HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանը դատարանում պնդեց «Արմենիա» հեռուստաընկերության դեմ ներկայացրած հայցը

Ամալյա Մարգարյան

Ժիրայր Սեֆիլյանն ընդդեմ Արմենիա թիվիի դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարան ներկայացրեց հայցադիմումը և նշեց, որ շարունակում է պնդել հայցադիմումի մեջ առկա պահանջը, ըստ որի` Ժիրայր Սեֆիլյանը «Արմենիա» հեռուստաընկերությունից պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել ` զրպարտություն և վիրավորանք տարածելու համար:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Արմենիա» հեռուստաընկերության, մասնավորապես` «Սուր անկյուն» հաղորդաշարի լրագրողներ Նելլի Հարությունյանի և Վահե Ղազարյանի դեմ:

Դատական նիստի ընթացքւմ Տիգրան Հայրապետյանը նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանը Արցախյան ազատամարտի մասնակից, հերոս է, մեծ հեղինակություն է վայելում Հայաստանում և Արցախում. «Ճանաչված քաղաքական ընդդիմադիր գործիչ է, վերջին տարիներին  հանդես է գալիս իշխանությունների քննադատությամբ, և նրա գործողություններն ամբողջությամբ ուղղված են սահմանադրական ճանապարհով  հասարակությանը համախմբելով ` իշխանությանը պաշտոնաթող անելուն»:

Հայրապետյանը նշեց, որ իշխանության ներկայացուցիչների կողմից բազմիցս Ժ. Սեֆիլյանի և «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ բռնություններ են կատարվել` հիշեցնելով Բերձորի դեպքերը, երբ 2015-ի հունվարի 31-ին ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են ավտոերթի մասնակիցների վրա, ծեծել, կոտրել բոլոր մեքենաները և դրոշները, իսկ հանցագործները չեն պատժվել: Մեկ այլ դեպք, երբ Սեֆիլյանի և նրա չորս համախոհների նկատմամբ գործ է հարուցվել այն բանի համար, որ մինչև նրանց կողմից հանրահավաքներ սկսելը, որը պետք է հանգեցներ իշխանափոխության, հասարակական անկարգություն հորդորող խոսքեր են հնչել կազմակերպիչների կողմից:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Սեֆիլյանը հայտարարությամբ է հանդես եկել` նշելով, որ հայկական կողմը կրել է 700 հա տարածքի կորուստ, միայն մի քանի օր անց նախագահը հաստատել է Սեֆիլյանի հայտարարությունը, իսկ մինչ այդ նրան մեղադրել են կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ:

Սակայն, այսօրվա դատական նիստի ընթացքում քննվում էր այն, որ «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հունիսի 12-ի հերթական հաղորդման ժամանակ` «Հաղթանակը շատ հայրեր ունի» խորագրով, Ժ. Սեֆիլյանի վերաբերյալ սխալ  տեղեկատվություն է տարածվել: Մասնավորապես` հաղորդումը վարող Վահե Ղազարյանը և հետաքննության հեղինակ Նելլի Հարությունյանը իրականությանը չհամապատասխանող փաստեր են արձանագրել, որոնք արատավորում են Սեֆիլյանի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը: Ներկայացվում է մի դեպք, որտեղ Սեֆիլյանը ռազմի դաշտում թողել է նռնակի պայթյունից ենթադրաբար մահացած զինվորի, իսկ ինքը նստել 2 ձիերից մեկը և հեռացել է: Հաղորդավարը խոսում է նախ «դրական» հրամանատարների մասին, ապա զուգահեռներ անցկացնում Սեֆիլյանի որակների հետ և մի քանի արտահայտություն է անում, օրինակ` «հրամանատար էլ կա, հրամանատար էլ»:

=i

«Նման հաղորդաշարը որևէ խնդիր է բարձրացնում և փորձում լուծում առաջարկել, այս դեպքում որևէ խնդիր չի բարձրացվել, որևէ պրոբլեմ չի լուծվել: Այս դեպքում «Արմենիա» հեռուստաընկերությունը բամբասանքի միջոցով փորձել է ինչ-որ ձևով վարկաբեկել Ժ. Սեֆիլյանի պատիվն ու արժանապատվությունը, որևէ հանցագործություն չի բացահայտել, կոռուպցիոն ռիսկ չի բացահայտվել: Երկար ժամանակ պատրաստվել են, հրավիրել են անձանց»,- դատական նիստի ընթացքում ասաց Տիգրան Հայրապետյանը:

 «Շատ կուզենայի, որ հարգարժան իմ կոլեգան ասեր` ինչպես եղավ, ինչպես պատահեց, որ նախապես բոլորը ծանուցվում են, նախապատրաստվում են, նշում են` ինչ հարցեր պետք է տրվի, ինչի համար են այդ բովանդակության հաղորդում պատրաստում, բոլորը խոսում են ժիրայր Սեֆիլյանի մասին, բայց նրան չեն զանգում, չեն հարցնում:

Եթե ձեզ հետաքրքրում են Սեֆիլյանի հրամանատարական որակները, թե նա ինչպիսի ուղի է անցել, այդ դեպքում ինչո՞ւ չեք կանչել Ժիրայր Սեֆիլյանին և նրան հարցեր չեք ուղղել»,- Ժ. Սեֆիլյանի փաստաբանը հարց ուղղեց «Արմենիա» հեռուստաընկերության ներկայացուցչին:

Իր խոսքի մեջ փաստաբանն ավելացրեց նաև, որ հերքման դիմումին որևէ պատասխան չի տրվել, Ժիրայր Սեֆիլյանի դիրքորոշումը չի հրապարակվել. «Ենթադրենք` ամեն ինչ արվել է բարեխիղճ, բայց պետք է Ժիրայր Սեֆիլյանի դիրքորոշումը ևս հրապարակվեր, ինչու՞ այն երեք զինվորները խոսում են, պատմում են, բայց չի հրապարակվել Սեֆիլյանի տեսակետը, մեզ համար պարզ է` ինչու չի հրապարակվել, բայց կուզենայի ողջամիտ պատասխան ստանալ»:

Հաղորդումը մեկ թողարկումով չի ավարտվել, ինչպես փաստաբանն է նշում հաղորդավարը խոստացել է, որ հաղորդումը «Հատուկ դեպքերի» թողարկման ժամանակ կցուցադրվի ամբողջությամբ: Հաղորդումը հրապարակելուց հետո Ժ. Սեֆիլյանին ձերբակալել են:

Հայրապետյանը նշեց, որ «Արմենիա» հեռուստաընկերություն հրավիրված նախկին զինվորները արդյոք տեղյակ են եղել, որ Սեֆիլյանը ևս վիրավորվել է դեպքերի ժամանակ, եթե այո, ինչու չեն նշել այդ մասին: Փաստաբանը «Արմենիա» հեռուստաընկերության ներկայացուցիչ Հերմինե Հովսեփյանին խնդրեց նաև պատասխանել հետեւյալ հարցին`արդյոք հնարավո՞ր է ծանոթանալ այդ անձանց ամբողջական հարցազրույցներին` հասկանալու, թե ինչ տևողություն ունեն և ինչ են պատմում, և  արդյոք «Արմենիա» հեռուստաընկերությունը չի հանել այն դրվագը, որտեղ նրանք պատմում են Սեֆիլյանի վիրավորվելու մասին:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվում է ներկայանալ դատարան` դատական նիստերը համարելով թատերական ներկայացումներ:

 Հաջորդ` փետրվարի 17-ին կայանալիք դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը հանդես կգա ելույթով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter