HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական մարմինն առաջադրված մեղադրանքները Կարո Եղնուկյանին չի բացատրել

Ամալյա Մարգարյան

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր «Հիմնադիր խորհրդարնի» անդամ Կարո Եղնուկյանի բողոքի գործը։ Եղնուկյանը բողոք է ներկայացրել դատարան, ըստ որի՝ իրեն առաջադրված մեղադրանքը պարզ չի եղել, իսկ քննիչը չի փորձել այն հստակեցնել։

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվել է  պատանդներին պահելուն օժանդակելու (Քրեական օրենսգրքի 38-218 հոդված) ու զավթած շենքները և շինությունները պահելուն օժանդակելու (Քրեական օրենսգրքի 38-219 հոդված) մեջ: Չորս ամիս անց մեղադրանքը փոխվել է։

Այսօր դատական նիստի ժամանակ, Եղնուկյանի պաշտպան փաստաբան Տիգրան Հայրապետյանը ևս մեկ անգամ նշեց, որ իր պաշտպանյալը, լինելով «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ճանաչել և սերտ կապի մեջ է գտնվել խմբի անդամների հետ, ովքեր մասնակցություն են ունեցել ՊՊԾ գնդի գրավմանը հետ, զավթումից հետո նրանց հետ հեռախոսային կապ է հաստատել։

Պաշտպանն ասաց, որ իրենց համար պարզ չի եղել՝ ինչի մեջ է մեղադրվում իր պաշտպանյալը․ «Եղնուկյանը քննիչին տված ցուցումունքի մեջ գրել է, որ առաջադրված մեղադրանքը պարզ չէ, պարզ չէ, թե ինչպիսի գործողություններ են մեղսագրվում իրեն»:

Մեղադրանքում նշված է եղել, որ Եղնուկյանը ձգտել է ապստամբների համար առանց գաղտնալսման ռադիոկապ ապահովել, փորձել է հասարակության մի խումբ տեղափոխել ՊՊԾ գնդի տարածք, խոչընդոտել է իրավապաշտպան մարմինների աշխատանքը․ «Բայց չեն ասել՝  ի՞նչ է արել, որ փորձել է ձգտել ռադիոկապի ապահովմանը․ գնացե՞լ է ռադիոկապի խանութ, փնտրե՞լ է գնորդին կամ ռադիկապը գտել է փորձել տեղափոխել գնդի տարածք»,-ասաց փաստաբանը։

Տիգրան Հայրապետյանը նշեց նաև, որ ձգտելը միայն բավարար չէ անձին մեղադրանք առաջադրելու համար, ապա նշեց, որ չի երևում, թե իր գործողություններով ինչպես է իր պաշտպանյալը օժանդակել ՊՊԾ գունդը գրավվածներին, իսկ եթե չի օգնել, ապա գործել է իրավապահ մարմինների օգտին։

Փաստաբանը նշեց նաեւ, որ պարզ չէ, թե ինչպե՞ս կարող է տեխնիկայի շարժի մասին Եղնուկյանի կատարված հարապարակումը խանգարել իրավապահ մարմիններին, և ինչպես կարող էր վերջինս պաշտպանվել, հակափաստարկներ բերել, եթե պարզ չի եղել առաջադրված մեղադրանքը։

«Քննիչը ոչ մի գործողություններ չի կատարել, բոլոր հարցերը մնացել են անպատասխան։ Մենք քննիչին խնդրում ենք բացատրել՝ ո՞րն է մեղսագրվող գործողությունների բնույթը, ինչի մեջ է մեղսագրվում, քննիչն ասում է, որ Քրեական դատավարության օրենսգրքում կա էդպիս նորմ, եւ որ մենք իրավունք ունենք ծանոթանալու քրեական գործի նյութերին՝ նախաքնության ավարտից հետո»,-հայտարարեց Հայրապետյանը։

«Հիմա մենք ծանոթացել ենք գործին, չկա որևէ նյութ այն մասին, թե ինչպես է Կարո Եղնուկյանի տարածած նյութն ազդել պատանդներ, շենք-շինություններ զավթած պահելուն կամ ինչպես է վիրավորել իրավապահ մարմիններին, խանգարել նրանց գործողություններին»,-նշեց պաշտպանը։

Դատարանի դահլիճում փաստաբանը և իր պաշտպանը նշեցին նաև, որ մեղադրանքի փոփոխությունից հետո ևս որևէ պարզաբանում չեղավ։

«Մեղադրանքը փոխվել է, որոշ հարցերին պատասխաններ եղան, բայց մեղադրանքն ամբողջությամբ փոխվեց․ մեղադրանք եղավ, որ Կարո Եղնուկյանն ինչ-որ անձի միջոցով է ազդել, այսինք ինքն իր գործողություններով ձգտել է և օժանդակել է 3-րդ անձին»:

Եղնուկյանն ասաց, որ միջնորդի դեր է կատարել, բայց այն անձն, ով անմիջապես կապ է հաստատել, չի մեղադրվում։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը բողոքը համարեց անհիմն և նշեց, որ մեղադրյալին տրվել են անհրաժեշտ նյութերը, մեղադրանքը պատշաճ ներկայացվել է, վարույթ իրականցվող մարմինը կատարել է անհրաժեշտ գործողությունները։  

«Դատել միայն Աստծուն է տրված, մարդկությունը չարաշահեց և որոշեց Աստծու ներկայացուցիչներ ունենալ, որոնք դատավորներն են։ Դատավորը փաստորեն Աստծո կամքն է կատարում։ Հետքրքիր է, որ հայերենում «Ա»-տառով սկսվող բառերը շատ դիպուկ են և հանգամանալից, օրինակ՝ ազատ, անկախ, անաչառ, անկողմնակալ, բայց Հայաստանում դատարաններն այս չափանիշներին չեն համապատասխանում»,- իր ելույթի մեջ ասաց Կարո Եղնուկյանը։

Այս գործով որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter