Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Կուրսանտի սպանության գործով վկայի ցուցմունքը. «Հայկազ Բարսեղյանը չէր քայլում, նրան տանում էին, գլուխը կախ էր, գլխարկը՝ աչքերի վրա փակված»



Արաքս Մամուլյան

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտիուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով վկա Թելման Մխիթարյանն այսօր դատարանում հրաժարվեց ցուցմունք տալ և պատասխանել կողմերի հարցերին: Այս վկան կուրսանտի սպանության օրը ինստիտուտի մարտկոցում օրապահ է եղել:

Հիշեցնենք` խոսքը 2015-ի հունվարի 29-ին ինստիտուտում տեղի ունեցած սպանության մասին է: Այդ օրն առավոտյան Հայկազ Բարսեղյանը հայտնաբերվել է ինստիտուտի բակում՝ պտտաձողից կախված: Քրեական գործն ի սկզբանե հարուցվել է ոչ թե ինքնասպանության, այլ սպանության հոդվածով, և քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Վերջինս ինստիտուտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի` ինստիտուտի պետի սպառազինությունների գծով տեղակալ Զարմիկ Մարկոսյաի որդին է: Սպանության  դեպքից հետո Զարմիկ Մարկոսյանն աշխատանքից ազատվել է: Նրա նկատմամբ ևս քրեական գործ է հարուցվել՝ ինստիտուտում որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար:

Սպանության գործի նյութերի հիման վրա հարուցվել է մի քանի քրեական գործ ինչպես այլ կուրսանտների, այնպես էլ սպայական կազմի նկատմամբ: Դրանցից մեկով որպես ամբաստանյալ է անցում այսօրվա վկան՝ Թելման Մխիթարյանը: Վերջինս մեղադրվում է սահմանապահ ծառայություն իրականացնելու կանոնները խախտելու մեջ: Հաշվի առնելով, որ Մխիթարյանը, փաստորեն, սպանության գործին առնչվող և նույն դատարանի վարույթում քննվող մեկ այլ գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի՝ դատավոր Դավիթ Հարությունյանը նրան տեղեկացրեց ցուցմունք տալուց հրաժարվելու իր իրավունքի մասին, Մխիթարյանն էլ օգտվեց այդ իրավունքից:

Մեղադրող դատախազ Հայկ Հարոյանը միջնորդեց  դատարանում հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները, և չնայած պաշտպանական կողմի առարկություններին՝ դրանք հրապարակվեցին:

Իր տված ցուցմունքներում Մխիթարյանը պատմել է մի միջադեպի մասին, որը տեղի է ունեցել սպանության նախօրդ օրը:

Ըստ Մխիթարյանի ցուցմունքի՝ 2015-ի հունվարի 28-ին ինքը գտնվելիս է եղել ինստիտուտի ճաշարանում, երբ սեղաններից մեկի մոտից բարձր  ձայներ են լսվել: Սեղանի մոտ մի քանի այլ զինծառայողների հետ միասին նստած են եղել Հայկազ Բարսեղյանն ու այս քրեական գործի նյութերի հիման վրա հարուցված մեկ այլ քրեական գործով անցնող ամբաստանյալ Կարեն Բաղրամյանը, ով  մեղադրվում է Հայկազ Բարսեղյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ:

Ըստ սպանության գործի նյութերի՝ Կարեն Բաղրամյանի և Հայկազ Բարսեղյանի միջև  վիճաբանությունը սկսվել է այն բանից, որ Բարսեղյանը տգեղ ուտելու համար նկատողություն է արել Բաղրամյանին:

Վեճին միջամտելու են եկել հարևան սեղանի շուրջ նստած Մովսես Ազարյանն ու Վաչե Սահակյանը, որոնք, հիշեցնենք, մեղադրվում են Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ:

Թե ինչ խոսակցություն է տեղի ունեցել Հայկազ Բարսեղյանի և մյուս զինծառայողների միջև, Մխիթարյանին հայտնի չէ: Պատմում է միայն, որ վիճաբանությունից հետո զրուցել է  ճաշարանում Հայկազ Բարսեղյանի  սեղանի շուրջ նստած մեկ այլ կուրսանտի՝ Սամվել Սերոբյանի հետ, և վերջինս, նկատի ունենալով Հայկազին, ասել է՝ «տես, թե դրան իրիկունն ինչ ենք անելու»:

Ըստ վկայի ցուցմունքի՝ իր օրապահ կանգնելու ընթացքում ինստիտուտում որոշ կուրսանտներ անցուդարձ են արել, պարբերաբար մտել «կապտյորկա», ապա սենյակներ, կանգնել աստիճանների վրա, շշուկով ինչ- որ բան խոսել, և երբ ինքը այս գործողություններին մասնակից Վաչե Սահակյանից փորձել է ճշտել, թե ինչ են անում, վերջինս պատասխանել է, թե ամեն ինչ նորմալ է, ապա ասել, թե կապիտան Ավետիսյանը, ով օրվա հերթապահներից է եղել, տեղյակ է ամեն ինչից, սպառնացել, թե որևէ մեկը չպիտի որևէ բան իմանա, ապա խոստացել նրա հետ ավելի ուշ նորից խոսել:

Արդեն որոշ ժամանակ անց Մխիթարյանը տեսել է, որ գործով ամբաստանյալներ Վաչե Սահակյանը, Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանն ու Մովսես Ազարյանը սենյակներից մեկից դուրս են եկել՝ իրենց հետ թևանցուկ բերելով նաև Հայկազ Բարսեղյանին ու տարել մարտկոցից դուրս:

«Մի կողմից Վաչե Սահակյանն էր թևանցուկ արել, մյուսից՝ Գնել Թևոսյանը, իսկ Նորիկ Սահակյանն ու Մովսես Ազարյանը քայլում էին Վաչեի ու Գնելի ետևից: Հայկազ Բարսեղյանը չէր քայլում, նրան տանում էին, գլուխը կախ էր, գլխարկը՝ աչքերի վրա փակված»,- ցուցմունքում գրել է վկա Մխիթարյանը: Թե ով և երբ է ետ վերադարձել մարտկոց, օրապահը ուշադրություն չի դարձրել, չի հիշում:

Առավոտյան վերկացի ժամանակ արդեն պարզ է դարձել, որ Հայկազ Բարսեղյանը սենյակում չէ, իսկ մահճակալի վրա նրա արյունոտ բաճկոնն այնպես է դրված եղել, որ կարծես թե նա պառկած և ադիալով ծածկված է եղել:

Կարճ ժամանակ անց Բարսեղյանին գտել են պտտաձողի վրա կախված:

Գործի շրջանակներում Մխիթարյանն առերեսվել է նաև երկու ամբաստանյալի՝ Գնել Թևոսյանի ու Վաչե Սահակյանի հետ ու պնդել այն, ինչ գրել է նախկինում:

Պաշտպանական կողմն հայտարարեց, որ չնայած ակնհայտ հակասություններին՝ նախաքննական մարմինը հարկ չի համարել առերսումներ կատարել գործով անցնող մյուս ամբաստանյալների՝ Նորիկ Սահակյանի, Մովսես Ազարյանի և Մխիթարյանի միջև:

Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը դատարանին միջնորդեց անթույլատրելի ճանաչել Մխիթարյանի ցուցմունքները՝ պատճառաբանելով, որ դրանք ձեռք են բերվել օրենքի կոպիտ խախտմամբ:

Զաքարյանը նշեց, որ ըստ  «Քրեական դատավարության օրենսգրքի» «Հետաքննության, նախաքննության կամ նախորդ դատական քննության ընթացքում վկայի տված ցուցմունքների հրապարակումը, ինչպես նաեւ նրա ցուցմունքների ձայնագրառման վերարտադրումը դատական քննության ժամանակ թույլատրվում է, երբ վկան դատական նիստից բացակայում է այնպիսի պատճառներով, որոնք բացառում են նրա դատարան ներկայանալու հնարավորությունը, էական հակասություններ կան այդ ցուցմունքների եւ դատարանում վկայի տված ցուցմունքների միջև» և ասաց, որ չնայած վերը թվարկված պատճառների բացակայությանը՝ դատարանը հրապարակեց վկա Մխիթարյանի նախաքննական  ցուցմունքները:

Դատավոր Հարությունյանը  մերժեց միջնորդությունը: Այսօրվա նիստը հետաձգվեց:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. ընթերցող09:19 - 17 հունվարի, 2017
Ահավոր դեպք է եւ մեծ ամոթ նման ֆորմալ սպեկուլյացիաներն ու միտումնավոր ձգձգումները: Հանցանքը կատարվել է ոչ թե մութ անտառում այլ բազմաթիվ անձանց ներկայությամբ ու գիտությամբ - բայց, ինչի վրա զարմանաս կամ զայրանաս հիմա
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ