HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ըստ Ռազմիկ Զոհրաբյանի՝ իրենք ուզում են, որ Հայաստանի թափանցիկ, արդար ընտրությունները աշխարհը տեսնի

Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է երեկ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի նիստին և կողմ քվեարկվել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած 3 թեկնածությանն էլ: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստում որոշվել է ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել ներկայումս ԱԺ նախագահի պաշտոնակատար Սամվել Նիկոյանի, իսկ փոխնախագահի պաշտոնում՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը: ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնում հաստատվել է Գագիկ Մելիքյանի թեկնածությունը:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ Ռազմիկ Զոհրաբյանն ասաց. «Այս ընտրությունները բավականին ծավալուն են լինելու և բավականին թափանցիկ: Ինչի եմ ասում՝ թափանցիկ, որովհետև ամեն անգամ էլ ասում ենք թափանցիկ, հետո սկսում ենք քննադատության տակ ընկնել: Այս ընտրություններին շատ ուշադիր հետևելու են և Եվրոպայից դիտորդներ, և Ռուսաստանից, և այլ երկրներից, և մենք պետք է ցուցադրենք թափանցիկ, արդար ընտրություններ»:

ՀՀԿ փոխնախագահի խոսքերով՝ «թափանցիկ, արդար ընտրություններ ցուցադրելու» համար պետք են կազմակերպչական աշխատանքներ, և Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել, որպեսզի լրիվ ազատ լինի և զբաղվի ՀՀԿ նախընտրական շտաբի աշխատանքներով:

«Շատ կարևոր է՝ շտաբի պետը ով է: Հովիկ Աբրահամյանը ունի մեծ փորձ: Գիտեք, որ նախորդ ընտրություններում մենք հաղթանակել ենք, նաև Հովիկ Աբրահամյանը որպես շտաբի պետ իր մեծ լուման ուներ, չէ՞: Եվ բնականաբար, հենց դրա համար էլ ինքը առաջադրվեց բարձր պաշտոնի»,- ասաց Ռազմիկ Զոհրաբյանը:

Նրա կարծիքով՝ Հովիկ Աբրահամյանն ամեն ուժ ներդնելու է, որպեսզի «Հանրապետականը հաղթանակի»:

Ըստ օրենքի՝ ՀՀԿ նախընտրական շտաբը դեռևս պաշտոնապես չի կարող գործել, բայց, Ռազմիկ Զոհրաբյանի խոսքերով, «կազմակերպչական, ձևավորման խնդիրները» արդեն կատարվում են:

«Դա միշտ էլ արվել է: Բոլոր կուսակցություններն էլ ընտրությունից ընտրություն անընդհատ էդ պրոցեսի մեջ են, բայց քանի որ մոտենում են ընտրությունները, արդեն մենք կոնկրետ ուզում ենք էդ աշխատանքները տանել նախօրոք, որպեսզի այդ թափանցիկ, արդար ընտրությունները աշխարհը տեսնի, որ Հայաստանում ով շատ ձայն տարավ, ով քիչ»,- ասաց Ռազմիկ Զոհրաբյանը:

Լրագրողներից մեկն ասաց, որ շատ է խոսվում օլիգարխ պատգամավորներից ազատվելու մասին, և հարցրեց, թե արդյոք փոխվելո՞ւ է ՀՀԿ-ի պատգամավորական կազմը: Ռազմիկ Զոհրաբյանի խոսքերով՝ ՀՀԿ համամասնական ցուցակում փոփոխություններ լինելու են:

Նոյեմբերի 9-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր. «Գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից»:

«Այս տարանջատումը մենք պետք է անենք, թե չէ կարող է մի քանի օլիգարխով ամբողջ պետության խնդիրները լուծեն»,- ասաց Ռազմիկ Զոհրաբյանը:

Նրա խոսքերով՝ քանի որ Հայաստանն անկախ է ընդամենը 20 տարի, մի առանձին գործարար կարող է ավելի մեծ գումար ունենալ, քան Հայաստանի բյուջեն է: Ուստի, եթե այդ գործարարը քաղաքական պաշտոն ունի, կարող է ազդել պետության քաղաքականության վրա՝ ելնելով իր անձնական շահերից:

«Քանի որ պատգամավորի պաշտոնը նույնպես քաղաքական պաշտոն է, բնականաբար, չեմ ասում, որ չի լինի գործարար համամասնական ցուցակով, բայց մինիմումի կհասցնենք: Իսկ մեծամասնական տարածքներում Հայաստանի ցանկացած քաղաքացի, լինի դա գործարար, շինարար կամ բժիշկ, իրավունք ունի առաջադրվելու, և եթե հասարակությունը, ժողովուրդը իրեն քվե է տալիս (կարևոր չի՝ ինչ պատճառներով են քվե տալիս. մեկը օգնություն է տալիս, մեկը տանիքն է վերանորոգում, կամ երեխայի ուսման վարձերն է ապահովում), ամեն դեպքում հասարակությունն է որոշում: Եթե դու ընտրում ես այդ անձնավորությանը, բարի եղիր 5 տարի էնտեղ տեսնել իրեն»,- ասաց Ռազմիկ Զոհրաբյանը:

Նրա խոսքերով՝ եթե քաղաքացին չի ընտրում մեծամասնական ցուցակով առաջադրված տվյալ թեկնածուին, ապա նրան չի տեսնի խորհրդարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter