HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Angie». ռոքի հրեշտակային անվամբ առեղծվածային ուրվականը

Նաիրա Հայրապետյան

1973թ. օգոստոսին լույս տեսավ լեգենդար «The Rolling Stones» խմբի «Goats Head Soup» խորագրով ալբոմը: 10 ստեղծագործություն պարունակող այս ալբոմում ընգրկված էր մի գեղեցիկ բալլադ, որը դարձավ ոչ միայն այս շարքի շլացուցիչ փայլն ու առաջնորդ սինգլը, այլև ռոուլինգսթոնսյան ողջ լեգենդար ուղու անբաժան, ամենահայտնի և ամենասիրված ուղեկիցը:

«Angie». շատ-շատերի սիրելի բալլադներից մեկն է այս «Էնջին»՝ երևակայական դիցուհու թափանցիկությամբ, աներևեւյթ գեղեցկության ու նրա հանդեպ մեծ սիրո զգացողությամբ: Մի խոսքով՝ այնպիսին, ինչպիսին կարող է պատկերացնել ունկնդիրը մեղեդու առաջին իսկ նոտաներից հետո: Բայց այս ամենը պատկերվում է բաժանման, ափսոսանքի տխուր տրամադրության մեջ: Շատ մելամաղձոտ ու գերզգացմունքային մի պատմության երաժշտական հյուսք, որն, անկասկած, ավարտվող սիրավեպի հրաժեշտի խոսք է՝ մերթ ընկրկող, մերթ վստահ կեցվածքով: «Angie»-ն խմբի պատմության մեջ բոլորովին տարբեր մի երևույթ էր. մինչ այդ առավել բարդ, աղմկոտ, ագրեսիվ երաժշտությամբ հայտնի «The Rolling Stones»-ը հանկարծ սկսեց հնչել հանդարտ, նուրբ, չափազանց զգացմունքային կատարմամբ: Այստեղ անգամ սկանդալային Միք Ջագերն է հեզ, զգայուն ու խաղաղ: Երգը նրանց ակուստիկ գործերից է, որոնց թիվը շատ քիչ է  «The Rolling Stones»-ի կյանքում:

Երբ նույն ամսում թողարկվեց երգի սինգլը, սրընթաց հաջողությամբ մխրճվեց «Billboard Hot 100»- ում և հոկտեմբերին արդեն գրավեց 1-ին տեղը: Աշխարհի մի շարք երկրներում այն շաբաթներ շարունակ երաժշտական առաջատար հորիզոնականներում էր՝ հատելով անգամ կանադական ու ավստրալիական սահմանները (5 շաբաթ շարունակ 1-ին տեղում): Բրիտանական սինգլների շարքում «Angie»-ն 5-րդ տեղում էր: Այն վերածվեց համաշխարհային հիթի, որն, ի դեպ, միակ բալլադն էր խմբի պատմության մեջ, որը ամերիկյան հորիզոնականում գրավեց 1-ին տեղը: «Angie»-ն դարձավ նրանց անբաժանելի ուղեկիցը բոլոր համերգների և շրջագայությունների ժամանակ:

«… With no loving in our souls and no money in our coats

You can’t say we’re satisfied

But Angie, Angie, they can’t say we never tried

Angie, you’re beautiful, but ain’t it time we said goodbye?»…

Իսկ ո՞վ էր Էնջին. երգ-պատմության իրական հերոսուհի, թե՞ խորհրդանշականորեն ընտրված անուն, որը գեղեցիկ պատմության մեջ վիճարկելի ու կնճռոտ խնդիր դարձավ:

«Մարդիկ սկսեցին խոսել, թե երգը Դեյվիդ Բոուիի կնոջ մասին է,- ասել է Ջագերը հարցազրույցներից մեկում,- այնինչ, իրականում, այս անվանումը Քիթի մտահղացումն էր: Նա առաջարկեց «Էնջի» անունը, ես էլ մտածեցի, որ դա կապված է նրա նորածին դստեր հետ՝ Անջելայի: Հետո ես գրեցի մնացածը»:

«Angie» երգի հեղինակներն են Միք Ջագերը և Քիթ Ռիչարդսը: Տեքստի և երաժշտության մեծ մասը գրել է Ռիչարդսը: Լեգենդար այս խմբի պատմության մեջ ամենազգայուն և ամենամեղմ բալլադը մինչ օրս էլ քննարկման նյութ է մնում իր վերնագրի պատճառով: Գունագեղ, դեսից դենից պեղված նախապատմությունները միշտ էլ մեծ հետաքրքրություն են վայելել, սակայն «Angie»-ն այն դեպքերից է, որի փայլն ու գեղեցկությունը ոչ մի դեպքում դրանցից չի խամրել: Սակայն մյուս կողմից էլ երգը, չորս տասնամյակ անց, դեռևս քննարկելի է գլխավորապես այն պատճառով, որ նրա հետ անմիջականորեն կապ ունեցող երաժիշտների մեկնաբանությունները ծայրահեղ տարբեր են և իրարամերժ:

Իսկ այս տարբեր պատասխանների հիման վրա ձևավորված եզրահանգումներում այդ երազային ու միևնույն ժամանակ իրական գեղեցկուհին մերթ Անջելա Բոուին էր` Դ. Բոուիի առաջին կինը, մերթ դերասանուհի Էնջի Դիքինսընը, մերթ ինքը՝ Բոուին, մերթ Ռիչարդսի կինը՝ Անիտա Փալենբերգը և ուրիշներ: Շրջանառության մեջ դրվեց անգամ «Էնջին» որպես հերոինի կեղծանուն տարբերակը՝ մեջբերելով այն փաստը, որ Ռիչարդսը այդ ընթացքում Շվեյցարիայի կլինիկաներից մեկում բուժվում էր թմրադեղերի կախվածությունից: Եվ այս շարքում է, վերջապես, նրանց նորածին փոքրիկը՝ Էնջին: Իհարկե, սիրո ու  հրաժեշտի այդ պատմության մեջ իրականում անհնար էր խառնել փոքրիկ հրեշտակի կերպարը: Նրա անունն ուղղակի ընտրվեց այդ պահին, քանի որ նրա գոյությունը այդ փուլում ոչ միայն ներշնչում, այլև հոգեպես մաքրում ու առողջացնում էր նրա երաժիշտ-երգահան հայրիկին:

Ռիչարդսը մի քանի անգամ անդրադարձել է այս թեմային: «Rolling Stone» ամսագրի անդրադարձերից մեկում նշվում է, որ երգը գրելիս Ռիչարդսը ընտրեց այդ անունը, քանի որ այն պարզապես շատ սիրուն կպավ և՛ տեքստին, և՛ երաժշտությանը: Այդքան բան, մինչդեռ այն բազմաթիվ շահարկումների առիթ դարձավ: «Ես նույնիսկ չգիտեի, որ աղջկաս անունը Էնջի էր լինելու,- ասել է երաժիշտը,- երբեմն դու որևէ խայծ, արտահայտություն կամ մի բառ, մի անուն, կամ ինչ-որ բան ես գտնում, որը գուցե այնքան էլ մտադիր չլինես պահել… դա ընդամենը աշխատանքային վերնագիր էր, որոնք երբեմն մտքումդ կարող են հայտնվել ցանկացած առիթով: Օրինակ՝ ինչ-որ մեկի կատարման այս կամ այն ձևը կարող է քեզ մեկ այլ բառ ներշնչել, այնպիսի մի արտահայտություն, որ երբևէ մտքովդ չի անցել: Ուզում եմ ասել, որ երգերը ծնվում են տարբեր ճանապարհներով … » ( նայել նաև՝ «50 Licks: Myths and Stories from Half a Century of the Rolling Stones», էջ 167):

Մեկ այլ առիթով նույն Քիթ Ռիչարդսը մեկնաբանում է. «Երգի հիմնական մեղեդին և վերնագիրը ես եմ գրել… այդ ժամանակ նոր էր ծնվել աղջիկս՝ Անջելան, ում անունը զրնգում էր ողջ տնով»: Նա ասում է, որ այդ օրերին նա անընդհատ արտաբերում ու լսում էր՝ «Էնջի, Էնջի, Էնջի»: Սակայն, ինչ վերաբերում է երգին, ««Էնջի» անունը պարզապես հարմարվեց տեքստին, նկատի ունեմ՝ հնարավոր չէր այդտեղ երգել «Մոուրին» կամ «Օհ, Դայանա»»:

Բրիտանական մեկ այլ հեղինակավոր ամսագրի՝ «NME»-ի կարծիքով՝ «Թեև խոսում են, թե երգը Էնջի Բոուիի անվան հետ է կապված, բայց իրականում այն ստեղծվել է անգլիացի դերասանուհի և երգչուհի Մարիեն Ֆեյթֆուլից ներշնչված, Ջագերի հետ նրանց հարաբերությունների խզումից հետո»:

Իր ինքնակենսագրականում Ք. Ռիչարդսը, սակայն, դիմում է նաև ենթադրությունների թեժ շարքի ամենատարօրինակ «թեկնածուին»՝ հերոինային կեղծանունին: Ավելի ճիշտ՝ նա նշել է, որ այդ ամենն իրականում այլ իմաստ է ունեցել. երգը ոչ թե սիրած էակին, կոնկրետ անձին, այլ թմրադեղերին հրաժեշտ տալու մասին էր:

Չգիտեմ ինչու, ես հավատում եմ հենց այս տարբերակին: Իսկ փոքրիկ Էնջին այս պատմության մեջ երաժշտի հոգեկան ու մտավոր անհավասար պայքարում, իսկապես լույս է եղել իր ծնունդով և հրեշտակային առաքելությամբ: Նրա ներկայությունն ու տան բոլոր անկյուններում զրնգացող անունը, հնարավոր է, որ իսկապես օգնել են (գոնե այդ փուլում) հաղթահարել երաժշտի հոգեկան, առողջական դժվարություններն ու իմաստավորվել հարատև այդ երգում:

«Angie»-ի ունկնդիրներից ամեն մեկը կարող է ունենալ իր տարբերակը, որովհետև այդպես են ուզել նաև երգի հեղինակները (համենայն դեպս, այդ մասին ասում են նրանց իրարամերժ վկայությունները): Թե իրականում ինչ կամ ով կա թաքնված այդ հրեշտակակերպ անվան հետևում, առայժմ դժվար է վստահ ասել: Հնարավոր է՝ իրական նախատիպ բոլորովին էլ գոյություն չի ունեցել, պարզապես 70-ականների բոհեմը, որը լի էր բազմազան պատմություններով և անսովոր կենսակերպով, քննարկելու, երևակայություններ գունավորելու մեծ հնարավորություններ ունի: Իսկ ընդհանրապես, ցանկացած քողարկում կամ առեղծվածային թեթև շղարշ, երևույթն ավելի հարուստ ու հետաքրքիր է դարձնում:

Երգը շուտով 44 տարեկան կդառնա և աշխարհի հին ու նոր երգերի հսկա զանգվածը ոչ մի կերպ չի կարողացել ճնշել նրա երկարակեցությանը: Նա ոչ միայն աղմկոտ ու սկանդալային այս խմբի ամենատարբեր, ամենանուրբ ու զգայուն, այլև բազմաժանր երաժշտության պատմության մեջ ամենասիրված երգերից մեկն է մնում: Վստահ եմ՝ անկեղծությունից ծնված երաժշտություն լինելու համար: Ասում են, որ «Angie»-ի թողարկումից հետո, 1973-1975թթ. ընթացքում ծնված աղջիկների մեծ մասը Էնջի են կոչվել հենց այս երգի ազդեցությամբ:

Գլխավոր լուսանկարը՝ Մայքլ Օքսի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter