HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամանորն ու Սուրբ Ծնունդը բանտում

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

21-րդ Նոր Տարին դիմավորեցի բանտում

Այստեղ ոմանք այս կամ այլ կերպ փորձում են տոնական տրամադրություն ստեղծել, ոմանք էլ քնում են, որ եկող տարին քնի մեջ դիմավորեն`չտեսնեն բանտի պատերը: Ամեն դեպքում, բոլոր բանտարկյալներն էլ մտքով ու հոգով տեղափոխվում են իրենց օջախներ`հարազատ մարդկանց հետ դիմավորելու համար:

Տարիներ առաջ մի խցակից կար: Մի անգամ նա որոշեց Նոր Տարին դիմավորել առանց լողանալու, առանց սափրվելու և հոնքերը կիտած… ու մեկնաբանեց իր տարօրինակ որոշումը.

-Ամեն տարի լողանում եմ, սափրվում, խուցը կարգի բերում, ուրախ տրամադրություն, բայց ինչ օգուտ`մեկ ա մնում ենք բանտում: Էս անգամ հակառակն եմ անում, կարող ա լավ ստացվի`ազատվեմ…

Յուրօրինակ բանտարկյալ էր (այլևս չկա)... հարգում էր ինտելիգենցիայի ներկայացուցիչներին, սակայն ինքը ողջ կյանքն ապրել էր քրեական աշխարհի սկզբունքներով: Տնից ստացած նկարները ոչ մեկին ցույց չէր տալիս, բայց մի անգամ որոշեց խախտել իր սկզբունքը: Շատ զարմացա. նկարներից նայող մարդու միայն աչքերն էին իրեն նման: Նկարներում կերած-խմած տղամարդ էր (իսկ խցում ծայրաստիճան նիհար էր) և ամեն տեղ կոստյումով ու փողկապով, իսկ կողքին կանգնած կամ նստած մարդիկ մեր հասարակությանը այս կամ այլ կերպ հայտնի մարդիկ, նաև` ԱԺ պատգամավորներ…

Ես, թեկուզև 21-րդը, բայց սափրվեցի, սեղանին դրեցի ձեռքով պատրաստած գեղեցիկ տոնածառը, սպիտակ և կարմիր մոմեր վառեցի, երկնագույն արկղի մարդկանց անջատեցի, փոխարենը հաճելի երաժշտություն միացրեցի և մայրիկիս պատրաստած հոնի հյութով կենաց-աղոթք արեցի… հեռվից լսվում էին հրավառության ձայները:

Առաջ շատերը մոտենում էին երկաթե ծանր դռներին և բարձր իրար շնորհավորում, բայց վերջին տարիներին լռություն է… այս անգամ լռությունը խախտվեց:

-ВМ , տարիներդ շնորհավոր, ազատություն լինի (ВМ - высшая мера, պատժի առավելագույն չափ, այսպես են այստեղ կոչում ցմահների բաժինը), - բարձր գոռում է մի բանտարկյալ:

Լռություն է, ոչ ոք չի արձագանքում: Ձայնը անծանոթ էր, հեռվի խցերից էր գալիս: Մոտեցա դռանը, գոռացի.

-Ապրե՛ս, քոնն էլ շնորհավոր, ազատությո՛ւն:

-Ազատություուուուն, - լսվեց ի պատասխան:

Որոշ ժամանակ անց, դռան վրայի վոլչոկը բացվեց և բանտի աշխատակիցները մոտեցան`շնորհավորեցինք իրար:

... Կարծեմ՝ գրել եմ, որ զբոսանքի խցերի վերևը ծածկել են տանիքով, ու այլևս երկինքը գրեթե չենք տեսնում, ոտքերի տակ ձյուն չի նստում: Երևի դա է պատճառը՝ վերջերս հաճախ է լինում, որ միայն ես կամ առավելագույնը մի 5-7 դատապարտյալ է գնում զբոսանքի: Այս անգամ, երբ զբոսանքից վերադարձա, տեսա, որ տեր Գրիգորի գլխավորությամբ ևս երեք եկեղեցականներ հերթով սկսեցին մտնել խցերը: Ահա և մեր խցի դուռն է բացվում:

-Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

-Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, - պատասխանում եմ ես:

Աղոթք ենք անում միասին, հետո տեր Գրիգորը Աստվածաշնչից տոնին համապատասխան հատվածներ է ընթերցում`կատարվում է արարողությունը. սեղանին են դնում աղ, հաց և շոկոլադի սալիկ, որոնք օրհնվում են:

Ամիսներ առաջ մի հաղորդում տեսա, նվիրված էր հենց Տեր Գրիգորին: Այսքան շփվել եմ նրա հետ, բայց չգիտեի, որ հայր Գրիգորը երկու երեխա է որդեգրել, որոնք  հաշմանդամություն ունեն: Ազդվեցի, երբ լսեցի, թե ինչպես է իր որոշումը հիմնավորել նա. մյուս երեխաներին մանկատնից միգուցե տանողներ լինեն, իսկ երկուսը, առավել, քան դրա կարիքը ունեն:

... Տարին սկսվեց, և թող այն խաղաղության և Աստծո կամքով հաջողությունների տարի լինի:

Շնորհակալ եմ «Հետք»-ին` Ձեզ հետ այս կերպ շփվելու հնարավորությունան ինձ տալու համար: Պատրաստվում եմ նոր բանտային նամակներ, հարցազրույցներ ուղարկել ազատություն: Բացի այդ, այս տարի նորից վիճարկելու եմ մահապատժի դատավճիռը, քրեական գործի վերանայման խնդրանքով դարձյալ դիմելու ենք դատարան:

Հուսով եմ`այս տարին բեկումնային կլինի իմ ճակատագրում…

Մեկնաբանություններ (2)

Ջուլիետա
Մենք էլ հույս ունենք, որ այս տարին, իսկապես, բեկումնային կլինի քո ճակատագրում, Մհեր ջան…
Mane Piters
ՄեկնաBravo Mher,,,You are Super Smart and an Intelligent Person,,,Believe one day must be Come Your FREEDOM,,,,Faith the God,,,sometime read the Bible too,,,and Pray,,,Don't forget!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter