HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մուլտի գրուպ կոնցեռն»-ի տնօրենն ու գործընկերները հէկերի բիզնես են սկսել

Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենան «Ամրիտամ» ՍՊԸ-ի «Գնդեվանք-1» փոքր հէկի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկում:

Համաձայն արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Ամրիտամ» ՍՊԸ-ի միանձնյա բաժնետերը Սեդրակ Գարիկի Առուստամյանն է: Նա նաև Գագիկ Ծառույկանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրենն է:

Ընկերությունը հիմնադրվել է 2009-ին, սակայն Սեդրակ Առուստամյանը բաժնետեր է դարձել 2016թ.-ի ամռանը: 

Սեդրակ Առուստամյանը, պարզվում է, բնավ էլ նոր չէ հէկի բիզնեսում: Արփա գետի վրա արդեն իսկ կառուցվող «Ջերմուկ տուրբշին» ընկերությունում իր եղբոր՝ Սպարտակ Առուստամյանի հետ բաժնեմաս ունի՝ համապատասխանաբար 30% և 12 %: Այս հէկում Առուստամյան եղբայրների գործընկերն են «Արարատցեմենտի» կոմերցիոն տնօրեն Արման Բարսեղյանը (12 %), ԿԸՀ նախագահի նախկին տեղակալ, բհկ-ական Հարություն Շահբազյանը (12 %), Հրայր Մելքոնյանը (12 %) և Վարդանուշ Հովակիմյանը (10 %):

Ընդհանրապես, Արփա գետն արդեն բավականին ծանրաբեռնված է փոքր հէկերով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների համաձայն, Արփա գետի վրա արդեն իսկ գործում է երեք հէկ. «Արենի հէկ» ՓԲԸ-ն շահագործում է«Արենի» հէկը, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանի «Ջերմուկի հիդրոտեխ» ՍՊԸ-ն՝ «Ջերմուկ հէկ-2»-ը, «Արփա էներգիա» ՍՊԸ-ն՝ «Արփա» հէկը:  Բացի սրանցից, «Ազատեկ հէկ» ՓԲԸ-ն շահագործում է նույնանուն հէկը Արփա գետից սնվող Վայքի ջրանցքի վրա:

Եվս 3-ը, համաձայն ՀԾԿՀ-ի տվյալների, կառուցման փուլում են. ինչպես նշեցինք վերևում, Առուստամյան եղբայրների մասկանցությամբ «Ջերմուկ տուրբշին» ՍՊԸ-ն կառուցում է 1900 կՎտ հզորությամբ հէկ: «Ջինջ Արփա» ՍՊԸ-ն կառուցում է ավելի քան 3000 ՄՎտ հզորության «Արփա-3» հէկը: «Արփա էներգիա» ՍՊԸ-ն, ըստ ամենայնի, ավելացնում է իր «Արփա» հէկի հզորությունը 740 կՎտ –ով:

«Ամրիտամ» ՍՊԸ-ն կլինի կառուցվող երրորդ հէկը: Անցյալ տարվա օգոստոսին Սեդրակ Առուստամյանի ընկերությունը ևս ստացել է լիցենզիա և հէկը կառուցելու է երեք տարվա ընթացքում:

«Գնդեվանք-1» փոքր հէկը նախատեսվում է կառուցել Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում՝ Արփա գետի վրա: Այն, համաձայն նախագծի, կլինի Կեչուտի ջրամբարի պատվարի հարևանությամբ՝ մոտ 200 մ ներքև: Նախատեսվում է կառուցել պատվարային ջրընդունիչ և իրականացնել հէկի համար ջրառ:

Խողովակաշարի ընդհանուր երկարությունը կկազմի 6 կմ: Խողովակաշարն անցնելու է Ջերմուկ համայնքի տարածքով՝ Արփա գետի աջակողմյան հատվածում ձգվող ճանապարհի երկայնքով, ժայռային գրունտային տարածքով:  Շենքը տեղակայվելու է Ջերմուկի վարչական տարածքի սահմաններում, Գնդեվազ գյուղից մոտ 1 կմ հեռավարության վրա:

Երկու հիդրոագրեգատ է աշխատելու հէկի շենքում, որոնք արտադրելու են տարեկան միջինը 10,13 մլն/ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Հէկի դրվածքային հզորությունը կլինի 1605 ԿՎտ:

Այդպիսով, առաջիկա 2-3 տարիներին Արփա գետից սնվող 6 հէկ կգործի: 

Հիշեցնենք, որ Արփայի աջ վտակ Եղեգիսը ևս ծանրաբեռնված է հէկերով, որոնց տերերի մեծ մասը պաշտոնյաներ են: Այդ մասին՝ ֆիլմում: 

Մեկնաբանություններ (1)

samo
IS there any big plans in process to stop the these actions?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter