HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թող մի մեծ փոս փորեն, էս շենքի ժողովրդին լցնեն, հողն էլ լցնեն վերևից»,- ասում է անտեսված հանրակացարանի բնակիչը

«Դուք եկել եք կորած կղզիներ, մեր մասին ֆիլմ էլ են նկարել»,- ասում են Արցախի 4-րդ նրբանցքի 10-րդ շենքի բնակիչները (տարածքը հայտնի է որպես ՏԷՑ-ի հանրակացարան): 1958-ին կառուցված հանրակացարանի շենքում այսօր բնակվում է մոտ 75 ընտանիք (շուրջ 250 բնակիչ), որոնցից 13-ը փախստականներ են: Շենքը 4-րդ կարգի վթարային է: Մեկ տարվա ընթացքում քարերը սկսել են ինտենսիվ ձևով թափվել, անձրևաջրերը լցվում են սենյակներ, խոնավությունից էլեկտրական հոսանքը վտանգավոր է դառնում: Հանրակացարանի բնակիչները տանն ինչքան թաս, տարա ունեն, շարել են սենյակներում:

Շենքի կոյուղին ամիսներ առաջ խաթարվել է: Հանրակացարանի հետնաբակում կոյուղաջրերը հոսում են ձյան հաստ շերտի միջով: Շուրջը շները շատ են, դուռ չունեցող շենքում ազատ ելումուտ են անում, ամռանն էլ օձերն ու առնետներն են շատանում: Բնակիչները պատմում են, որ անցած տարի քաղաքապետարանից եկել էին կոյուղին սարքելու, բայց աշխատանքը կիսատ թողել, հեռացել են, քանի որ շենքից անընդհատ քարեր էին թափվում ներքև: Վերջիններս չեն մեղադրում աշխատակիցներին, ասում են՝ հո մի կոյուղու պատճառով չէ՞ին վտանգելու իրենց կյանքը:

Հանրակացարանի նկուղում աղբն ու ջուրը խառնվել են, պլաստմասսայե դատարկ շշերով է լցված նկուղը, ջուրն անընդհատ հոսում է: Առաջին հարկի հարևանների տուն ենք մտնում, գորգերն են բարձրացնում, թե տեսեք, ջուրը ոնց է գնում հատակով: Էլեկտրատեխնիկան չի դիմանում, խոնավությունից հեռուստացույցները հաճախ են փչանում:

Աստիճաններով բարձրանում ենք 4-րդ հարկ: Առաջին հարկի աստիճաններին բազրիք չկա, աստիճանների որոշ քարեր շարժվում են: Բնակիչներից մեկը պատմեց, որ շենքի զորացրված տղաներից մեկը այնպես էլ ընկել դրանցից, որ շտապօգնություն են կանչել, պատգարակով տարել հիվանդանոց:

Հանրակացարանի երկար, նեղ միջանցքներում լույսեր չեն վառվում, շենքում գազ չկա: Ընդհանուր զուգարաններն արդեն շարքից դուրս են եկել. դրանք առանց պատուհանի ու կիսավեր են, և բաց տեղերից ձյուն է լցվել ներս: Բնակիչներն ասում են, թե շենքում մարդիկ կան, որ ստիպված զուգարանում մեծ տաշտ են դնում, լողանում:

Անձրևաջրերից շենքը քայքայվում է

27-ամյա Մարիետա Հովհաննիսյանի հետ շրջում ենք շենքում: Նա 2 տարեկանից բնակվում է այստեղ: 3 անչափահաս երեխա ունի, տունը 1990-ականներին ավտոդողերի գործարանից ստացել է մայրը՝ Կարինե Հովհաննիսյանը: Միասին են ապրում:

Փոքր սեղանին դրված ջեռուցիչի մոտ է երեխաների հագուստն է: Երբ ներս մտանք, տիկին Կարինեն արագ հավաքեց դրանք, ասում է՝ ջեռուցիչը միայն սեղանին են դնում, երկար չեն կարող միացրած թողնել, որովհետև երբ պատերը չորանում են, սկսում են թափվել իրենց գլխին, առաստաղից էլ սկսում է ջուրը կաթկթալ: Ձմռանը զգեստապահարանում հագուստը խոնավ է, իսկ անձրևային եղանակներին ընդհանրապես թացանում է: Մարիետան ասում է, որ զգեստապահարանից վերցրած շորը «պլիտայի» մոտ են դնում, չորացնում, հետո հագնում:

Նախորդ տարվա հունվարի 8-ի լուսադեմին, տիկին Կարինեն է հիշում, ջրախառը ծեփանը թափվել էր իր ու թոռնիկի վրա: Դեպքի մասին տեղյակ են պահել քաղաքապետարանին, հայտնել են, որ շենքում ապրել արդեն հնարավոր չէ: Մարիետան ասում է, որ քաղաքապետարանից պատասխանել են, թե բնակիչներին չեն խնդրել, որ վերաբնակեցնեն շենքը: Այստեղ մի շարք ընտանիքներ բնակվում են 1990-ական թվականներից: Թաղապետարանից էլ պատասխանել են՝ գնացեք վարձով ապրեք:

Խոնավությունը «թափառական» է դարձնում բնակիչներին

Ալվարդ Ավետյանն այս շենքում բնակվում է 1997-ից, նա ևս սենյակը ստացել է ավտոդողերի գործարանում աշխատելու տարիներին: Սենյակի դուռն է բացում: Մահճակալից անկողինը վերցրել է, ծալել, դրել մի կողմում ու ծածկել ցելոֆաններով: Մահճակալի վրա գույնզգույն տարաներ է շարել: Ասում է՝ ինչ աման գտել է, դրել է սենյակում, որովհետև առաստաղից անընդհատ ջուր է կաթում:

Սենյակն անշունչ է դարձել: Ըստ Ալվարդի՝ այդտեղ ապրել չի կարող, գիշերում է բարեկամների ու հարևաների տանը:

Գալինա Միքայելյանը վրդովված է, հետո հուզվում է: Արդեն մի քանի ամիս այլևս չի կարողանում ապրել իր երկու սենյակում. միջանցքի ծայրում գտնվող հարևաննի տանն է մնում:

Գույքն արդեն փչացել է խոնավությունից, զգեստապահարանի դռները չեն փակվում, հագուստը պիտանի չէ հագնելու համար: Տիկին Գալինան 1990-ականներին է եկել Բաքվից: Նա ևս տունը ստացել է գործարանում աշխատելու տարիներին:

«Նայեք, էս մարդն էլ հիմա պահակ ա աշխատում, բայց տունն ի՞նչ վիճակում ա: Որտեղ պահակություն ա անում, էդտեղ էլ մնում ա, էս սենյակում հնարավո՞ր ա ապրել»,- մեկ այլ սենյակի դուռ բացելով՝ ցույց են տալիս հարևանները: Տարբեր հարթակներից հավաքվում են շենքի բնակիչները: Ասում են՝ ում տուն էլ մտնեք, նույն վիճակն է: Ընտանիքներ կան, որ վերանորոգել են տները, բայց ապարդյուն:

«Գնացեք վրան խփեք, ապրեք»,- ասել է փոխքաղաքապետը

Մենք վերադառնում ենք Մարիետայենց սենյակ: Այստեղ նա պահարանից հանում է երկու տոպրակ փաստաթուղթ: «Դեռ այդքանն էլ պահարանում է»,- նկատում է նա: Ասում է, որ 2007-2009 թթ. շենքը եղել է 4-րդ կարգի վթարային՝ վերաբնակեցման ենթակա: 2009-ին դասվել է 3-րդ կարգի, իսկ նախորդ տարի կրկին 4-րդ կարգի վթարային համարվել:

Մարիետա Հովհաննիսյանը նշում է, որ շենքը պիտի քանդեին, իրենց էլ վերաբնակեցնեին, բայց իրենց հասցեի տակ գեղարվեստի թիվ 5 ուսումնարանի շենքն են անցկացրել, այդ շենքի բնակիչներին տներ տվել: Մարիետան ասում է, որ ուսումնարանի շենքում մարդիկ 2005-ից են սկսել բնակվել, մինչ այդ ապրող չկար:

«Ասացինք՝ կարո՞ղ եք փաստաթուղթ ցույց տալ (բնակիչները քաղաքապետարան էին դիմել նախորդ տարի- հեղ.), որ դա 10-րդ շենքն է, ասացին՝ գրավոր ներկայացրեք, կտրամադրենք և՛ սեյսմիկի, և՛ հասցեի թուղթը, պահանջեցի այդ թուղթը, նախորդ տարի դեկտեմբերի 5-ին պատասխանել էին, որ այդ շենքի վերաբերյալ փաստաթուղթ չունեն»,- մանրամասնում է բնակչուհին:

Նախորդ ամռանը բնակիչները հանդիպել էին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին: «Մեզ ասաց՝ գնացեք վրան խփեք, ապրեք: Ասաց՝ դուք լսել եք, որ մենք տուն ենք բաժանում, սկսել եք քանդել շենքը: Ես էլ ասացի՝ օրինակ, ես ինչքա՞ն հիմա պիտի լինեմ, որ իմ մայրն ու բալիկը քնած, առաստաղից պոկեմ, լցնեմ իրենց վրա: Ասացի՝ թող համապատասխան մարմինները գան, ստուգեն»,- ասում է Մարիետան:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ նախորդ տարվա փետրվարի 10-ի պատասխանի մեջ ասվում է. «Հաշվի առնելով, որ Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10 շենքի վնասվածության մակարդակը դասվել է 4-րդ աստիճանի, Երևանի քաղաքապետարանի կողմից առաջիկայում կկազմակերպվեն շենքի բնակիչների հաշվառման և գույքագրման աշխատանքներ»:

Սակայն մինչ օրս էական փոփոխություն չի կատարվել շենքի բնակիչների համար: Նրանք նախորդ տարի դիմել են նաև վարչապետ Կարեն Կարապետյանին:

Առանց բնակիչների գիտության՝ սեփականաշնորհել են նրանց սենյակները

Միայնակ ապրող Էլեոնորա Օգանովան մեր զրույցի ընթացքում անընդատ լացում էր: 90-ականներին ամուսնու հետ փախել է Բաքվից ու գրող Վարդգես Պետրոսյանի միջոցով ձեռք բերել հանրակացարանի այս սենյակը:

«Հարոյանը («Դողագործ» ՓԲԸ-ի (անվադողերի գործարանի) արհմիության նախագահ Հարություն Հարոյանի մասին է խոսքը- հեղ.) սեփականացրել է իմ տունը, մարդ է ուղարկել, եկել ասել են ինձ: Ասել ա՝ շենքն իմն ա, ինչ կուզեմ կանեմ»,- պատմում է 83-ամյա բնակչուհին: Մեկ տարի առաջ կնոջը տեղեկացրել են, որ սենյակի սեփականատերը Մանուշակ Գալստյանն է, ում տիկին Էլեոնորան երբեք չի տեսել ու չի ճանաչում: Դատարան էր դիմել, բայց, ինչպես նշում է, իր օգտին չի կայացվել վճիռը:

Շենքի բնակիչների ասելով՝ ընտանիքներից մի քանիսը նմանատիպ իրավիճակում են հայտնվել. սենյակը սեփականացրել են առանց իրենց գիտության: Դրա համար, սակայն, որևէ մեկը պատասխանատվություն չի կրել: Ընդ որում՝ այստեղ ապրողներից ոչ բոլորն են, որ ունեն սենյակների սեփականության վկայական:

Փլուզվող շենքի անորոշ ճակատագիրը

Թագուհի Ենգիբարյանը 28 տարի է՝ այս շենքում է բնակվում: Անվադողերի գործարանում աշխատելու տարիներին է ստացել տունը: «Հավատացեք, մենք սթրեսի մեջ ենք ապրում, անընդհատ փլվում ա շենքը, մենք էլ մարդ ենք, էստեղ էրեխեք կան, ծերեր կան, ինվալիդներ կան: Էսպես չենք կարող»,- նշում է տիկին Թագուհին, ապա ավելացնում, որ վերջին 9 ամսվա ընթացքում շենքը 10 սմ-ով նստել է:

«Սերժ Սարգսյանը, վարչապետը, մյուսները շատ լավ Նոր տարի արեցին, լավ տարի լինի իրենց համար, բայց թող մեզ էլ թողնեն շնչենք, մեր էրեխեքին էստեղից բանակ են տանում, էստեղ զոհվածներ ունենք: Էստեղ գիտե՞ս, թե ինչքան էրեխա կա, որ թերի ա, բանակ չեն կարողացել գնալ, իրիկունները որ գաք նկարեք, կտեսնեք ինչ ծուխ ու մուխ ա էդ «Մաքուր երկաթից» (նկատի ունի նույնանուն գործարանը- հեղ.), որը որ պատկանում ա հենց մեր ղեկավարներին, իրենց հեչ պետք չի, որ էդ ծուխը մենք ենք շնչում, մենք ենք հիվանդանում: Չեն թողնո՞ւմ ապրենք, թող ուրեմն միանգամից մի մեծ փոս փորեն, էս շենքի ժողովրդին լցնեն, հողն էլ լցնեն վերևից: Ճար չունենք»,- ասում է բնակչուհին:

Հ.Գ. Առաջիկայում կանդրադառնանք Երևանի քաղաքապետարանի դիրքորոշմանը:

ԼուսանկարներՆ ու տեսանյութը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (1)

Լուսիկ
Շատ մեծահոգի կին է վերջի արտահայտվոջը: Ես չլինելով չար մարդ չեմ կարող բարի մաղթանքով դիմել Ս.Սարգսյանին, նրա վարչապետներին և այլն: Նման խայտառակ վիճակը համատարած է՝куда не кинь - клин. Տարիներով արդարանալ, որ փող չկա ժողովրդի համար, բայց գտնել փող սեփական ճոխ ապրելակեպի համար՝ ի՞նչ գնահատական տալ սրան, ո՞նց վերաբերվել այդ մարդկանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter