HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համայնքի միջոցները վատնելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով համայնքապետը հայտնվել է դատարանում

Արմավիրի մարզի Շահումյանի թ/ֆ (բնակիչները հիմնականում աշխատում են թռչնաֆաբրիկայում) համայնքապետ Արթուր Յայլոյանը հերթական անգամ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրան մեղադրանք է առաջադրվել համայնքային միջոցներն առանձնապես խոշոր չափերով վատնելու և փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ և 325-րդ հոդվածի 1-ին մաս): Գործն այժմ գտնվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ համայնքապետի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է «Ստորագրություն չհեռանալու մասին»:

Արթուր Յայլոյանը մոտ 16 տարի զբաղեցնում է Արմավիրի մարզի Շահումյան թ/ֆ-ի համայնքի ղեկավարի պաշտոնը և օժտված է անձանց պաշտոնների նշանակելու ու ազատելու իրավասությամբ:

Ըստ նախաքննական մարմնի՝ Արթուր Յայլոյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, 2008-2016թթ. ընթացքում ինչպես կնոջը` Մարիամ Յայլոյանին, այնպես էլ սոցիալապես վատ պայմաններում բնակվող համայնքի բնակիչներ Էդգար Պետրոսյանին, Կիմա և Կարինե Խաչատրյաններին, Սուսաննա Հարությունյանին և Նվարդ Մկրտչյանին հրամանագրել է իրականում չգործող գրադարանավարուհու, այգեպանի և գործավարի հաստիքների վրա: Նշված անձանց անվամբ համայնքային բյուջեից դուրս են գրվել համապատասխան չափի աշխատավարձեր, որոնք վերջիններս ստացել և տնօրինել են իրենց հայեցողությամբ, սակայն փաստացի չեն իրականացրել վերը նշված հաստիքներով սահմանված պարտականությունները:

Մասնավորապես, համայնքի գրադարանն իրականում չի գործում, մինչդեռ համայնքապետի կինը` Մարիամ Յայլոյանը, մոտ 8 տարի՝ մինչև 05-11-2016թ., ձևակերպված է եղել որպես գրադարանավարուհի և նրա անվամբ դուրս է գրվել ընդհանուր 5 մլն 279 հազար դրամ աշխատավարձ:

Այգի չունենալու պայմաններում Կիմա և Կարինե Խաչատրյաններին Արթուր Յայլոյանը ձևակերպել է որպես այգեպան: Կիմա Խաչատրյանին մոտ 7 ամիս՝ մինչև 20-05-2016թ., իսկ Կարինե Խաչատրյանին մոտ 1,5 տարի՝ մինչև 16-11-2015թ. վճարվել է համապատասխանաբար 330 հազար և մոտ 479 հազար դրամ աշխատավարձ:

Գործավարի անհրաժեշտություն չունենալու պայմաններում Էդգար Պետրոսյանին, Նվարդ Մկրտչյանին և Սուսաննա Հարությունյանին համայքապետը ձևակերպել է որպես գործավար: Է. Պետրոսյանին 10 ամիս՝ մինչև 09-12-2014թ., Ն. Մկրտչյանին 4 ամիս՝ մինչև 27-05-2015թ., իսկ Ս. Հարությունյանին` 1 տարի 2 ամիս՝ մինչև 01-08-2016թ., վճարվել է համապատասխանաբար 506 հազար, մոտ 270 հազար և մոտ 773 հազար դրամ աշխատավարձ:

Նշված անձինք աշխատանքի փաստացի չեն հաճախել, ինչի արդյունքում համայնքի բյուջեից Արթուր Յայլոյանը, ըստ մեղադրանքի, վատնել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 7 մլն 636 հազար դրամից ավել գումար:

Մեկ այլ դրվագով պարզվել է, որ Շահումյան թ/ֆ համայնքի ավագանու անդամ Հակոբ Դանիելյանը 2015թ. սեպտեմբեր ամսից բացակայել է հանրապետությունից: Համայնքապետ Յայլոյանը ավագանու նիստերն ու կայացված որոշումների կատարումն ապահովելու նպատակով աշխատանքներին չմասնակցելու պայմաններում հանրապետությունից բացակայող ավագանու անդամի փոխարեն ստորագրելով կեղծել և շրջանառության մեջ է դրել իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր` ավագանու որոշումներ, կատարողական ակտեր:

Երբ դատարանը «բարեհաճ» է պաշտոնյայի նկատմամբ

Առաջին անգամ չէ, երբ համայնքապետ Արթուր Յայլոյանը քրեական մեղադրանքով հայտնվում է դատարանում: Նա 2008թ. աշնանը իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական և անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ համայնքին պատկանող հողատարածքներից առանց սահմանված կարգի 120քմ հողատարածք է հատկացրել համագյուղացի Ռուբեն Կարապետյանին և վերջինից անհրաժեշտ վճարումներ կատարելու պատճառաբանությամբ պահանջել ու մաս-մաս ստացել 100.000 դրամ գումար, որով էական վնաս է պատճառել Ռ. Կարապետյանի իրավունքներին և օրինական շահերին:

Բացի այդ, համայնքի տարածքում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 20 տոննա տարողությամբ երկաթյա ջրամբար-աշտարակը համայնքի «հիմնական միջոցների, փոքրարժեք ու արագամաշ առարկաների հաշվառման» գրքում չի հաշվառել: Իր ծառայողական պարտականությունները չկատարելով` ջրամբարը, որպես համայնքի սեփականություն չհաշվառելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ ջրամբարը 1 մլն 400 հազար դրամով 2010թ. օգոստոս ամսվա սկզբին վաճառել է Երևան քաղաքի բնակիչ Սուրեն Մելոյանին: Գումարը համայնքի բյուջե չի մուտքագրել, այն ծախսել է իր անձնական կարիքների համար, որով համայնքին պատճառել է նյութական վնաս:

Նախաքննության ընթացքում ամբաստանյալ Յայլոյանը տուժող Կարապետյանին և համայնքին պատճառված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնել էր։

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանի, 2011թ. փետրվարի 2-ին կայացրել էր մեղադրական, սակայն չափազանց մեղմ դատավճիռ:

Դատարանը որպես պատասխանատվությունը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանքներ է դիտել այն, որ ամբաստանյալ Արթուր Յայլոյանն անկեղծորեն զղջացել է կատարած հանցանքի համար և ակտիվորեն աջակցել է հանցագործությունը բացահայտելուն: Տուժողին և Շահումյան թ/ֆ համայնքին պատճառված նյութական վնասն ամբողջությամբ հատուցել է, և վերջիններս խնդրել են ամբաստանյալ Յայլոյանի նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող մեղմ պատիժ:

Բացի այդ, Յայլոյանը բնութագրվել է դրականորեն, նախկինում արատավորված չի եղել, ֆիզիկապես վատառողջ է, բազմանդամ ընտանիքի միակ կերակրողն է, վերջինիս խնամքին են գտնվում անչափահաս որդին և վատառողջ մայրը։

«Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները և այն, որ ամբաստանյալ Արթուր Յայլոյանը 12.12.2010թ. կրկին ընտրվել է Արմավիրի մարզի Շահումյան թ/ֆ համայնքի ղեկավար, դատարանը կարծում է, որ հնարավոր է ամբաստանյալ Արթուր Աշոտի Յայլոյանի հետագա ուղղումն ու վերադաստիարակումն առանց հասարակությունից մեկուսացնելու և նպատակահարմար է, որ վերջինիս նկատմամբ նշանակվի ազատազրկման հետ կապ չունեցող և հոդվածի սանկցիայով նախատեսված մեղմ պատիժ»,-պատճառաբանել է դատարանը և Արթուր Յայլոյանին ճանաչելով հանցավոր ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով՝ նրան դատապարտել տուգանքի` 200.000 դրամի չափով։ 

Համայնքապետ Արթուր Յայլոյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Նա չի պատասխանում հեռախոսազանգերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter