HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինված խմբի գործով նիստը հետաձգվեց. Վահան Շիրխանյանը հայտարարել է, թե ի վիճակի չէ առանց պատգարակի դատարան ներկայանալ

Արաքս Մամուլյան

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդունուր իրավասության դատարանում արդեն երկրորդ անգամ հետաձգվեց Նորքում ձերբակալված զինված խմբի գործով դատական նիստը: Ամբաստանյալ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը այսօր դատարան չէր ներկայացել:

Քրեակատարողական հիմնարկից դատարան գրություն էր ուղարկվել այն մասին, որ Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ խցից  և ուղեկցությամբ ներկայանալ դատարան: Ըստ ՔԿՀ-ի կողմից կազմված և դատարան ուղարկված արձանագրության՝ Շիրխանյանը հայտարարել է, որ  դատարան կարող է ներկայանալ միայն պառկած վիճակում՝ պատգարակով, քանի որ առողջական խնդիրների՝ ոտքերի, մեջքի, սրտի ցավի, գլխապտույտի պատճառով  ի  վիճակի չէ նստած կամ կանգնած վիճակում մասնակցել նիստին:

Դատարան էր ուղարկվել նաև  քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող խմբի ղեկավար Սաֆարյանի կազմած տեղեկանքն այն մասին, որ Շիրխանյանի առողջական վիճակը բավարար է՝ դատական նիստին մասնակցելու համար: Տեղեկանքը կազմած բժիշկը գրել էր նաև, որ անհրաժեշտություն չի տեսնում՝ Շիրխանյանին դատարան ներկայացնել պատգարակով՝ պառկած վիճակում:

Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը, սակայն, հայտարարեց, որ Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ վերը նշված տեղեկանքը կեղծ է:

«Տեղեկանքը կազմած նույն բժիշկը՝ Սաֆարյանը, հենց ինքն է Շիրխանյանի համար արդեն ամիսներ շարունակ անկողնային ռեժիմ սահմանել: Հենց հիմա Շիրխանյանը անկողնային ռեժիմի հիվանդ է, և  դրա համար եմ ես  հայտարարում, որ  այս տեղեկանքը կեղծ է»,- ասաց Ալումյանը՝ բարձրաձայնելով նաև այն մասին, որ տեղաշարժման հետ կապված խնդիրների պատճառով չորս կամ հինգ ամիս է՝ Շիրխանյանը չի կարողանում իջնել այնտեղ, որտեղ լոգանք են ընդունում, չի կարողանում ցնցուղի տակ կանգնել:

Պաշտպանը դատարանին հորդորեց հետագա նիստերը ևս չձախողելու համար քայլեր ձեռնարկել, որպեսզի Վահան Շիրխանյանը դատարան ներկայացվի պատգարակով:

Դատավոր Բեկթաշյանն ի պատասխան նշեց, որ այս պահին դատարանին հայտնի չէ որևէ ապացույց, որ Շիրխանյանն անկողնային ռեժիմի հիվանդ է:

«Նման փաստաթուղթ պիտի տա մեկը, ով կեղծ տեղեկանքի տակ է ստորագրել»,- հակադարձեց Ալումյանն ու հիշեցրեց Շիրխանյանի իրավունքների խախտման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի՝ դեռևս  2016-ի նոյեմբերի որոշումը:

Ըստ այդ որոշման, հիշեցնենք, ՄԻՊ-ը հաստատված է համարել, որ տեղի է ունեցել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանավորված Վահան Շիրխանյանի իրավունքների խախտում, ՀՀ արդարադատության նախարարին հորդորել կալանավորին անհապաղ տեղափոխել քաղաքացիական առողջապահական հաստատություն և կազմակերպել նրա անհրաժեշտ խնամքը:

Որոշման մեջ Պաշտպանն առաջարկել և նաև բացառել է Վահան Շիրխանյանի խնամքի իրականացումը ազատությունից զրկված այլ անձի կողմից, ձեռնարկել միջոցներ այն պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ում գործողություններով կամ անգործությամբ խախտվել է Վահան Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքը և վնաս է պատճառվել նրա առողջությանը: 

Շիրխանյանի բացակայության պայմաններում դատական նիստը շարունակվել չէր կարող: Գործում ներգրավված պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանը հայտարարեց, որ հերթական դատական նիստը արհեստականորեն է հետաձգվում: 

«Իր առողջական վիճակից ելնելով՝ Շիրխանյանը պատգարակ է պահանջել, և ՔԿՀ-ն, այո, պարտավոր էր նրան դատարան ներկայացնել պատգարակով, հատկապես որ նման նախադեպ մենք ունենք»,- ասաց Պետրոսյանը՝ բարձրաձայնելով նաև այն մասին, որ պատկան մարմինների քմահաճույքի պատճառով այսօր խախտվում է նաև մյուս ամբաստանյալների արդար դատաքննության իրավունքը: 

Մեկ այլ փաստաբան՝ Հովիկ Արսենյանը, միջնորդեց դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակել՝ պարզելու, թե արդյոք Շիրխանյանն ի վիճակի՞ է ներկայանալ դատարան: Դատավոր Բեկթաշյանը նշեց, որ չի կարող քննարկվել որևէ միջնորդություն այն դեպքում, երբ դատական նիստը հետաձգվում է, ապա նկատեց, որ նիստերը հետաձգվում են, քանի որ Շիրխանյանը խոչընդոտում է դրանց անցկացմանը: 

Դատական նիստի ավարտից հետո Շիրխանյանի պաշտան Հայկ Ալումյանը «Հետքի» հետ զրույցում հիշեցրեց, թե ինչպես էին պատկան մարմինները  ամիսներ առաջ ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող վիրավորված անձանց կալանավորելու համար պատգարականերով դատարաններ տանում: 

«Այն ժամանակ պատգարակն իրենց շահերից էր բխում, պատգարակ էլ էին գտնում, այն բռնողների էլ, և դատարանն էլ չէր կաշկանդվում այն հանգամանքից, որ դատարանի դահլիճում պատգարակով մարդ կար»,- նկատեց Ալումյանը: Փաստաբանը լրագրողների միջոցով զգուշացրեց՝ եթե հաջորդ դատական նիստին ներկայացնելու նպատակով Շիրխանյանի նկատմամբ ուժ կիրառվի, դրան կհաջորդեն իր համապատասխան գործողությունները: 

Նշենք, որ Շիրխանյանի առողջական վիճակի և կալանվորման վերաբերյալ գանգատ է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և դատարանը  որոշում է կայացրել այն քննել առաջնահերթ: 

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորքում վնասազերծվել է զինված  խումբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց մի խումբ անձանց, որոնց թվում՝ Վահան Շիրխանյանին:

Ըստ քրեական գործի`  «2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում՝ Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն՝ զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter