Պաշտոնի համը. գործող գյուղապետերը կփորձեն վերընտրվել
Մինչեւ առաջիկա համապետական ընտրությունները, 2017 թվականի առաջին եռամսյակում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ, Արարատի մարզի Նոյակերտ, Արմավիրի մարզի Վարդանաշեն, Կոտայքի մարզի Նուռնուս, Շիրակի մարզի Ախուրի համայնքներում գյուղապետ կընտրեն: Ավագանու ընտրություններ են նշանակված Գեղարքունիքի մարզի Արծվանիստ, Դարանակ եւ Սեմյոնովկա գյուղերում:
Ով՝ ում դեմ
Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղում ՀՅԴ-ն առաջադրել է գործող գյուղապետ Արտաշես Սաֆարյանի թեկնածությունը: Եվս երկու թեկնածուներ են առաջադրվել՝ անկուսակցականներ Գրիշա Գրիգորյանն ու Վարդգես Խաչատրյանը: Նրանք մշտական զբաղվածություն չունեն, որեւէ կազմակերպությունում չեն աշխատում:
Արտաշես Սաֆարյանն ավարտել է ԵրՊԻ տրանսպորտի ֆակուլտետը: Նրա պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ 1992-1994 թվականներին Շուշիի առանձնակի գումարտակի կազմում մասնակցել է Արցախյան ազատամարտին: 2007թ. ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության մեդալով», իսկ 2010-ին ՀՀ ՊՆ կողմից ստացել է պատերազմի մասնակցի կարգավիճակ:
2008-2012 թվականներին եղել է Վերին Բազմաբերդի գյուղապետը, իսկ 2013-ին վերընտրվել է այդ պաշտոնում:
Արարատի մարզի Նոյակերտ համայնքի ղեկավարի երկու թեկնածուներից մեկը գործող գյուղապետն է: ՀՀԿ-ական Հովհաննես Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2012 թվականին: Մինչ այդ, 8 տարի եղել է Նոյակերտի գյուղապետի տեղակալը: Նա մասնագիտությամբ վիաճակագրագետ է:
Հարությունյանի մրցակիցը անկուսակցական Էդվարդ Սարգսյանն է:
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում առաջադրվել են ՀՀԿ-ական գյուղապետ Արթուր Մանուկյանը, որը համայնքը ղեկավարում է 2009 թվականից, եւ գյուղի ակումբի վարիչ, անկուսակցական Սարգիս Բարսեղյանը:
Գյուղապետին առաջադրել է հարազատ կուսակցությունը, իսկ անկուսակցական Բարսեղյանը հանդես է եկել ինքնառաջադրմամբ:
Կոտայքի մարզի Նուռնուսի գյուղապետ Մնացական Գրիգորյանը նույնպես պաշտոնավարում է 2009 թվականից եւ նույնպես ցանկանում է վերընտրվել:
Գրիգորյանից բացի, փետրվարի 12-ի ընտրություններում առաջադրվել են նաեւ անկուսակցական թեկնածուներ Ֆրունզիկ Անտոնյանն եւ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Աբովյանի սպասարկման գրասենյակի օպերատոր Աստղիկ Մկրտչյանը:
Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում նույնպես գործող գյուղապետն առաջադրվել է: Հանրապետական գյուղապետ Վարդիթեր Գասպարյանը երկու մրցակից ունի՝ Ախուրիկի ՀՀԿ-ական անասնաբույժ Հայկ Մովսիսյանը եւ անկուսակցական Հովհաննես Պողոսյանը:
Ով ինչ է արել
Որոշ համայնքների ղեկավարներ եւ ավագանիներ կայացրել են հետաքրքիր ու զավեշտալի, ինչու չէ` նաեւ կասկածելի որոշումներ:
Վերին Բազմաբերդը փոքր գյուղ է, մոտ 400 բնակիչ ունի: Գյուղապետի աշխատավարձը 165 հազար դրամ է: Արագածոտնի մարզպետարանի տվյալներով՝ Վերին Բազմաբերդի գյուղապետն ընդամենը մի քանի որոշում է կայացրել, որոնցից մեկը գյուղի մշակույթի տնից գույք դուրսգրելու մասին է: Արտաշես Սաֆարյանի որոշմամբ՝ համայնքի բալանսից դուրս են գրվել մշակույթի տան նատյուրմորտ ստենդը, բեմի առաջին վարագույրը, «բեմի հետեւի նկարը» եւ… կուլիսները:
Համայնքի ավագանին էլ, օրինակ, 2016 թվականի մայիսի 12-ին դիմել է Վերջին օրերի սրբերի եկեղեցուն՝ համայնքի խմելաջրի արտաքին ջրագիծը փոխելու խնդրանքով:
Համայնքը 2015 թվականին 100 տոկոսով կատարել է պարգեւատրումների պլանը եւ ամբողջությամբ ծախսել պարգեւատրումների 570 հազար դրամի ֆոնդը:
Նոյակերտի ավագանին դեկտեմբերի 10-ին հաստատել է 2017 թվականի դրույքաչափերն ու աշխատավարձերը: Հաստիքացուցակում կարդում ենք, որ մանկապարտեզում, բացի տնտեսվարի հաստիքը, կա նաեւ «օժանդակ բանվորի» հաստիք՝ 120 հազար դրամ աշխատավարձով:
Ընդ որում՝ մանկապարտեզի տնօրենի աշխատավարձը 139 հազար դրամ է:
Նուռնուսի գյուղապետի որոշումները Կոտայքի մարզպետարանի կայքից բացակայում են:
Մեկնաբանել