HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2016-ին ԱՊՊԱ-ի վնասաբերության ցուցանիշն աճել է

2016 թվականին Հայաստանում ԱՊՊԱ ոլորտի  վնասաբերության ցուցանիշը կազմել է մոտ 55.3%, ինչը 2015 թվականի համեմատությամբ աճել է մոտ 2.3 տոկոսային կետով։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից։ 

Վնասաբերության ցուցանիշը ցույց է տալիս հաճախորդներին տրված փոխհատուցումների կշիռը հավաքագրված ապահովագրական վճարների կազմում: Ինչպես նաև՝ դրա հաշվարկում Ավտոապահովագրողների բյուրոն հաշվի է առնում նաև այլ ցուցանիշներ։ Համակարգի վնասաբերության ցուցանիշը համարվում է թույլատրելի մակարդակում, եթե այն չի գերազանցում 75-78%-ը։ 

Սա նշանակում է, որ չնայած գրանցված աճին՝ նախորդ տարի ապահովագրական ընկերությունների վնասաբերության ցուցանիշը թույլատրելի մակարդակում է եղել։ ԱՊՊԱ համակարգում վնասաբերության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2013  թվականին՝ հասնելով   77%-ի։ Այդ տարի ապահովագրական ընկերությունների մեծ մասը տարի վնասով փակեց։

 Ըստ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալների

 Ինչ ցուցանիշներով են տարին փակել ապահովագրական ընկերությունները 2016-ին, դեռևս հայտնի չէ, քանի որ ընկերությունների չորրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները հրապարակված չեն։ Սակայն երրորդ եռամյսակի տվյալներից կարելի է ենթադրել, որ տարին շուկայի համար ընդհանուր առմամբ բարենպաստ է եղել։

 Մեկ տարում ապահովագրված մեքենաների քանակը ավելի քան 10 հազարով աճել է 

Ըստ Բյուրոյի՝ 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 468 171։ Ընդ որում՝ դրանցից 27%-ն ապահովագրված է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության կողմից։ Սա ընդհանուր կազմում ամենամեծ կշիռն է։ Իսկ ամենափոքր կշիռը բաժին է հասել «Արմենիա Ինշուրանս»-ին՝ 7%։  «Ինգո Արմենիա»-ի կշիռը 21% է, «Նաիրի Ինշուրանս»-ինը՝ 19%, «Ռեսո»-ինը՝ 14%, իսկ «Սիլ Ինշուրանս»-ինը՝ 12%:

Ըստ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալների

2015-ի դեկտեմբերի վերջին գրանցված արդյունքների համեմատ՝ 2016-ի տերեվերջին ԱՊՊԱ պայմանագիր ունեցող մեքենաների քանակն աճել է 10 292-ով կամ  2.2%-ով։

Մասնավորապես, աճել է «Նաիրի Ինշուրանս»-ի (13 969-ով), «Ռեսո»-ի (8 049-ով), «Սիլ Ինշուրանս»-ի (2 809-ով) և   որոշ չափով էլ «Արմենիա Ինշուրանս»-ի (117-ով) կողմից ապահովագրված մեքենաների քանակը։ 

Փոխարենը նվազել է «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի կողմից ապահովագրված մեքենաների քանակը նվազել է՝ 13 809-ով և «Ինգո Արմենիա»-ի՝ 843-ով։ 

Հիշեցնենք, որ ապահովագրական ընկերությունների մասնաբաժինը Հայաստանի ֆինանսական համակարգում մեծ չէ։ Ըստ ՀՀ կենտրոնական բանկի՝ 2016թ. հունիսի վերջի դրությամբ Հայաստանում ֆինանսական համակարգի ակտիվների ընդամենը 1.1%-ն է բաժին հասել ապահովագրական շուկային: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter