Թեեւ կասկածում եմ, թե հիմա դա հնարավոր է անել: Չէ՞ որ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ներկայումս կա Ադրբեջանի հետ հնարավոր փոխզիջման մասին քննարկումների մեծ դեֆիցիտ, ինչը նույնպես անկայունության գործոններից է: 

- Ինչպե՞ս համադրել Բաքվի նախաձեռնած եւ  իբրեւ թե խաղաղությանը միտված այս պլատֆորմը եւ դրան զուգահեռ շարունակվող Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությունը:

- Նախագահ Իլհամ Ալիեւը շատ անգամ է հայտարարել, որ ուզում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում, ինչը կարելի է միայն ողջունել: Նա ողջախոհ անձնավորություն է, որը շատ լավ գիտի, թե ինչ ռիսկերի հետ է կապված լինելու հակամարտության բռնկման նոր փուլը, որ այն կարող է վերածվել մարդկային ողբերգության ադրբեջանական հարյուրավոր ընտանիքների եւ ողջ տարածաշրջանի համար: Բայց միեւնույն ժամանակ վերջին տարիներին նկատելի է ռազմական հռետորաբանության ուժգնացումը, ընդ որում` առաջին հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարի, նաեւ այլ գործիչների, ներառյալ նախագահի կողմից: Սա հիմնականում երկրի ներքին քաղաքականության արդյունք է, ինչպես նաեւ ադրբեջանական իշխանությունների` իրենց անօգնականությունը զգալու արտացոլում: Իշխանություններ, որոնք տարիներ շարունակ ոչինչ չեն կարողացել անել ղարաբաղյան ուղղությունում: Բայց ինչ-որ պահի խոսքերը վերածվում են գործողությունների, եւ անցած տարվա «քառօրյա պատերազմը» այդ երեւույթի ողբերգական հետեւանքն է: 

Եվ այսպես, թեեւ իմ տեսանկյունից Բաքվի նոր նախաձեռնությունից ոչ մի օգուտ չկա, բայց այն, որ հիմա Բաքվում ավելի շատ խոսում են խաղաղության, քան թե պատերազմի մասին, դրական նշան ունի:

- Ինչո՞վ է տարբերվում Բաքվի նախաձեռնությունը հայ եւ ադրբեջանական տարբեր ՀԿ-ների միջեւ համագործակցությունից, որն ընդհատվեց վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանում խաղաղության կողմնակիցների դեմ բռնաճնշումների պատճառով: Եվ ինչո՞ւ է այդ նախաձեռնությունը սկսվել հիմա:

- Վերջին շրջանում նորից են լսվում ադրբեջանցի գործիչների բողոքները, թե հակամարտության հետ կապված դիվանագիտական շարժը մարել է: Հնարավոր է, Բաքուն միամտորեն կարծում է, թե դիվանագիտական ակտիվության հնարավոր է հասնել: Քանի որ այս պահի դրությամբ Բաքուն ավելի շատ հետաքրքրված է դինամիկ բանակցային գործընթացով: Անցած ամառ ապրիլյան պատերազմից հետո ակտիվացավ Մինսկի խումբը, բայց հայկական կողմը մտավախություն ուներ, հավանաբար երեւանյան դեպքերից հետո, եւ դեկտեմբերին Ղարաբաղում նախագահ Ս. Սարգսյանը հայտարարեց, որ «բանակցություններ չեն ընթանում»: Այս ֆոնին տեսնում ենք հայկական կողմի վրա ճնշման միջոցներ բանեցնելու Բաքվի փորձերը: Բաքվի պլատֆորմը պետք է դիտարկել այս համատեքստում: Սա գոնե խաղաղ նախաձեռնություն է, բայց պետք է մտավախություն ունենալ, որ ճնշման մյուս գործիքը կլինի գարնանը ուժի գործադրումը:

Հենց այդ պատճառով հիմա կա եւ Մինսկի խմբի, եւ ՀԿ-ների ավելի ակտիվ խաղաղարարության կարիք: Ի՞նչ նկատի ունեմ: Ժողովրդական լուրջ դիվանագիտության եւ շոշափելի երկխոսության համար պետք են անկախ, իրենց հասարակություններում հեղինակություն վայելող մարդիկ: Ադրբեջանում այդպիսիք են օրինակ` Ալի Աբասովը, Արիֆ Յունուսը, Աքրամ Այլիսլին, Զարդուշտ Ալիզադեն, Ռաուֆ Միրկադիրովը (չնայած, որ նրանք միշտ չէ, որ համաձայն են լինում միմյանց հետ): Նրանք չեն կորցրել իրենց հեղինակությունը նույնիսկ այն պայմաններում, որ սահմանափակ մուտք ունեն դեպի ԶԼՄ-ներ, նրանցից մի քանիսը ենթարկվել են իշխանությունների բռնաճնշումներին եւ այժմ աքսորում են գտնվում:

Փառք Աստծո, որ մինչեւ հիմա գոյություն ունի ՀԿ-ների պլատֆորմ EPNK ծրագրի (Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման եվրոպական գործընկերություն – խմբ.) շրջանակներում, որը ֆինանսավորում է ԵՄ-ն: Հիմա դա ռեալ երկխոսության միակ հարթակն է, թեեւ վերջերս այն ավելի պակաս արդյունավետություն ունի հակամարտության սրման եւ քաղաքական սահմանափակումների պատճառով: Բայց շատ կարեւոր է, որ այդ նախաձեռնությունը շարունակություն ունենա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter