Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

ՄՕԿ-ը դոպինգ օգտագործելու համար որակազրկել է Յուրի Վարդանյանի որդուն



Ծանրորդ Նորայր Վարդանյանը՝ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի որդին, Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից որակազրկվել է արգելված խթանիչ օգտագործելու համար:

Սույն հաղորդագրությունը ՄՕԿ կայքը հրապարակել է երկու օր առաջ:

ՄՕԿ-ը կրկնակի ստուգել է 2008 թվականին Պեկինի եւ 2012 թվականին Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցած մարզիկների դոպինգ թեստերի վերստուգում է իրականացրել, ինչի արդյունքում 8 մարզիկներ որակազրկվել են:

Նորայր Վարդանյանը մասնակցել է Լոնդոնի օլիմպիական խաղերին, հանդես գալով 94 կգ քաշային կարգում՝ զբաղեցրել էր 11-րդ հորիզոնականը:

«Լոնդոնցիներից» դոպինգ-թեստի դրական լինելու արդյունքում որակազրկվել են նաեւ ադրբեջանցի ծանրորդ Ինթիղամ Զաիրովն ու թուրք ծանրորդուհի Սիբեք Զիմսեքը: Պեկին-2008-ին մասնակցած չին երեք ծանրորդներ, այն էլ՝ օլիմպիական չեմպիոնի կոչմանն արժանացած, նույնպես որակազրկվել են: Երեքն էլ չինացիներ են՝ Լյու Չունհունը, Ցաո Լեյն ու Չեն Սեսյան:

Նույն պատժին են արժանացել Բելառուս աթլետներ Նադեժդա Օստապչուկն եւ Դարյա Պչելնիկը:

Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Նորայր Վարդանյանը որակազրկվել է Տուրինաբոլ տեսակի արգելված խթանիչ օգտագործելու համար:

«Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պետք է վերանայի 30-րդ օլիմպիական խաղերի արդյունքները, ինչպես նաեւ իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկի միջոցներ՝ հետագա գործողությունների համար: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պետք է ամբողջությամբ ապահովի այս որոշման կատարումը: Սույն որոշումը անհապաղ ենթակա է կատարման»,-Նորայր Վարդանյանի վերաբերյալ որոշման մեջ ձեւակերպել է ՄՕԿ ղեկավարությունը:

Նշենք, որ Նորայր Վարդանյանը ծանր ատլետիկայով զբաղվել սկսել է ԱՄՆ-ում հոր՝ Յուրի Վարդանյանի գլխավորությամբ: 2008 թվականին դարձել է ԱՄՆ չեմպիոն (94 կգ քաշային կարգ): Դա եղել է Նորայրի ամենանշանակալի հաղթանակը:

2009 թվականին Նորայր Վարդանյանը տեղափոխվել է Հայաստան եւ միացել նախ՝ Հայաստանի երիտասարդական, ապա՝ ազգային հավաքականին:

Այդ ընթացքում՝ Յուրի Վարդանյանի որդին որեւէ խոշոր կամ նշանակալի մրցաշարում մրցանակային տեղ չի զբաղեցրել: Թերեւս նրա «խոշորագույն նվաճումներից» մեկը եղել է Համահայկական խաղերում արծաթե մեդալի արժանանալը: 

Նրա ցուցանիշները հետեւյալն են՝ 2010 թվականին Լիմասոլում կայացած աշխարհի մինչեւ 23 տարեկանների երիտասարդական առաջնությունում երկամարտի արդյունքներով զբաղեցրել է 5-րդ տեղը, Շենչժենում կայացած Ունիվերսիադայում, 2011 թվականին, թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում 0 է ստացել, իսկ ահա Լոնդոնի օլիմպիական խաղերի արդյունքներով զբաղեցրել 11-րդ տեղը:

Իսկ թե ինչպես է նման ցուցանիշներով շարունակաբար ընդգրկվել ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականում եւ մեր երկիրը օլիմպիական խաղերում ներկայացնելու իրավունք ստացել, այլ հարց է:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ամռանը, համաձայն ՄՕԿ-ի որոշման, արգելված խթանիչներ օգտագործելու համար ժամանակավորապես որակազրկվել է նաեւ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը: Նա ժամանակավորապես զրկվել է բոլոր կարգի մրցումներին մասնակցելու իրավունքից:

Գլխավոր լուսանկարը՝ Zimbio.com կայքից


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Ara22:42 - 17 փետրվարի, 2017
ՄՕԿ-ը կրկնակի ստուգել է 2008 թվականին Պեկինի եւ 2012 թվականին Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցած մարզիկների դոպինգ թեստերի վերստուգում է իրականացրել... Պեկին-2008-ին մասնակցած չին երեք ծանրորդներ, այն էլ՝ օլիմպիական չեմպիոնի կոչմանն արժանացած, նույնպես որակազրկվել են: Երեքն էլ չինացիներ են՝ Լյու Չունհունը, Ցաո Լեյն ու Չեն Սեսյան: ...Բելառուս աթլետներ... Ուշադիր կարդացեք թե ի՞նչ եք գրել...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ