HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ամենազոր գեներալը

Գեներալ Լեւոն Երանոսյանը զորամասերից մեկի հրամանատարն է: Ժամանակին նա գեներալ Մանվել Գրիգորյանի թիկունքի գծով տեղակալն էր: 1996-97-98 թթ.-ին Լեւոն Երանոսյանը հայտնի էր Ղարաբաղի Մարտակերտի շրջանում իրականացրած անտառահատումներով եւ Հայաստան փայտանյութ տեղափոխելով: 

Այժմ Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքներում տնտեսական գործունեություն են ծավալել «Մաքս գրուպ» ընկերությունը, Միացյալ նահանգներից, Լիբանանից եկած հայ գործարարներ: Այս տարածքներում դեռեւս խորհրդային տարիներին կառուցվել էր ոռոգման ջրի հրաշալի ցանց: Բոլոր գյուղերն ապահովված էին ոռոգման ջրով: Խորհրդային զինվորական քարտեզների վրա մանրամասն նշված էր, թե որ մասով ինչ տրամագծի, ինչպիսի խողովակներ են անցնում եւ այլ մանրամասներ: 

Օգտագործելով այդ քարտեզի տվյալները` գեներալ Երանոսյանը հողի տակից հանում է այդ խողովակները եւ արտահանում անհայտ ուղղությամբ: Մեր ուսումնասիրությունների համաձայն դրանց մի մասը հայտնվում է Հայաստանի շուկայում, մյուս մասն էլ տեղափոխվում` Պարսկաստան: Այժմ հանվում են 800 մմ խողովակները: Բնականաբար, այդ աշխատանքների ժամանակ օգտագործվում է բանակի տեխնիկան, եւ շահագործվում են զինվորները: 

«Հետքի» ԼՂՀ կառավարության աղբյուրը հայտնում է, որ վերոնշյալ գործարարները այդ գործողությունները կանխելու նպատակով դիմել են Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանին եւ վարչապետ Անուշավան Դանիելյանին: Սակայն պատասխանն եղել է մոտավորապես այսպիսին, որ իրենք ոչինչ չեն կարող անել: Ղարաբաղի կառավարությունում այս տարածքների համար պատասխանատու է Սերժ Ամիրխանյանը` Անուշավան Դանիելյանի խորհրդականը: Հենց նա էլ զբաղվում այս տարածքների վերաբնակեցման խնդիրներով: 

Սերժ Ամիրխանյանը նույնպես ոչինչ չի կարողացել անել: Ամենազավեշտալին այն է, որ մի կողմից Ղարաբաղի իշխանությունները հսկայական միջոցներ են ներդնում այդ տարածքի գյուղերը վերաբնակեցնելու համար, մյուս կողմից ավերվում է այդ գյուղերը վերաբնակեցնելու առաջին նախապայմաններից մեկը` ոռոգման ջրի համակարգը: «Հետքի» կառավարության նույն աղբյուրը հայտնում է նաեւ, որ  գործարարներն այս խնդրով դիմել են նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter