HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ձմեռային ավտոստոպ (մաս 1-ին)

Ձմռանը ճամփորդության դուրս գալիս, անգամ կարճ ժամանակով՝ մի քանի օրով, մտածում ես, որ ուր էլ գնաս, հաստատ ավելի ցուրտ է լինելու, ու տրամադրվում ես, բայց արի ու տես հենց քաղաքը մնում է մի երկու սարի հետևում, կորած արևը հայտնվում է, ափսոսում ես նույնիսկ արևային ակնոց դնել, ուզում ես վայելել շողերը:
Ավտոստոպով հաճախ եմ ինչ-որ տեղ գնացել` գործով կամ ընկերների հետ: Այս անգամ մենակ էի ճամփա դուրս եկել ու առաջին անգամ` ձմռանը, նախնական պլանավորածս երթուղին մոտ 500 կմ էր՝ Գյումրիով Վրաստան ու հետ: 26 մեքենա փոխելով հասա ուզածս տեղը, որտեղ ընկերներս ամռանը եղել էին, ֆոտոներով էի տեսել միայն, ու հետ եկա Երևան, որտեղ նույն ցուրտն էր, երևի ավելի խստացած: Դեռ քաղաք չմտած` զգացվում էր սառնության շունչը, իսկ Աշտարակի մոտ գտնվող ցուցանակն ասում էր, որ մինչև Երևան 25 կմ է մնացել, մինչև Թեհրան՝ 1171: Շուտ տուն հասնելու ու լողանալու ցանկությունը հաղթեց իրանական տաք քաղաքներ գնալու գայթակղությանը: Միգուցե մյուս անգամ:

Ավտոստոպը սկսելու համար նախ պետք է դուրս գալ քաղաքից դուրս եկող մեծ ճանապարհ. սա դեռ Երևանի կենտրոնն է:

Այս տոնական զարդարված երթուղայինը կտանի 16-րդ թաղամասի վերջը:

Երթուղայինից պատուհանից երևացող տեսարանները դեռ քաղաքային են:

Ահա և այն ճանապարհի սկիզբը, որտեղից սովորաբար ճամփորդներն ուղղություն են բռնում դեպի հյուսիս ու հյուսիս-արևմուտք՝ Գյումրի, Ապարան, Վանաձոր:

Առաջին մեքենան, որը մի փոքր դուրս հանեց Երևանից:

Առաջին կանգառը՝ СССР (ի դեպ, վաճառվում է):

Այստեղ ճամփաբաժան է, եթե ուզում ես գնալ Ապարանի, Վանաձորի կողմ, պետք է աջ գնաս, ես ուղիղ եմ գնում՝ դեպի Գյումրի:

Ամռանն Աշտարակի գյուղերի այս հատվածը գինու ու միրգ-հատապտուղների փառատոնի է նման, այս եղանակին, բնականաբար, տնական օղին է եղանակ թելադրում:

Մի քանի գյուղ էլ ես անցնում ու հանդիպում Երևանից փախած արևին:

Մի փոքր մգեցվածությամբ դիմապակու այս կողմից ամեն ինչ ոսկեգույն է թվում:

Պարզվում է` մյուս կողմից էլ է այդպես: 

Այո, Արարատն է, այն իր տեղում է. ֆեյսբուքում կատակում էին, որ երբ Երևանում մառախուղը ցրվի, Արարատը գուցե անհետանա:

Այս անգամ հանդիպածս մեքենաները ճանապարհի կարճ հատվածներ էին տանում, ու հնարավորություն էի ունենում կանգառներում վայելել տեսարանները:

Աշնակի ցուցանակը կանչում էր գյուղ, բայց գայթակղվել պետք չի, ուղղությունս դեպի Գյումրի է:

Այս Ժիգուլիով էլ մինչև Թալին հասա:

Կամաց-կամաց մթնում էր:

Հաջորդ մեքենան մինչև Մաստարա տարավ:

Գյուղի վերջում կանգնած մեքենա եմ կանգնեցնում, ու այս տղան՝ Արտակը, բարևելով ինձ է մոտենում. հիշեցի, որ մի քանի շաբաթ առաջ իրենց գյուղի դպրոցում նկարահանումներ էինք անում, էդտեղից է ինձ հիշում. հեռախոսահամարս վերցրեց:

Արդեն մթնում էր, սովորականից երկար սպասեցի մեքենայի, ամբողջ ընթացքում Արտակն ինձանից մի քիչ ներքև կանգնած սպասում էր, հենց մեքենա նստեցի, գնաց, հետո զանգեց, բարի ճանապարհ մաղթեց:

Մինչև Գյումրի այդ մեքենան տարավ:

Գյումրի:

Այստեղ նախապես պայմանավորվել էի քնելու տեղի համար: Rob's Home-ում մարդ չկար, բայց բանալին բերեցին, վառարանը վառեցին, գնացին: 

Մի հատ կարտոֆիլ գտա, պլեճ չսարքելը մեղք կլիներ:

Այսպիսի զարդարված ննջասենյակ:

Գյումրիից էլ պետք է երթուղայինով քաղաքից դուրս տանող ճանապարհին հասնես:

Այստեղ էլ էր մշուշոտ, մի մեքենա մինչև մոտակա գյուղը տարավ:

Այնտեղից արդեն մեքենա պատահեց, որն անցկացրեց Վրաստանի սահմանն ու մինչև Նինոծմինդա տարավ:

Բավրան՝ վերջին բնակավայրը մինչև Վրաստանի սահմանը:

Վրաստան:

Գորելովկա. այստեղ ժամանակին հիմնականում դուխոբորներ էին բնակվում, այժմ մի քանի ընտանիք է մնացել նրանցից:

Ճանապարհները մաքրում են ձնից:

Նինոծմինդան կամ, ինչպես տեղացիներն են ասում՝ Բոգդանովկան:

Այստեղ հանդիպածս առաջին գրաֆիտին:

Վարդագույն Նինոծմինդա:

Միմինո:

Արև, պուրի, պանիր, հետևումս ոստիկանության շենքն է՝ պատերն ապակուց են (մոռացա նկարել):

Ախալքալաք. հուսով եմ Ջիվանին չի հաղթել ընտրություններում:

Տանիքը կառուցողը, հավանաբար, հետևում գտնվող սարից մի փոքր ոգեշնչվել է:

Այստեղ էլ քնելու տեղի համար նախապես պայմանավորվել էի (Մուրադ, մերսի, չուվակ):

Արարատը խաղալուց հոգնել չգիտի:

Ախալքալաքից գնում եմ Վարձիա, որտեղ քարանձավային հին բնակավայր-ամրոց կա, 42 կմ է:

Հույս ունեմ մինչև մթնելը տեղ հասնել ու վերադառնալ:

Փորձեցի հաշվել՝ քանի կապ խոտ կար բարձած ֆուռգոնի վրա, 100-ից ավելի, հաստատ:

Դեռ մեքենա չի պատահել, Փարավանա գետը:

Մեքենա կանգնեց, որը ճանապարհի կեսը տարավ:

Վարորդը վրացի էր, զարմացավ, որ մոտս հայկական կոնյակ չկա, իր քաշած տնական ճաճայից հյուրասիրեց, հավանեցի, շիշը նվիրեց, ես էլ իրեն՝ մի տուփ Արարատ ծխախոտ:

Մաս 2-րդ

Մաս 3-րդ

Մեկնաբանություններ (1)

Աշոտ
Կեցցեք, որ լատինատառ հայերենով ոչինչ չեք հրապարակում այսուհետ: Իսկ Նարեկը շատ հետաքրքիր ձեւով ներկայացրեց ամեն ինչ, ինչի համար շատ շնորհակալ եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter